Գլուխ երկրորդ
դեմքին գծագրվել էր առաջին կնճիռի ակոսը, հայացքի մեջ պարզ նկատելի թալկություն էր դրոշմվել, որ արտացոլումն էր հոգեկան ապրումների ։
Բայց դա նրան չանհանգստացրեց, ավելին, նա թույլ ժպտաց, որից բերանի անկյուններում հաճելի փոսիկներ հայտնվեցին ։
Ոչինչ պարտք չէր իրեն Լանիոնը. կեսօրին դրամն իր հետ տանելով եղբոր տուն, նա որոշել էր այս կերպ կոտրել որդու համառությունը ։
Գլուխ երկրորդ
Հետևյալ օրը Գայոսը հրաժեշտ տվեց հարազատներին ։ Բժշկից, ազատարձակից և երկու սպասավորներից զատ նրա շքախմբում կային նաև մեկ գրագիր ու թրակիացի պատգարակակիր չորս ստրուկներ, որոնք մինչ Հռոմ բերվելը նավավար զինվոր էին եղել և քաջատեղյակ էին Ասիա պրովինցիայի ծովափնյա քաղաքների նիստուկացին ։
Օստիա հասան բարեհաջող ։ Հռոմից քառասուն վերստ հարավ գտնվող նավահանգստային այս քաղաքը հիմնադրվել էր վեց հարյուր տարի առաջ, երբ լատինական, էտրուրական, սաբինյան ցեղերի միավորումից առաջացած հռոմեական ժողովուրդը զորեղանալով ՝ արտաքին աշխարհի հետ շփվելու խիստ կարիք էր զգացել ։ Այն Հռոմի ծովային դարպասն էր, այստեղից էին լեգեոններով բեռնված ռազմանավերը մեկնում արշավանքների, այստեղով էին հավերժական քաղաքի մեծահարուստների շքեղաշուք ննջարաններում կնանալու տարվում գեղաճեմ ու գեղամարմին կույսերը և, վերջապես, այստեղով էր Հռոմ հոսում աշխարհի ողջ ոսկին ։ Այդ գանձից որոշ բան մնում էր Օստիային. քաղաքի հիմնական եկամուտը ռազմավարներից արվող մասհանումներն էին ։ Իր ճոխությամբ այն, իհարկե, չէր կարող համեմատվել Հռոմի, Պոմպեյքի կամ Հերկուլանիումի հետ, բայց այստեղ ևս կային հոյակերտ բազմաթիվ կառույցներ ։ Առանձնապես հիշատակարժան էր նավամատույցից քիչ ետ ընկած եռահարկ մաքսատունը ՝ առաջ եկած կողաշենքերով ու սյուների վրա պահվող ծովահայաց պատշգամբներով ։ Այն կառուցել էր Մարիուսը ՝ ի հավերժացումն տևտոնների դեմ տարած խոշոր հաղթանակի ։
Քաղաքի կենտրոնում ՝ հիսուն հազար նստատեղով կրկեսի ու քաղաքապետարանի հարևանությամբ, իր բարձր դիրքով շրջապատի վրա իշխում էր Նեպտունոսի տրավերտինակերտ տաճարը ՝ բոլոր նավաստիների ու անդրծովյա վաճառականների ուխտատեղին ։ Իսկ Հռոմեական ճանապարհը ողջ Իտալիան գիտեր, այն սկսվում էր մաքսատան մոտից, երեք հարյուր կանգուն ձգվելով ծովեզրով ՝ շեշտակի թեքվում և խորանում քաղաքի մեջ ։ Ծովի մոտ այն երկու կողմից եզերված էր բարձր սյուների վրա կանգնած նշանավոր այրերի արձաններով, ովքեր բարեհաջող արշավանքներից հետո մեծ գումար էին նվիրել քաղաքին կամ զարդարել այն որևէ կառույցով ։
Քաղաքի մնացած մասը հեղեղված էր գինետներով, հազար ու մի պանդոկներով ու իջևանատներով, ուր, որպես կանոն, իրենց ձանձրույթն էին փարատում վատ եղանակի պատճառով ծով դուրս չեկած զինվորներն ու առևտրականները կամ էլ ափ իջած ու իրենց ուզած վայրը մեկնող քարավանների սպասող ճանապարհորդները ։
Երկար այս ու այն կողմ ընկնելու կարիք չզգացվեց. Գայոսի բախտից առևտրական մի առագաստանավ բուրդ պիտի հասցներ Հռոդոսի վերավաճառողներին ։