— Իսկապես, ինչո ՞ ւ չփորձես գնալ Մոլոնի մոտ ։ Քեզ անպայման կատարելագործվել է պետք. Ֆակտիոն հո չի ՞ կարող ամեն անգամ ցրել նիստը ։
Կեսարի դեմքին աշխուժություն երևաց, մեկ րոպեի չափ նա լուռ նայեց մորը, ապա ասաց ՝ դառը ժպտալով.
— Դու գիտես, մա ՛ յր, որ ջերմախտի պատճառով ես առանց բժշկի մեկ քայլ անգամ չեմ կարող հեռանալ տնից ։ Ավելացրու սպասավորներին, ստրուկներին, որոնք պիտի ուղեկցեն ինձ ։ Նրանց բոլորին կերակրել է պետք այդ ողջ ընթացքում, հագցնել, հոգալ ճանապարհածախսը ։
— Կարող ես անհոգ մնալ ։― Ավրելիան զգաց, որ ձայնը դողում է ։― Հիմա ես գալիս եմ Լանիոնի մոտից, և նա...
— Եղբայրներդ միշտ բարեհոգ են եղել իմ հանդեպ, մա ՛ յր, բայց այս անգամ պարտք վերցնել չեմ կարող, քանի որ հայտնի չէ, երբ կկարողանամ վերադարձնել,— առարկեց Գայոսը, կռահելով մոր միտքը ։
— Թո ՛ ւյլ տուր ավարտեմ խոսքս,— շարունակեց Ավրելիան ։— Քաջ հայտնի է քեզ, որ Լանիոնը ծառայել է հորդ մոտ, և ահա այսօր առավոտյան իմանում եմ, որ հայրդ դեռ կիմբրական արշավանքից առաջ նրան պարտք էր տվել երկու հազար դենար...
— Երկու հազար դենա ՞ ր,— բացականչեց վայրկենապես կերպարանափոխված երիտասարդը ՝ հետաքրքրասիրությունից այրվող շագանակագույն աչքերով նայելով մորը ։— Իսկ ինչո ՞ ւ Լանիոնը մինչև այսօր ոչինչ չէր ասում այդ մասին ։
Նրա շունչը կտրվում էր, ուրախությունից սիրտը քիչ էր մնում դուրս թռչեր կրծքից ։
— Մահից առաջ հայրդ նրան պատվիրել էր փողը վերադարձնել, երբ դրա կարիքը խիստ զգան իր ընտանիքի անդամները ։ Երեկվա քո անհաջողությունից հետո Լանիոնը բանբեր էր ուղարկել ինձ մոտ ՝ խնդրելով գալ ու քննարկել, որ եթե պարտքը հիմա վերադարձնի, կատարա ՞ ծ կլինի արդյոք հորդ պատգամը ։
― Եվ նա կարո ՞ ղ է հիմա վերադարձնել այն,— Կեսարի համբերությունը սպառվում էր, նա ոտքի էր ելել ու ոգևորված քայլում էր սրահում ։
— Այո ՛,— ասաց Ավրելիան թեթևացած,— առավոտյան կարող ես գնալ դրամի ետևից ։
— Ես հիմա կգնամ ։ Մոտենալով Կեսարը համբուրեց մորը ։— Դու փրկեցիր ինձ կործանումից, ազատեցիր ծանր մտորումներից ։
Նա կրկին համբուրեց մորը, ապա ձայնեց Ափրոկլեսին, որ արդեն վերադարձել էր շուկայից, և կարգադրեց մուտքի մոտ հրավիրել պատգարակակիրներին ։
— Այդ ստոր, ծույլ սենատորներին, այդ ամբողջ ծերակույտին ես դեռ ցույց կտամ, թե ում հետ գործ ունեն իրենք,— գոչեց Կեսարը ՝ գնալով դեպի ճաշասրահի ելքը ։
« Խենթ, իսկական խենթ »,— մտածեց Ավրելիան ՝ փաղաքուշ հայացքով ուղեկցելով որդուն ։ Հետո նա դիմեց դեպի աղոթատուն ։ Ատրիումում պատահաբար նրա աչքովն ընկավ սեփական արտացոլումը, մոտեցավ հայելուն և մի տեսակ զննող հայացքով նայեց իրեն ։ Վերջին օրերի ընթացքում մազերը նկատելի ճերմակել էին, գեղեցկատես