Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 22

որդուն, մինչդեռ ինքը ներքուստ անհանգիստ էր։ Երեկվա անհաջող դատավարությունից հետո նա այլևս վստահ չէր, որ որդին չի կորցնի զգոնությունը։ Իսկ քաղաքում իրադրությունը խիստ լարված էր և յուրաքանչյուր անխոհեմ քայլ կարող էր ճակատագրական լինել։ Կասկածելու հիմքեր նա ուներ. երեկ երեկոյան Գայոսը տուն էր դարձել քաղաքում մեծ կռվարարի անուն հանած Սերգիուս Կատիլինայի հետ ու փակվել տաբիլինում մինչև ուշ գիշեր։ Կատիլինայի մասին պատմում էին, թե նա հայրական ունեցվածքն ամբողջությամբ ժառանգելու համար սպանել է հարազատ եղբորը, հետո Սուլլային համոզել՝ նրան մտցնել մահապարտների ցուցակի մեջ։ Որքանով էր այդ պատմությունը ճշմարիտ, Ավրելիան չգիտեր, բայց երեկվա գաղտնի զրույցից նրա սիրտը ոչ մի լավ բան չէր գուշակում։ Ոչ երեկ, ոչ այսօր առավոտյան նա չէր հետաքրքրվել Կատիլինայի այցելության նպատակով՝ չկամենալով իր կասկածամտությամբ գրգռել որդուն։ Նա երկյուղում էր, թե Կատիլինային կհաջողվի անլուրջ քայլի մղել որդուն, և սրտանց ցանկանում էր նրան ժամանակավորապես հեռացնել Հռոմից, մինչև անցներ նորից թափ առնող հուզումի ալիքը։ Ողջ գիշեր նա աչք չէր փակել, քննել էր բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի կլիներ որդուն հրապուրել մեկնել պրովինցիաները։ Հնարը գտնելով՝ նախաճաշից հետո խորհուրդ հարցնելու էր գնացել եղբոր մոտ, որը հեծելավաշտապետ էր Հունաստանում և երկու ամսով արձակուրդ էր եկել։ — Եթե սենատը դեմ է քո բոլոր քայլերին, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է,— Ավրելիան մոտ նստեց որդուն։— Մեր բախտից գոյություն ունի նաև ժողովրդական ժողով, և դու կարող ես ընտրովի պաշտոնների համար առաջադրել թեկնածությունդ։ — Բայց դրա համար հարկավոր կլինի շահել ժողովրդի համակրանքը, մա՛յր։ — Դու արդեն բավականին ճանաչում ունես Քաղաքում։ Քիչ առաջ, երբ տուն էի դառնում, գոհարավաճառների կրպակների մոտ մի խումբ տղամարդիկ վիճում էին երեկվա դատի շուրջ և գովեստով էին խոսում քո մասին, քո մեղադրական ճառը համեմատում էին Ցիցերոնի ելույթների հետ։ Այնպես որ, սկիզբն արդեն արված է։ Գայոսի դեմքով բավականության չքողարկված ալիք անցավ, որը, սակայն, մարեց վայրկենապես։ Պայքարի այդ ուղին կպահանջեր մեծ ծախսեր, անհրաժեշտ քվե ապահովելու համար հարկավոր կլիներ խնջույքներ սարքել պլեբեյների համար, նվիրատվություններ անել չքավորներին, տոներին զավեշտ ներկայացումներ կազմակերպել և այլ ուրիշ հազար ու մի բաներ, որոնցից ինքը դժվար թե գլուխ հաներ։ Նա մոտիկից ճանաչում էր մի քանի պատրիկների, որոնք, բռնելով այդ ուղին, վատնել էին ողջ ունեցվածքը և, ոչնչի չհասնելով, կորցրածը ռազմավարով լրացնելու հույսով այժմ Աֆրիկայում կռվում էին բարբարոսների դեմ։ Բացի այդ, բոլորովին պարզ չէր՝ կընդունե՞ր ամբոխը իրեն՝ պաշտոնազրկված նախկին քրմին, Մարիուսի ազգականին։ Սակայն նա ուշք չէր դարձնի այս ամենին, եթե բավարար չափով միջոցներ ունենար. Սուլլան բռնագրավել էր նրա հայրական ունեցվածքը, իսկ կնոջը զրկել օժիտն ստանալու իրավունքից։ Տարեց սենեկապետը, որ րոպեից ավելի ատրիումում էր և չէր համարձակվում միջամտել, օգտվելով ծայր առած դադարից, տիրուհուն զեկուցեց, որ ընթրիքը պատրաստ է։