Կեսարը ևս հարեց Լեպիդոսին, առժամանակ աջակցեց նրան և՛ դրամով, և՛
համախոհներ հավաքագրելով, բայց, շատ չանցած, հիասթափվեց ապստամբության
ղեկավարից և խզեց կապը նրա հետ. շրջահայացությունը կորցրած Լեպիդոսն իրեն
շրջապատել էր արկածախնդիր երիտասարդներով, որոնց համար
ապստամբությունը սոսկ առիթ էր համաիտալական մեծ տուրուդմբոց սարքելու
համար։
Կենտրոնական խստագույն ղեկավարություն չունենալով՝ ապստամբությունը
սկսվեց նախատեսված ժամկետից շուտ և դաժանորեն ճնշվեց։ Լեպիդոսը և մյուս
ղեկավարները, Տիբուրի մոտ շրջապատման մեջ ընկնելով ինքնասպան եղան։
Բայց կրքերը չհանդարտվեցին։ Երկու ամիս անց ապստամբեցին Լուկայի, ապա
Պոմպեյքի զորանոցները, սեպտեմբերին խռովություն բռնկվեց Կումում,
տարագիրների դեմ կռվելուց հրաժարվեց Ութերորդ լեգեոնը։ Բայց բոլոր այս
ընդվզումները տարերային էին, և Ֆակտիոն դրանք ճնշում էր առանց որևէ
դժվարության։
Մումերկոսի խորհրդով Գայոսը ձեռնամուխ եղավ դատական գործունեությանը։ Դա
փառքի և ճանաչման հասնելու ամենակարճ ուղին էր, միայն թե հարկավոր էր
հաղթանակ տանել աղմկոտ դատավարություններում։
Բավարար փաստեր հավաքելով՝ նա, ի մեծ զարմանս ամենքի, գործ հարուցեց
Ֆակտիոի ղեկավարներից մեկի՝ Մակեդոնայի նախկին կուսակալ Դոլաբելայի դեմ՝
մեղադրելով նրան կաշառակերության մեջ։
Բայց որքան էլ հանդուգն էր այդ քայլը և փաստերը՝ հավաստի, նա դատը տանուլ
տվեց, քանի որ նրա դեմ հանվեցին քաղաքի ամենահմուտ հռետորները։
Բոլորովին չհուսահատվելով անհաջողությունից, շատ չանցած՝ նա իր
հովանավորյալ հույների խնդրանքով գործ հարուցեց Գայոս Անտոնիոսի դեմ, որը
միհրդատյան պատերազմի ժամանակ Հեծելազորի հրամանատար լինելով,
խայտառակ անուն էր վաստակել Հունաստանում։
Ճարտասանական փորձ ամենևին չունենալով՝ նա մեծ դժվարությամբ կարողացավ
հերքել Անտոնիոսին պաշտպանող հռետորների բոլոր փաստարկները և ջրի երես
հանել մյուս կողմի վկաների ցուցմունքների կեղծությունը։ Հետո նա մեղադրական
ճառ արտասանեց, որը ներկաներն ընդունեցին հիացական բացականչություններով,
իսկ գրագիրները շտապեցին սղագրել այն՝ հետագայում դրանից օգտ վելու
նպատակով։ Երբ թվում էր, թե ամեն ինչ ապացուցված էր և դատը՝ շահած,
անսպասելիորեն միջամտեցին ժողովրդական տիրբունները և վիգիլներին
կարգադրեցին ցրել նիստը...
Ատրիումի կենտրոնում նստած, գլուխը հենած գավաթակերպ ավազանիկին, որի մեջ
հավաքվում էր երդիկից ներս թափանցող անձրևաջուրը, նա մտացրիվ հայացքով
նայում էր մեծ սրահի միջով երևացող Յուպիտերի տաճարին, ավելի հեռվում Իրիսը
յոթնագույն քողով մերձեցրել էր իրար երկինք ու երկիր։
Նա ոսկեկար տունիկա էր հագել, որի գոտին արձակված էր և գցված փղոսկրե,
անբազկակալ աթոռի թիկնակին։
Ատրիումում ուրիշ ոչ ոք չկար։ Բոլոր ստրուկներին ու սպասավորներին կարգադրել
էր չանհանգստացնել իրեն, և տան մեռելային լռությունը խախտում էր հեռու