Ափրոկլեսը դողդողալով ՝ տոգան փաթաթեց նրա թիկունքին ։ Համարձակություն առած սպասավորները ևս մոտեցան ու ջանասիրաբար ուղղեցին տոգայի ծալքերը, փեշը բերին ու ճարմանդեցին ուսին ։
— Քա ՞ ջ ես ձևանում,— չարախնդաց ծովահենը, ձեռքերը կանթելով կողքին ։— Քեզ նմաններին չեմ ծնկի բերել ՝ ստրկության վաճառելով պարթևներին ։ Թին ձեռքդ որ ստիպված լինես մաքրել Տիզբոնի անասնաշուկաները, այնժամ կիմանաս ՝ ինչպես պետք է խոսել ինձ հետ ։
Նրա խոսքերին հաջորդեց ծովահենների միահամուռ քրքիջը ։
— Իսկ եթե նման ապագան սարսափեցնում է քեզ,— շարունակեց սպիավորը շինծու կարեկցանքով,— քո մարդկանց ուղարկի ՛ ր ցամաք և թող փրկագին բերեն քեզ համար...— Ծովահենը գնահատող հայացքով նայեց երկնագույն տոգայի մեջ կոկիկորեն առնված հռոմեացուն և նրան վերջնականապես ընկճելու համար ավելացրեց ՝ բառերը հատ-հատ շեշտելով,— քսան տաղանդ ։
— Վե ՜ րջ, հիմա արդեն ծունկ կչոքի և այլոց նման կաղերսի իջեցնել փրկագինը,— ձեռքը թափ տվեց հավաքվածներից մեկն ու հեռացավ դեպի տախտակամածի մի անկյունում դարսված պարկերը ։
Կեսարի դեմքին ոչ մի մկան չշարժվեց, թեպետ փրկագնի ահռելիորեն խոշոր չափը շշմեցրեց նրան ։ Նա սոսկաց, համարեց, որ կործանված է, բայց նրա հիվանդագին ինքնասիրությունը թույլ չտվեց նեղմիտ բարբարոսների առաջ գոնե փոքր-ինչ նվաստացած տեսնել սեփական անձը ։ Մեծ ճիգով քողարկելով ներքին հուզմունքը, նա դիմեց ծովահենին.
— Դու, երևում է, գլուխ գնահատելու գործում վարպետ չես, թեպետ զբաղմունքի բերումով հաճախ ես գործ ունենում դրանց հետ ։ Այլապես չէիր վիրավորի ինձ ։
Սպիավորը ոչինչ չհասկացավ և, աչքերը ճպճպացնելով, գլուխը տարուբերեց ։
— Բայց դու մեղք չունես դրանում,— ձայնին հեգնանքի երանգ հաղորդելով, շարունակեց հռոմեացին ։— Դու չգիտես ՝ ում ես գերեվարել, հետևաբար չէիր կարող իմանալ, որ ուսերիս պահվող գլուխը, որը քիչ առաջ տենչացիր անջատել մարմնից, ավելին արժե, քան կարող ես պատկերացնել ։
Ծովահեններն ապշած իրար երեսի նայեցին. հավատայի ՞ ն ունկերին, վստահեի ՞ ն աչքերին, մի ՞ թե նման բան հնարավոր է կյանքում ։ Իսկ հռոմեացին շարունակեց ՝ ատելությունից աչքերը փայլեցնելով կանթեղների պես ։
— Խորհուրդ կտամ այսուհետ փրկագին նշանակելուց առաջ հարցնել, թե որքան է գնահատում իր գլուխը տերը. ես գնահատում եմ այն երեսուն տաղանդ, և այդքան էլ կստանաս իմ ազատության դիմաց...
Այդ նույն միջոցին աննախադեպ իրարանցում էր սկսվել Հռոմում ։ Քաղաքը բվում էր հանգիստը կորցրած մեղվապարսի նման, սենատն օրվա մեջ երկու նիստ էր հրավիրում ։ Ֆորումում չտեղավորվելով ՝ տագնապած քվիրիտները հեղեղել էին Մարսյան դաշտը ։ Բութանիայի Նիկոմեդես Լատինասեր թագավորը մահից հետո ծովափնյա իր երկիրը կտակել էր Հռոմի սենատին ։ Որքան էլ քաղաքի ողջամիտ հայրերը զգուշացրին չընդունել կտակը ՝ պատճառաբանելով, որ Բութանիային տիրելով, հանրապետության ռազմանավերը ակամա կփակեն նեղուցները ՝