Ճաշասրահ եկան նաև Հուլիան և Կոռնելիան ։ Ընթրիքն անցավ բավականին լուռ ։ Կոռնելիան ևս մտահոգված էր ամուսնու վերջին անհաջողություններով և խոսքի բռնվելու տրամադրություն չուներ ։ Տասնհինգամյա Հուլիային անհասկանալի էր հարազատներին պարուրած թախիծը և, հայացքը ափսեից չկտրելով, ուտում էր սովորականից արագ ։ Նա ամբողջ հոգով հրապուրված էր տավղահարությամբ և չէր դադարի նվագել ու չէր ներկայանա ընթրիքին, եթե չլիներ մոր հանդիմանանքին արժանանալու երկյուղը ։
Ավրելիան ճաշել էր եղբոր մոտ, բայց որդու ախորժակը գրգռելու համար արծաթե ափսեի մեջ քաշեց փասիանի զույգ տոտիկներ և սկսեց ուտել մեծ բավականությամբ ։ Գայոսը կես գավաթ գինի լցրեց իրեն ՝ իր սիրած լեսբոսյան կարմիրից, և խմեց մանր կումերով ՝ բավականություն ստանալով կոկորդն այրող դառը հեղուկի ներգործությունից ։
Ընթրիքը երկար չտևեց ։ Առաջինը հեռացավ Կոռնելիան. նրա ետևից եկավ դայակը ։ Նրանից հետո դուրս թռավ Հուլիան ՝ այդպես էլ կարգին չընթրելով ։
— Դու այդպես էլ չպատասխանեցիր,— խոսակցությունը վերսկսեց Ավրելիան, երբ մնացին երկուսով ։
— Այդ ուղին ինձ համար չէ,— Կեսարը ծանր հոգոց հանեց ։
— Եթե նկատի ունես դրամական կողմը, ապա մենք դեռ բավականին կարողություն ունենք,— ասաց Ավրելիան ։
— Չեմ կարող ես անհոգաբար քամուն տալ մեր վերջին ունեցվածքը ՝ հանուն իմ կարիերայի վտանգելով հարազատներիս ապագան ։ Բացի այդ, այն չի բավականացնի, իսկ ես, դու ինձ լավ գիտես, մա ՛ յր, թե սկսեցի, ոչնչի առաջ կանգ չեմ առնի ։ Կխճճվեմ պարտքերի մեջ և պատիվս փրկելու համար ստիպված կլինեմ վաճառել իմ հայրական տունը, արատավորելով աստվածներից սերող Հուլիոսների նշանավոր տոհմի անունը ։ Մի ՞ թե ես ընդունակ եմ դա անելու, մա ՛ յր ։
Ավրելիան սպասում էր նման պատասխանի ։ Հուլիան պսակվելու օրիորդ էր արդեն, և նա համոզված էր, որ որդին մեկ սեստերցիում անգամ չի վատնի, քանի լուծված չէ քրոջ օժիտի հարցը ։ Նա դիտավորյալ խոսք բացեց ժողովրդի համակրանքը սիրաշահելու մասին ՝ հուսալով այդ կերպ քողարկել նախապես մշակված ծրագիրը ։
Գայոսն այդպես էլ ոչինչ չկերավ ՝ բավարարվելով սոսկ գինով ։
— Այդ դեպքում գուցե փորձե ՞ ս խորանալ հռետորական արվեստի մեջ,— առաջարկեց Ավրելիան ։— Եվ Հորտենզիոսը, և Ցիցերոնը ավելի անհաջող մեկնարկ են ունեցել ։
— Այո ՛, բայց նրանք փառքի և ճանաչման չէին հասնի, եթե չունկնդրեին հելլեն մեծագույն հռետորներին ։ Նրանք երկուսն էլ սովորել են Փիլոնի մոտ, իսկ Մարկոսը բախտ է ունեցել նաև ունկնդրել Մոլոնին ։ Ա ՛ յ, եթե մի քանի ամիս աշակերտեի նրան...
Կեսարը ձեռքի մեջ խաղացնում էր գինու գավաթը և մտախոհ հայացքը չէր կտրում սեղանից ։
Երկար սպասված պահը վերջապես եկել էր, և Ավրելիան հուզվում էր ՝ վախենալով մատնել իրեն ։