մանկական չարաճճիություն չէր ։ Բայց, ինչ էլ լիներ, ոչինչ այլևս փոխել հնարավոր չէր, և դառնացած ու հուսահատ նա լուսաբացից մինչ խավարի թանձր ծնրադրումը հայացքը չէր կտրում հորիզոնից. յուրաքանչյուր հազիվ նշմարելի կետ, հեռվում թևածող ամեն ճայ նրան նավ էր երևում ։
Ափրոկլեսին նա ուղարկել էր Պերգամոն, սպասավորներին ՝ Հոնիա, գրագրին ու թրակիացի ստրուկներին ՝ Փռյուգիա ։ Քաղաքե-քաղաք թրև գալով ՝ նրանք, իրենց տիրոջ ծանոթ ու անծանոթ հռոմեացիներից մաս֊մաս պարտք վերցնելով, պիտի հավաքեին անհրաժեշտ գումարը ։ Հոնիա իր մարդիկ կհասնեին լավագույն դեպքում երկու-երեք օրից, Պերգամոն և Փռյուգիա ՝ հինգ օրից ու թե որքան կթափառեին այդ երկրներում, աստվածներին էր միայն հայտնի ։
Իսկ եթե որևէ բան պատահի ՞ նրանց, եթե մոլորվե ՞ ն օտար ափերում կամ չհասցնե ՞ ն պահանջված քառասուն օրում հավաքել փրկագինն ամբողջությամբ ։ Նա սոսկում էր մտածել այդ մասին. համոզված էր, որ չի տանի նվաստացումը և ինքնասպան կլինի ։ Կբացի երակն ու վերջ կտա կյանքին ։ Այդպիսի պահերին նա բոլորովին կորցնում էր փրկության հույսը և նստում էր սեղանի առջև ՝ կտակ գրելու, բայց մտքերը, որ մերթ ծառաների հետ թափառում էին ասիական քաղաքներում, մերթ խաչում ծովահեններին, ողջակիզում կամ մեռցնում նրանց բազում այլ, էլ ավելի տանջալի, չարչարանքներով, ի մի չէին գալիս, և զուր ու անիմաստ նա կրծոտում էր շուրթերը ։ Հետո, նավակողին կանգնած, նա այլայլված հայացքով երկար նայում էր ծովի ալիքներին և համոզում իրեն նետվել ջուրն ու վերջ տալ հոգեկան տվայտանքներին ։ Նրան այդ մտքից հետ էր պահում ոչ թե գիտակցությունը, այլ ներքին ինչ-որ բնազդ ։
Բարձրյալներից նա ոչ մի օգնություն չէր ակնկալում. իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել էր հասկանալ, որ աստվածներն անտարբեր են իր հանդեպ, եթե ոչ ՝ անբարեհաճ ։ Նա չէր աղոթում, չէր աղերսում զորավիգ լինել իրեն ։ Իր աստվածը հիմա Ափրոկլեսն էր, գրագիրն էր ու թրակիացի ստրուկները ։ « Եթե նրանք փրկեն ինձ, ստրուկներին ազատություն կշնորհեմ, գրագրին կպարգևատրեմ, Ափրոկլեսի համար տուն կկառուցեմ Սուբուռայում, նավ կգնեմ, թող նրա որդիները զբաղվեն ստրուկների ներմուծմամբ »,— անվերջ խոստանում էր ինքն իրեն ։
Տառապանքը փոխել էր նրան անճանաչելիորեն, դարձել էր դյուրագրգիռ, միտքը բռնված էր ծանր խոհերով, և ոչինչ ուրիշ չէր զբաղեցնում նրան ։ Փորձում էր տարվել ընթերցանությամբ, բայց հայացքը սառում էր էջի վրա ։ Երբեմն կամքի մեծագույն լարումով հաջողվում էր տրվել հիշողություններին, ուրախ դեպքեր էր մտաբերում մանկությունից, բայց հանգստաբեր այդ երանությունը երկար չէր տևում, քանի որ ծովահենների աղմուկը կամ նավակողին զարնվող ալիքի ճողփյունը նրան կրկին վերադարձնում էր դաժան իրականություն, և անհնար էր այլևս շարունակել արթմնի երազը ։ Գլուխը բռնած ՝ նա քայլում էր խցում, անզորությունից ջարդուփշուր անում ձեռքն ընկած իրը, իսկ եթե այդ պահին մի որևէ հետաքրքրասեր ծովահեն էր հայտնվում շեմքին, հալածում էր նրան սոսկալի հիշոցներով ։ Գիշերները, գլուխը թաղած բարձերի մեջ, ջանում էր քնել և գոնե մի քանի ժամ հանգստանալ, բայց ծանր մտքերը թունդ գինու նման ներծծվել էին սրտի մեջ և ոչ մի րոպե հանգիստ չէին տալիս նրան ։ Մինչ լուսաբաց նա չափչփում էր նավախուցը, և օր-օրի նրա համբերությունը սպառվում էր ։
Մահից նա չէր երկյուղում, նրա դաստիարակները նրան սովորեցրել էին չերկնչել անխուսափելիից, և նա տառապում էր չիրագործված նպատակների համար միայն ։