Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 27

տեղափոխում էին բրդով լի պարկեր, ձիթայուղի տակառներ, կտորեղենի փաթոթներ. այն ամենը, ինչ կարելի կլիներ վաճառել ։
Նոր էր Կեսարը ելել տախտակամած, երբ նրան մոտեցավ խոշորամարմին, ըմբիշի կազմվածքով մի տղամարդ ։ Սա եկավ, կանգնեց քնաթաթախ գերու դիմաց, ոտիցգլուխ տնտղեց նրան, ապա, դեմքի երկար սպին ծուլորեն շոյելով, հարցրեց.
— Պատրի ՞ կ ես ։
Հետո մռութը մոտեցրեց գերու դեմքին, ասես նրա հոտից պիտի առներ հարցի պատասխանը ։
Կեսարը հոնքերի տակից խեթ նայեց ծովահենին, խոսքի չարժանացրեց նրան և, զզվելով նրանից փչող անորակ գինու վանող հոտից, նահանջեց կես քայլ ։
Գործը թողած ծովահենները հավաքվեցին նրանց շուրջը ։ Դրանից ոգևորվելով ՝ սպիավորը, որ, նախկին ստրուկ լինելով, սաստիկ ատում էր հռոմեացիներին, անզուսպ ցանկություն զգաց նվաստացած տեսնել գերուն ։
— Ի ՞ նչ է, գայլի ՛ ձագ [ 19 ],— ասաց նա քամահրանքով,— Հռոմուլոսի տականքները նեղո ՞ ւմ են, որ լքել ես վարդագույն անառականոցը ։ Իսկ գուցե մեկնում ես պրովինցիա ստանալու, հը ՞։
Հավաքվածների միջից ծիծաղի ձայն լսվեց ։
Հռոմեացի արիստոկրատը, որ սովոր չէր այսպիսի տոնի և միայն կարգադրել գիտեր, այնպես մոլեգնեց, որ մի պահ ցանկացավ բռունցքի հարվածով ջախջախել դիմացինի գանգը, բայց զսպեց իրեն և, ատելությամբ նայելով ծովահենի հրճվանքից փայլող աչքերի մեջ, թունոտ պատասխանեց.
— Երևում է ՝ դու դեռ իսկական հռոմեացու չես հանդիպել ։ Նրա ձայնի մեջ վախի նշույլ չկար, և դա զգաստացրեց ծովահեններին ։
Տախտակամածի վրա օդը սառն էր, և խառնաշփոթի մեջ միայն տունիկա հագած պատրիկը սկսեց դողացնել և, դառնալով գլխիկոր կանգնած ազատարձակին, կարգադրեց տոգան բերել ։ Ափրոկլեսը վախվորած նայեց մեկ ավազակապետին, մեկ տիրոջը, հետո, Կեսարի ծայրաստիճան հանգստությունից համարձակություն առած, հեռացավ նավակողից ։
Ցասումով նկատելով, որ ոչ իր դեմքի սարսափազդու սպին, ոչ ձայնի արհամարհական տոնը, ոչ ծովահենների բազմությունը և ոչ էլ նավատիրոջ արյունաքամ դիակը սպասելի ներգործություն չունեցան գերու վրա, ավազակապետը կատաղեց այն աստիճան, որ մի պահ ցանկացավ թռցնել այդ հանդուգն գլուխը, բայց հետո, միտքը փոխելով, ետ քաշեց դեպի գոտին գնացող ձեռքը. գլխատելուց ստացած բավականությունը մեկ դենար անգամ չէր արժենա, իսկ, թողնելով գլուխն իր տեղում, նա հույս ուներ ստանալ ավելին, հազար, տասը հազար անգամ ավելին ։
Ոսկեկար տոգան ձեռքին, ազատարձակը եկավ ու հնազանդ կանգնեց տիրոջ մոտ ՝ չհամարձակվելով այն գցել Կեսարի ուսերին ։
— Ի ՞ նչ ես շվարել,— բարկացավ Գայոսը,— սառեցնե ՞ լ ես ուզում ինձ ։