հաջողությունները կուղեկցեն իրեն և կհայտնվի փառքի գագաթնակետին ։ Կհայտնվի հանկարծակի, անսպասելի բոլորի համար ։
Որերորդ տարին նա ապրում էր հոգեմաշ այդ սպասումի մեջ, և երբեք հույսը չէր լքում նրան, երբեք չէր կորցնում հավատը գալիք հաջողությունների հանդեպ ։ Որքան զարմացավ, երբ ամուսնությունից հետո մայրը պատմեց իր ծննդյան օրը քրմերի արած գուշակությունների մասին ։ Իսկ նրանք հայտարարել էին, որ ինքը եթե չմեռնի քսան տարեկանում, նշանավոր մարդ է դառնալու ։ Նա ապշել էր զուգադիպություններից, չէ ՞ որ ինքը քսան տարեկան էր, երբ Սուլլան իրեն մտցրեց մահապարտների ցուցակի մեջ ։ Հապա նշանավոր մարդ դառնալու նրանց կանխագուշակությո ՞ ւնը ։ Մի ՞ թե այս ամենի մեջ առկա չէր նախախնամության շունչը ։
Որքան ծանր է, երբ դու, ողջ աշխարհի վրա միայն դու գիտես, որ քո մեջ նստած է ՀԱՆՃԱՐԸ, և քանի որ այն դեռևս չի դրսևորել իրեն ոչ մի ձևով, դու ամենքի համար ամենահասարակ երկոտանի ես, ամենասովորական մահկանացու ։ Որերորդ տարին նա մարմնի հետ կրում էր անասելի այդ ծանրությունը, անվերջ հուսալով, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կկատարվի հրաշքը, որին սպասել էր և որին այլևս անկարող էր սպասել ։ Եվ ահա, կարծես, գտել էր ուղին, որը ճանաչում կբերի իրեն ։ Ճիշտ է, դատավարությունները տանուլ տվեց, բայց բնատուր օժտվածությունն ու մտքի ճկունությունն արժանացան նրբանկատ հռոմեացիների ուշադրությանը. ինքը, որ այդ գործում տակավին սկսնակ էր և չէր հասցրել ոչ մեկից սովորել, միանգամից ճանաչվեց երկրորդ հռետորը քաղաքի ։ Տարիներ շարունակ փայփայած երազանքները, թվում էր, ուր որ է կիրականանային, թվում էր, կուսանի Մոլոնի մոտ, և ոչինչ այլևս չի կարող արգելք լինել իր ճանապարհին ։ Բայց ահա ինչ-որ փախստականների, անկիրթ ու բռի ծովահենների պատճառով ստիպված էր կատարելագործման գնալու փոխարեն օրորվել Փարմակուզայի ափամերձ ջրերում, և դեռ հարց էր ՝ կազատվե ՞ ր գերությունից, թե ՞ ստիպված կլիներ վերջ տալ կյանքին ։
Օրն ուրախ խրախճանքների մեջ անցկացնող ծովահենների վայրի գոռոցներն ու անպարկեշտ երգերը, հոնիացի գերյալ կանանց համար հարբած ծեծկռտուքները, մինչև լուսաբաց շարունակվող անսանձ օրգիաների ժխորն այլևս տանելի չէին նրա համար, և մի անգամ չհամբերելով հոխորտաց նրանց վրա ՝ պահանջելով իր խցի մոտից կորչել գրողի ծոցը ։ Ծովահենները, երկյուղելով ոչ այնքան նրա կատաղի տոնից, որքան նրա այլայլված ու գունատ արտաքինից, այլևս թրև չէին գալիս նրա լուսամուտի տակ ։ Բայց, միևնույն է, հոգեկան ծանր ապրումները, սպասումն ու ահագնացող ձանձրույթը նրան արդեն հանել էին հավասարակշռությունից ։ Գիշերները նրան հայտնվում էին մղձավանջային տեսիլներ ։ Նրան երևում էր, թե ինքը խաչում է ծովահեններին, իսկ սրանք տանջվելու փոխարեն քրքջում էին, քրքջում ինչ-որ դիվային քրքիջով, այնքան ուժգին, որ վեր էր թռչում այդ ձայնից ։ Իսկ ցերեկը սկսել էին այցի գալ հիվանդագին մտքեր, անվերջ մտածելուց հոգնել էր, գիտակցությունը սկսել էր դուրս գալ սեփական հսկողությունից, և նա իրեն հաճախ բռնում էր երևակայական ինչ-որ անձանց հետ բարձրաձայն վիճելիս ։ Իսկ հետո գիշերները նա միշտ միևնույն նավն էր տեսնում, որ բերում էր Ափրոկլեսին և մյուս ծառաներին, իսկ նրանք հեռվից ուրախ ձեռքով էին անում ու կանչում իրեն ։ Նա վազում էր տախտակամած ու, լսողությունը լարելով, խավարի մեջ հարազատ ձայներ էր ուզում լսել ։