Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 30

Նրա առանքնող, դիտավորյալ կիսաբաց ստինքները տռփանքի հաճելի դող էին հաղորդում կոնսուլյարիսին, խնամքով փաթաթված վարսերի մեջ շողում էր ոսկեփոշին, մարմարիոնե պարանոցին գցված էր երկտակ մի շղթա, որ թեք գծերով սահում էր պարարտ ստիքների արանքով, կորչում մետաքսե կիսաթափանց հագուստի տակ՝ իր հետ տանելով կոնսուլյարիսի ուշադրությունը։ Լուկուլլոսն ափերի մեջ առավ նրա փափլիկ ձեռքը, շոյեց այն՝ թույլ տալով նա խաղա իր հոգու հետ։ Կլոդիան, ինչ խոսք, գեղեցիկ է, բայց ինձ թվում է՝ նրան արարելիս Վուլկանը մոռացել է մի պտղունց կրակ խառնել նրա արյանը, դրա համար էլ նա սառն է Վեստայի տաճարի կարիատուհիների [22] նման։— Պրեցիային անչափ դուր եկավ իր համեմատությունը և լիաթոք քրքջաց, որից կոնսուլյարիսն ավելի գրգռվեց։ Պրեցիայի առաջին ամուսինը զոհվել էր Ֆիլեբեոտի մոտ։ Շատ չանցած՝ նա ամուսնացել էր մի քվեստորի [23] հետ, բայց սա ևս երկար չէր ապրել, Սուլլայի մահից հետո հարել էր խռովարարներին և սպանվել։ Երրորդ անգամ այրիանալ չկամենալով՝ Պրեցիան քվեստորից ծնված դստեր խնամքը հանձնել էր կապադովկուհի իր սպասուհիներին և արդեն որերորդ տարին անշեղորեն հետևում էր Ամուրի խորհրդին։ Ազնվատոհմիկ մյուս տարփուհիներից նա առանձնանում էր տղամարդ սիրելու անգերազանցելի շնորհքով ու նաև կնոջ համար նախանձելի խորհրդապահությամբ։ Սիրեկանները նրա հետ խոսում էին ամեն ինչից, փարատում իրենց վշտերը, կիսում հոգսերը և հեռանում բավարարված ու թեթևացած։ Սա էր, թերևս, պատճառը, որ քաղաքի հայրերի մեջ մշտական կռիվ էր գնում նրան դարպասելու իրավունքի համար։ Բայց այս օրերին, տարված քաղաքական պայքարով, ամենքը մոռացել էին նրան։ — Իսկ դու առնականացել ես,— սիրատենչ հայացքով Լուկուլլոսի պիրկ մարմինն գրկելով, ասաց Պրեցիան՝ մոտ նստելով նրան։— Թե՞ պլեբեյի հագուստն է այդպես ընդգծում կեցվածքդ։ Երդվում եմ Բարի դիցուհով, որի անունը չի կարելի տալ տղամարդու ներկայությամբ, դու այսօր գերազանցում ես անգամ Ապոլոնին։ Այստեղ նա նկատեց, որ կոնսուլյարիսը մտահոգված է, և հարցրեց. — Ի՞նչն է այդպես պղտորել հանգիստդ։ — Եկել եմ քո օգնությունը խնդրելու,— պատասխանեց Լուկուլլոսը՝ թույլ տալով նա գգվի իրեն։ — Իմ օգնությո՞ւնը,— զարմացավ Պրեցիան, որ քնքուշ մատներով շոյում էր կոնսուլյարիսի մկանուտ պարանոցը։— Քաջակորով կոնսուլյարիսին՝ Ֆիլոբեոտի ճակատամարտի աննկուն հերոսին, ինչո՞վ կարող է օգնել բոլորի կողմից մոռացված միայնակ կինը, թերևս, սփոփելուց բացի։ Փարվելով Լուկուլլոսին՝ Պրեցիան գորովանքով նայեց նրա աչքերի մեջ ու արտաբերեց իր թովիչ, կրքով առլեցուն ձայնով. — Ամենքը մոռացել են ինձ, Լուկիոս, Արեսը խելքահան է արել բոլորին։ Նրանց համար այդ պոնտացի բարբարոսը, որ յոթ տարի ապրել է վայրի գազանների մեջ, ավելին արժե, քան ես։