Կոնսուլյարիսն ընկճվեց այս խոսքերից և, չկամենալով հիասթափեցնել
տարփուհուն, վճռեց առժամանակ չխոսել այցելության բուն պատճառի մասին։ Նա
կնոջը սեղմեց կրծքին և բավականին երկար համբուրեց նրա պագշոտ շուրթերը։
— Մի՛ քաշվիր,— անսպասելիորեն ասաց Պրեցիան՝ ազատվելով նրա գրկից։— Ես
կռահում եմ՝ քեզ ինձ մոտ է բերել ամենևին ոչ սերը։
Հապաղելն իմաստ չուներ. կնոջ նրբանկատ հայացքից չէր վրիպել կոնսուլյարիսին
համակած երկընտրանքը։
— Իմ Վեներա՛,— Լուկուլլոսը գրկեց տարփուհուն և սեղմեց կրծքին,— ես երկար եմ
խորհել այստեղ գալուց առաջ, ողջ գիշերն անց եմ կացրել անքնության ու
տառապանքի մեջ՝ ծանրութեթև անելով բոլոր հնարավոր միջոցները։ Եվ նպատակիս
տանող ոչ մի այլ ելք չեմ կարողացել գտնել։
— Այդ ի՞նչ նպատակ է, որին հասնելը կապված է ինձ հետ,— հետաքրքրվեց
Պրեցիան՝ սևեռուն հայացքով զննելով Լուկուլլոսի դեմքը։
— Ողջ Հռոմում միայն դու կարող ես օգնել ինձ՝ ստանձնել Կիլիկիայի կուսակալի
պաշտոնը,— կոնսուլյարիսը քնքշորեն շոյեց տարփուհու դեմքն ու համբույրով
ծածկեց նրա շուրթերը։
— Փա՜ռք, փա՜ռք,— ծոր տվեց Պրեցիան՝ ոտքի ելնելով։— Օ, անմա՛հ աստվածներ,
թող օրհնյալ լինի ձեր անունը, ի՞նչ արյուն է սրանց երակներում։ Ես հիմա
անկեղծորեն հավատում եմ, որ մեր նախնիներն իսկապես սնվել են գայլի կաթով։
— Գրողի ծոցը փառքը,— գոչեց կոնսուլյարիսը բորբոքված՝ մնալով բազմոցին
նստած։— Դրա ետևից թող վազեն նրանք, ովքեր աշխարհի վրա այլ հոգս չունեն։
Հետո հանգստանալով հարցրեց.
— Մտածե՞լ ես երբևիցե՝ ինչ հարստությունների կտիրանա Միրհրդատին հաղթողը։
— Դո՞ւ,— Պրեցիան զարմանքից կլորացած աչքերով նայեց կոնսուլյարիսին,— դու
խորհում ես հարստության մասի՞ն։ Հապա լեգե՞նդը։ Մի՞թե դու չէիր, որ
հրաժարվեցիր Պտղոմեոսի անհամար նվերներից։
— Ուրիշ ժամանակներ են հիմա, իսկ ես այլևս այն մաքրահոգի պատանին չեմ, որն
անկեղծորեն հավատում էր, թե առաքինությունն է մարդուն գնահատելու միակ
չափանիշը։ Ես հրաժարվեցի Պտղոմեոսի ութսուն տաղանդից, քանի որ ես նրա մոտ
գնացել էի նավատորմի ետևից, ոչ թե նվերների։— Անցյալը վերհիշելով՝ Լուկուլլոսին
զայրույթն էր աստիճանաբար տիրում, և նրա ձեռքերը սկսում էին դողալ
տենդորեն։— Ես հրաժարվեցի ու շտապեցի Հունաստան, ուր իմ ընկերները Սուլլայի
հետ անհամբեր սպասում էին ինձ և, Միրհրդատից հալածված, ձմեռում էին
վրաններում՝ հեռու բնակավայրերից ու մարդկանցից։ Իսկ այսօր այդ նույն մարդիկ,
որ կանգնած են իշխանության գլուխ, մոռացել են անցյալը, բոլորովին հաշվի չեն
առնում խնդրանքներս և ինձ կուսակալության են ուղարկում վայրենի Գալլիա։
— Բայց ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ, Լուկիո՛ս,— կարեկցանքով ասաց Պրեցիան և
ուսերը թոթվեց։
— Ինքդ գիտես, որ Սետեգան այնքան էլ բարեհաճ չէ իմ հանդեպ։— Լուկուլլոսը ելավ
բազմոցից ու մոտեցավ տարփուհուն։— Քո օգնությունը կլինի այն, որ փորձես