Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 34

Եվ մի՞թե ի չիք էին դառնալու պատանեկությունից ի վեր ջերմորեն փայփայած երազանքները, այն էլ այժմ, երբ վերջապես գտել էր կյանքի իր ուղին, որը խոստանում էր գոհացում բերել փառատենչ իր հոգուն։ Նա անտանելի փառասեր էր,— իսկ ո՞վ այդպիսին չէ Հռոմում,— և անհայտության մեջ ապրած յուրաքանչյուր օր տարի էր նրա համար։ Փառքի հասնելու ձգտումն ուղեկցում էր նրան դեռևս տասնհինգ տարեկանից։ Պատանեկության տարիներին, երբ հասկակիցները, սիրուց գլուխները կորցրած, սրտամորմոք մադրիգալներ էին գրում և անքուն գիշերներ լուսացնում սիրեցյալի կարոտից, նրան միայն մի միտք էր զբաղեցնում՝ կկարողանա՞ արդյոք դառնալ այնպիսի մի անձնավորություն, որ իր մասին բոլորը խոսեն, ամենքը ճանաչեն իրեն, կկարողանա՞ կրկնել Մարիուսի սխրանքները, կունենա՞ Տիգրանի նուրբ դիվանագիտությունը, Միրհրդատի խելահեղ համարձակությունը կամ թե Պլատոնի մտքի խորաթափանցությունը։ Բայց նրա պաշտելի կուռքը, երազանքների երազանքը, ընդօրինակման անփոփոխ իդեալը ի սկզբանե կար և մնում էր Ալեքսանդրը։ Ամեն ինչում նմանվում էր նրան, եթե բնավորության որևէ գծով զիջում էր, ձգտում էր անհապաղ ուղղել իրեն։ Պատանեկության տարիներին աչքի չէր ընկնում ամուր առողջությամբ, նաև երկչոտ էր։ Այս թերություններից ազատվելու նպատակով նա սկսեց մարզվել, կոփել մարմինը, իսկ հոգեկան կաշկանդվածությունն իսպառ վերացնելու համար գիշերները թափառում էր Լավեռնայի պուրակում, թրև գալիս Տիբուրյան ճանապարհի վրա։ Ապահովության համար սկզբում հետը վերցնում էր գալլական լայնաշեղբ դաշույն, բայց հետո դրանից էլ հրաժարվեց և գիշերային զբոսանքների էր ելնում բոլորովին անզեն։ Առաջին օրերին ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. սսկվում էր ամեն խշշոցից, գիշերային ճանապարհորդների հանդիպելով, թաքնվում։ Բայց համառությունը և նպատակին հասնելու անկոտրում կամքը արեցին իրենցը. մեկ ամիս հետո, անտառում աղմուկ լսելով, անպայման գնում և պարզում էր պատճառը, ճանապարհորդների պատահելով՝ զրույցի էր բռնվում, որքան էլ կասկածելի լիներ նրանց տեսքը։ Որդու խորհրդավոր անհետացումները լրջորեն անհան գստացնում էին Ավրելիային։ Սկզբում նա կարծում էր որդին սիրահարվել է, բայց լուրեր եկան, որ նրան տեսել են Հռոմից դուրս, մեկ-մենակ. նա գնաց տալոջ ամուսնու՝ կոնսուլ Գայոս Մարիուսի մոտ և խնդրեց որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել որդու համար։ Մարիուսն անհնազանդ պատանուն ուղարկեց Մումերկոսի մոտ՝ սանության։ Գիշերային թափառումները վերացան, բայց հիմա էլ սկսվեցին կատաղի ծեծկռտուքները նշանավոր մարդկանց սաների միջև։ Այլ ելք չգտնելով՝ Ավրելիան ամուսնացրեց նրան, հուսալով, որ իր ընտանիքն ունենալով, որդին կխաղաղվի ու կլրջանա։ Իսկ այդ ժամանակ արդեն նրա հոգում սկիզբ էր առել արտասովոր մի խլրտում, ներքին ուժերի հանգիստ չտվող զարմանալի համագործակցություն, որը նրան մղում էր անսահման ինքնավստահության, սեփական կարողությունների հանդեպ մեծ հավատի և աստիճանաբար նրա մոտ ծայր առավ այն համոզումը, թե ինքը ծնվել է մեծ գործերի համար և թե հանճարն ի սկզբանե նստած է իր հոգում։ Հետագա տարիներն անցան անվերջ սպասման մեջ. նրան թվում էր, թե իր կյանքում ուր որ է տեղի կունենա արտակարգ մի դեպք, կգործի աննախադեպ սխրանք, կստեղծի անօրինակ երկ կամ թե աչքի կընկնի որևէ այլ կերպ, շռնդալից