Նա հասկանում էր, որ խելագարությունից իրեն կփրկեր կատարյալ
ինքնամոռացումը միայն։
Գերության երեսուներորդ օրը, երբ ծովահենները սովորականի նման խնջույքի էին
նստած, անսպասելիորեն բացվեց նավասենյակի դուռն, ու շեմքին հայտնվեց գերյալ
հռոմեացին։ Ծովահենները դադարեցին աղմկել՝ սպասելով, թե ինչ է ասելու նա։
Հայացքը սահեցնելով հարբած ավազակների ու կիսամերկ կանանց վրայով՝ Կեսարը
նկատեց անկյունում նստած կիթառահարին, որ գլուխը կախ, անվարժ ինչ-որ մեղեդի
էր ծնգծնգացնում։ Ոչինչ չասելով՝ Կեսարն իրեն ուղեկցող հարցական հայացքների
ներքո մոտեցավ նվագածուին և կիթառն առավ ձեռքը։ Աշխուժացած ծովահենները
մի կողմ քաշվեցին՝ տեղ բացելով նրա համար։ Գինի մատուցեցին նրան։ Նա մի շնչով
դատարկեց գավաթը, պահանջեց երկրորդը,— իսկ մեկ ամիս առաջ խորշում էր դրա
հոտից անգամ։ Հետո երգեց դաշնալուր ձայնով.
Երգի՛ր Մուսա՛, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայացոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխն ի վար
Եվ դին նրանց դարձրեց կեր թռչունների ու շների...
Մշտական թափառումներից ու զրկանքներից զատ կյանքում ուրիշ ոչինչ չտեսած
ավազակները նրան լսում էին բերանները բաց, ոչ ոք չէր շարժվում, ամենքը սսկվել
էին իրենց տեղում։ Երբ նա դադար տվեց, ամբոխը նրան ողջունեց աղմկոտ
ծափահարությամբ։ Նորից գինի հրամցրին, իսկ մի ծեր ծովահեն ասաց.
— Կարգին տղա ես, միացի՛ր մեզ, փող կունենաս, գեղանի կանայք, ազատություն,
ի՞նչ ես կորցրել Հռոմում։
Իսկ գինովցած հռոմեացին, ցուցամատով օդում ծուռումուռ շրջաններ գծելով,
պատասխանեց.
— Միանա՞լ։ Ես ձեզ բոլորիդ խաչելու եմ, ազատվեմ՝ դժոխքում էլ լինեք, կգտնեմ ու
ողջ-ողջ կխաչեմ։
Ծովահենները լիաթոք հռհռացին՝ կատակի տեղ ընդունելով նրա խոսքերը։
Գերության երեսունութերորդ օրը հորիզոնի վրա երևաց անառագաստ մի թիանավ...
Ափ իջնելով Հոնիայում, Գայոսը, մոռացած Հռոդոս մեկնելու մասին, առանց
ժամանակ կորցնելու՝ գնաց մերձակա Սմիռնայի քաղաքապետի մոտ և խնդրեց մի
քանի տրիրեմ տրամադրել իրեն։
Քաղաքապետը հյուծված ու հիվանդագին դեմքով, ոչ մի պաշտոն չունեցող
հռոմեացուն նայեց բարձրից, լսեց նրան բավականին անտարբեր, և միայն մեկ
անգամ նրա աչքերը փայլեցին անշեջ կրակով, երբ իմացավ, թե որքան գանձեր կան
ծովահենների մոտ։ Բայց մատը մատին չզարկեց ու գլուխն ազատեց՝ ասելով, թե
կզբաղվի այդ հարցով, երբ ժամանակ ունենա։
Գայոսը չհուսահատվեց։ Նրա բախտից էր՝ նավահանգստում պատահաբար
հանդիպեց իր մտերիմներից Կուրիոնին, որ արձակուրդն ստացել ու տուն էր
վերադառնում։ Նավատորմ ճարելու և զինվորներ հավաքագրելու հույսով երկուսով
ոտնատակ տվին ամբողջ ծովեզրը։ Նրանց հաջողվեց երեք առևտրական նավ վարձել
ու ծով հանել հարյուր հիսուն լեգեոններ՝ մի մասին առատ վարձատրություն