Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 37

խոստանալով, մի մասն էլ նրանց միացավ կամովին՝ անձնական հաշիվներ ունենալով ծովահենների հետ։ Գլուխ չորրորդ Սենատը՝ սենատ, բայց հանրապետության բոլոր կարևոր հարցերը քննվում էին հասարակական բաղնիքում։ Այստեղ ամփոփվում էին վերջին լուրերը, իրենց նոր գործերն ընթերցողներին էին ներկայացնում բանաստեղծներն ու իմաստասերները, հռետորները հմտանում էին ճարտասանության մեջ։ Քաղաքում ժամանցի վայրերի պակաս չէր զգացվում. առավոտից իրիկուն չէր դադարում ժխորը Ֆորումում, հետաքրքրասերներին օրական երկու անգամ ներկայացումների էին հրավիրում կրկեսները, գործում էին թատրոնները, ամսվա մեջ մի քանի անգամ ուրախ խաղեր էին անցկացվում Մարսյան դաշտում, այցելուների համար մինչև ուշ գիշեր բաց էին հազար ու մի մանր ու մեծ գինետներ, պանդոկներ ու խաղատներ։ Չնայած այս ամենին՝ մեծատոհմիկների սիրած վայրը կար և շարունակում էր մնալ հասարակական բաղնիքը։ Ճիշտ է, պատրիկները, ինչպես նաև քիչ թե շատ հարուստ պլեբեյներն իրենց ինսուլաներում ունեին սեփական լոգարան, բայց ոչ ոք առիթը չէր թողնում մեծ ճաշից առաջ գոնե մեկ ժամով բաղնիք այցելելու համար։ Այստեղ կարելի էր ոչ միայն ազատվել օրվա բերած հոգնածությունից, այլև զրուցել, վիճել, պարծենալ նոր-նոր գնած գեղամարմին ստրկուհով, որի հետ կենակցում էին կնոջից գաղտնի, կամ փսփսալ այլոց կանանց հետ ունեցած սիրային կապերի մասին։ Հասարակական բաղնիքն առավել սիրելի դարձավ բաղնեպան Սերգիուս Հորացիուսի նշանավոր նորամուծությունից հետո։ Մինչ այդ սրահները տաքացվում էին բրոնզե մեծ կաթսաների միջոցով, որոնք բավականին անհարմարություն էին ստեղծում այցելուների համար։ Հորացիուսը հեռացրեց կաթսաները, գետնահարկում կառուցեց ջեռուցարան, որտեղից շոգին, փակ օդուղիներով անցնելով ավազաների տակով և պատերի միջով, տաքացնում էր շենքը։ Յուրաքանչյուր նորընտիր կոնսուլ կամ էդիլ [24] իր պարտքն էր համարում սեփական միջոցներուվ ճոխացնել բաղնիքի ներքին տեսքը, լրացնել այն նոր ու հարմարավետ սրահներով։ Եթե տասնամյակներ առաջ բաղնիքն ուներ ընդամենը երկու-երեք անշուք սրահներ, ապա այժմ դրանց թիվն անցնում էր յոթից, և դրանք իրենց շքեղությամբ չէին զիջում Հռոմում ոչ մի կառույցի։ Առաջինը, ում հանդիպում էր բաղնիքի այցելուն, շեմքին կանգնած ծիրանեգույն զգեստով դռնապանն էր, որի պարտքն էր կողմնակի անձանց թույլ չտալ խանգարել քաղաքի հայրերի հանգիստը։ Անցնելով դռնապանի մոտով՝ այցելուն հայտնվում էր գմբեթակերպ տանիքով սպասասրահում, որից ընդարձակ միջանցքը տանում էր հանդերձարան։ Այստեղ պատանի ստրուկներն օգնում էին հանվել ու փաթաթվել անուշահոտություններով օծված բրդե ճերմակաթույր սրբիչների մեջ։ Հետո այցելուն հայտնվում էր ապոդիտերիումում. սա մի գեղեցկազարդ սրահ էր՝ մարմարե պատերով ու խճազարդ հատակով, ուր լոգանքից հետո ճեմում էին կիսամերկ քվիրիտները։ Ապոդիտերիումից երեք դռներ բացվում էին դեպի կալդորիում՝ տաք սրահ, ֆրիգիդարիում՝ սառը սրահ, և շոգարան։ Բաղնիքի ետնամասում կային նաև ճաշարան, գրադարան, մարմնամարզության և արևային լոգանքի սրահներ, օժանդակ այլ կառույցներ։ Սրահներից ամենամեծը կալդորիումն էր. այստեղ գոլ ավազանից զատ կային նաև օթյակներ՝ պառկելու համար, նստարաններ՝