պոնտական նավահանգիստները կտրելով Միջերկրական ծովից, Ֆակտիոնն իրենն արեց ։
Եվ ահա լուրեր էին եկել Ամիսոսից, թե Պոնտոսի Միհրդատ Վեցերորդ Դիոնիսոս Եվպատոր արքան պոնտացիներից, մեդացիներից, վրացիներից, աղվաններից, սկյութներից, Փոքր Հայքի հայերից մեծ բանակ է կազմել ու ներխուժել Բութանիա, թե չորս հարյուր տրիրեմներից կազմված նրա նավատորմը, ճանապարհին ամեն ինչ տակնուվրա անելով, մոտենում է նեղուցներին ։
Այժմ, երբ պատերազմն անխուսափելի էր, անզիջում պայքար էր գնում բարձրաստիճան մագիստրների միջև. Միրհրդատի նման արժանավոր հակառակորդ ամեն անգամ չէր լինի, և յուրաքանչյուր ոք տենչում էր փառաբանել իր անունը ՝ հաղթելով նրան ։
Երկու օր տևած համառ վեճերից հետո ասիական զորքերի գերագույն հրամանատարությունը վստահվեց Գայոս Կոտտային ։
Կրքերը նոր էին հանդարտվել, երբ հանկարծամահ եղավ Լեռնային Կիլիկիայի կուսակալ Օկտավիանոսը ։ Հռոմը նորեն փոթորկվեց ։ Կիլիկիան հեռու էր Բութանիայից, բայց տվյալ պահին կարևորը Ասիա ընկնելն էր ։
Կրկին անգամ նիստեր չհրավիրելու և հարցը շուտափույթ լուծելու համար կուսակալի նշանակումը հանձնարարվեց ժողովրդական տրիբուն Սետեգային...
Գեղամարմին և բազմահամբավ Պրեցիան ՝ սիրո Վեներա աստվածուհու երկրային փոխանորդը, անկեղծորեն զարմացավ ՝ առատ նվերներ ստանալով կոնսուլյարիս [ 20 ] Լուկիոս Լիկինյոս Լուկուլլոսից ։ Նրան զարմացրեց ոչ այնքան նվերների արտասովոր ճոխությունը, որքան անպատեհությունը. այժմ, երբ ամենքը տարված էին Կիլիկիա ընկնելու մոլուցքով, կոնսուլյարիսն ինչպե ՞ ս է կարողանում ժամանակ գտնել սիրահետումների համար ։
Իսկ երեկոյան, երբ մեռնող օրվա ծվենները հավաքվել էին Ալբանոյի հողմածեծ գագաթին ու վարդագունվել մոտալուտ վախճանի սարսափից, կոնսուլյարիսն ինքը բարեհաճեց ՝ վարձու կարգով, ծպտված պլեբեյական հագուստի մեջ ։ Կառքը կանգնեցնելով դարպասների մոտ ՝ նա փութով ներս անցավ և իրեն դիմավորելու եկած սպասավորների ուղեկցությամբ գնաց էքսեդրում [ 21 ], ուր նրան սպասում էր տարփուհին ։
— Ինչո ՞ ւ այդպես ծածուկ,— հարցրեց տանտիրուհին ՝ քաղցր ժպտալով, երբ մնացին երկուսով ։— Մի ՞ թե Կլոդիան այդպես խստորեն հետևում է քեզ ։ Խեղճ իմ Լուկիոս ։
Կոնսուլյարիսի ձեռքից բռնելով, կինը նրան առաջնորդեց դեպի լուսամուտի մոտ դրված կաշեպատ բազմոցը ։ Նստեցին ։ Լուկուլլոսն ակամա զննում էր սրահի կահավորանքը ՝ ասես պարզելու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվել իր վերջին այցելությունից հետո ։
— Վերջին անգամ ե ՞ րբ ես եղել ինձ մոտ, ինչ-որ չեմ հիշում,— հարցրեց Պրեցիան ՝ ցանկագրգիռ կերպով շարժելով մարմինը և թեքվելով դեպի կոնսուլյարիսը ։— Չլինի ՞ Կլոդիան վերջապես սովորել է տղամարդ սիրել ։ Ո ՛ չ, ո ՛ չ, այդ մեկն անհավատալի է, չփորձես կեղծել ։
Նա հաճելիորեն ժպտաց ՝ ափերը տարուբերելով հայացքի դեմ ։