սենյակներից եկող տավղի նվագի հազիվ լսելի ձայնը. այդ քույրը՝ Հուլիան էր նվագել
սովորում։ Ատրիումից մետաքսե վարագույրներով բաժանված խոհանոցում
նույնպես լռություն էր տիրում. կարող էր թվալ, թե այնտեղ ոչ ոք չկա, այնինչ
մոտենում էր ընթրիքի ժամը, և խոհարարները սովորական եռուզեռի մեջ էին։
Սակայն այսօր նրանք շարժվում էին ոտնաթաթերի վրա, միմյանց հետ խոսում
փսփսոցով, ամանեղեն գործածում աննախադեպ զգուշությամբ։ Տերը խիստ
անտրամադիր էր, և վա՜յ նրան, ով անզգուշաբար կերևար նրա աչքին։ Նման
դեպքերում ողջ ֆամիլիայից միայն մի մարդ կարող էր առանց կյանքը վտանգելու
մոտենալ տիրոջը, դա Հուլիոսների տան ազատագրյալ, հույն Ափրոկլեսն էր, Գայոսի
սիրելին, որը հռոմեական սովորույթին համաձայն կրում էր տիրոջ անունը՝
Ափրոկլես Կեսար։ Բայց հիմա նա տանը չէր, ստրուկների հետ գնացել էր գնումների
և դեռ չէր վերադարձել։
Կեսարն այնքան խորն էր տարված մտքերով, որ չնկատեց ատրիումում հայտնված
տիկնոջը։ Անշշուկ առաջանալով՝ կինը թիկունքից փարվեց նրան։ Գայոսը,
հանկարծակի եկած, շրջվեց և իր առջև տեսավ մորը։ Ավրելիան թույլ տվեց որդին
համբուրի իրեն։
Ատրիում իջան երկու ջահել սպասուհիներ և տիրուհուն օգնեցին արձակել ստոլան։
— Ինչպե՞ս, ամբողջ օրը մնացել ես այսպես նստա՞ծ,— խոժոռվեց Ավրելիան, երբ
սպասուհիներից մեկը նրա ականջին փսփսաց, որ իր գնալուց հետո որդին ոչինչ չի
կերել և տեղից չի շարժվել ընդհանրապես։
Նա նստեց որդու կողքին, շտապով բերված, նստատեղին փափուկ բարձիկ ունեցող
թիկնաթոռին։
Գայոսը չպատասխանեց, ձեռքը երկարելով, դալար մի շիվ պոկեց խեցե զամբյուղի
մեջ փթթացող վարդերի թփից և սկսեց խառնել ավազանիկի ջուրը։ Ավրելիայի
մայրական նրբանկատ հայացքից չվրիպեց, որ որդին դա արեց ներքին խռովքը
քողարկելու համար։
— Ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց նա՝ անորոշ հայացքով հետևելով ավազանի
եզրերում մարող ալիքներին։
Կեսարը թոթվեց ուսերը։
— Տեսնվեիր Մումերկոսի հետ, գուցե մի խորհուրդ տար։
— Անօգուտ է, ամեն ինչ անօգուտ է,— բացականչեց Գայոսը, բայց, հաջորդ պահին,
կամքի մեծագույն լարումով, հանդարտեցրեց իրեն և շարունակեց հանգիստ
տոնով։— Ի՞նչ խորհուրդ նա կարող է տալ ինձ, երբ Ֆակտիոն իրեն էլ է նեղում։ Ո՞ւմ
պարզ չէ, մա՛յր, որ ես ոչնչի չեմ հասնի, քանի դեռ Սուլլայի զինակիցներն ամուր
նստած են սենատում։ Պետական գործերից ինձ հեռու պահելու համար նրանք կանգ
չեն առնում ոչ մի միջոցի առաջ։ Ես ամենևին հակված չեմ մտածելու, թե
պատահաբար էր, որ Դոլաբելայի պաշտպանությունը հանձն առան միանգամից
երկու հռետոր, որոնցից յուրաքանչյուրը ճարտասանությամբ տասնապատիկ
գերազանցում է ինձ։ Իսկ երեկ, երբ դատը փաստորեն շահել էի... Ու՞մ պարզ չէ, որ
տրիբունները գործում էին Կատոնի ցուցումով։
— Պետք չէ այդպես հուսահատվել։ Չի կարող պատահել, որ աստվածները, օրհնյալ
լինի նրանց անունը, լրիվ երես թեքեն մեզանից։— Ավրելիան փորձեց հորդորել