Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 26

Նեպտունոսը սովորականից ավելի բարեհաճ էր, և նավը, հաջորդ օրն անցնելով Սիցիլիայի մոտով, դուրս եկավ բաց ծով։ Մեկ շաբաթից այն Հելլադայի ափերին էր, ապա, Կրետեի մոտից թեքվելով, ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք։ Այս ողջ ընթացքում Կեսարը լուսաբացի հետ հայտնվում էր տախտակամածին, նստում կերպասե հովհարաձև ծածկի տակ, հիանում ծովի անկրկնելի գեղեցկությամբ և հուզաթաթավ տողեր փորագրում մոմած տախտակին. նա վաղուց մտադիր էր պոեմ գրել Անդրոմեդայի և Պերսևսի հավերժական սիրո մասին, և ահա, վերջապես, եկել էր ոգեշնչումի երկար սպասված պահը։ Հետո, երբ ծովը թաղվում էր անթափանց խավարի մեջ, և առագաստանավը սկսում էր օրորվել գիշերահողմից, նա մեկուսանում էր, կանթեղների լույսի տակ մեծ կլանումով ընթերցում Կլիտարքոսի պատմությունն Ալեքսանդրի մասին։ Կարդում էր, հետո, ձեռքերը գլխի տակ հավաքած, հայացքը նավախցի փոքրիկ լուսամուտից ծիկրակող աստղերին, երազում այնքան, մինչև Մորփեոսն իր աննյութ թևերով հպվում էր նրա հոգնած կոպերին։ Ուղևորության տասներորդ օրը՝ կեսգիշերից բավականին անց, Գայոսն արթնացավ անսովոր աղմուկից. դրսից համառորեն հարվածում էին նավախցի դռանը։ Չէր հասցրել ուշքի գալ, երբ ծխնեհան եղած դուռը շրխկոցով տապալվեց գետին ու, միմյանց հրելով, ներս խուժեցին սպառազեն երեք տղամարդ։ Կանթեղների լույսը երերաց սառն օդի հոսանքից, բայց չմարեց։ Անկոչ հյուրերի տեսքից Գայոսը կռահեց, որ ծովահենները բռնագրավել են նավը։ Ինքը հիմա նրանց գերին էր։ Դասալիք զինվորներից ու փախստակ ստրուկներից կազմված այդ խմբերը որերորդ տարին անպատիժ թալանում էին առևտրական նավերը, գերի ընկածներին, եթե սրանք չէին վճարում փրկագինը, վաճառում ստրկության։ Պատահում էր՝ միավորվում և ափ էին դուրս գալիս, թալանում ողջ քաղաքներ, ստրկության քշում հազարավոր մարդկանց։ Նրանք իրենց այնքան լկտի էին պահում, որ մի անգամ, Հունաստանում, հանդգնեցին գերեվարել հռոմեական երկու պրետորների՝ իրենց շքախմբերի հետ միասին։ Այդ դեպքից հետո սենատը քանիցս նավատորմ էր ուղարկել այս կողմերը, բայց վիճակը մնում էր նույնը։ Ծովահեններից երկուսը մնացին դռան մոտ, իսկ երրորդը մոտեցավ հռոմեացուն։ Գայոսը չշարժվեց ու շարունակեց մնալ պառկած՝ քնատ հայացքով նայելով իր հանգիստը խռովողներին։ Ծովահենը ճանկեց ծածկոցի եզրը և նետեց խցի անկյունը՝ հեգնելով. — Վեց կաց, տե՛ր, հասել ենք։ Մուտքի մոտ կանգնածները հռհռացին։ Հանգիստ, ասես ոչինչ չէր եղել, Գայոսը ելավ, հագավ տունիկան, կապեց գոտին, հետո ծովահենների ուղեկցությամբ դուրս եկավ տախտակամած։ Նոր սկսվող օրը հասել էր աստղակաթին, և նավի վրա բավականին լուսավոր էր։ Ցռուկի մոտ ընկած էր նավատիրոջ անշնչացած մարմինը, թիավարներն ու մյուս ուղևորները, գլխահակ սեղմվել էին նավակողին, որպեսզի չընկնեին անցնողդարձող ծովահենների ոտքի տակ ու չգրգռեին նրանց։ Սպասված ավարը չգտնելով՝ ծովահենները կատաղած այս ու այն կողմ էին նետվում, թաքստոց գտնելու հույսով քրքրում ամեն ծակուծուկ, ջահեր բռնած՝ խուզարկում ամբարները։ Մի քանիսը նավերը միացնող կամրջակի վրայով