Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 19

Գլուխ առաջին
Այդ նույն միջոցին, ծանրորեն ճռռալով ու ճանապարհի անհարթություններից ցնցվելով, զինվորական պահախմբի ուղեկցությամբ, Տիբուրյան դարպասին մոտեցավ փոշեկոլոլ մի սայլ, որի վրա տանջահար դեմքով ամուր կապկպված վեց տղամարդ էին պառկած ։ Մինչ մուտքը կբացվեր, դարպասապահ վիգիլներից մեկը մոտեցավ և հետաքրքրությամբ զննում էր փախստականներին ։ Ճանաչելով նրանցից մեկին ՝ զինվորը ոգևորված բացականչեց.
— Ախր սա Գայոս Կեսարն է, Յուպիտերի քուրմը... Դե ես հիմա քեզ...
— Հեռու կաց,— պահախմբի պետը կոպտորեն ետ հրեց զինվորին, որ նիզակի սուր ծայրը դեմ էր արել քրմի կրծքին,— ախր նա ֆլամին [ 17 ] է ։
— Ի ՜ նչ ֆլամի ՜ ն,— ծոր տվեց դարպասապահը,— այսօր առավոտյան նրան մահապարտ են ճանաչել ։
Պահախմբի պետը մոլորված նայեց քրմին, մտորեց մի պահ, ապա ասաց.
— Ինչևէ, հանգիստ թող նրան և երկյուղի ՛ ր աստվածների զայրույթից ։ Ես նրան անվնաս կհասցնեմ կուրիա, հետո ինչ չլինելու է, թող լինի ։

Մասն երկրորդ

Գլուխ առաջին

Սուլլայի մահը չփարատեց Իտալիային պարուրած մղձավանջը ։ Իշխանությունը, ինչպես կար, այդպես էլ մնաց օպտիմատների ձեռքին ։ Պոպուլյարները դեռ չէին հասցրել վերասաղմնավորվել և անկարող էին քաղաքական լուրջ դիմադրություն ցույց տալ ։ Բայց դրությունն Իտալիայում ամենևին խաղաղ չէր. պառակտում էր սկսվել Սուլլայի մերձավոր համախոհների միջև ։ Սենատական վերնախավի ներկայացուցիչներ Մարկոս Կատոնը, Գայոս Անտոնիոսը, Ֆուֆիդիան, Գնեոս Պիզոնը, Ահենոբարբը, Կատոնի փեսա Մարկոս Բիբուլոսը և աչքի ընկնող ուրիշ նոբիլներ [ 18 ], իշխանությունն իրենց ձեռքում պահելու նպատակով, միավորվեցին և հիմնեցին մի հզոր խմբավորում, որն ստանձնեց բանակի հրամանատարությունը, զբաղեցրեց կոնսուլների, ժողովրդական տրիբունների, պրետորների, Գերագույն քրմի, ոստիկանապետի պաշտոնները, տիրացավ բարեբեր պրովինցիաներին ։ Սա առաջ բերեց Սուլլայի մյուս համախոհների դժգոհությունը ։ Առաջին մեկ-երկու ամիսներին գինետներում ու պանդոկներում միայն այդ մասին էին խոսում, շատերն ափսոսում էին Սուլլային օժանդակելու համար, ոմանք կոչ էին անում հեռանալ Իսպանիա և միանալ տարագիրներին ։ Բայց տարագիրների վիճակն այնքան էլ մխիթարական չէր, քանի որ Պոմպեոսի լեգեոնները սկզբնական դժվարություններից հետո սկսել էին նեղել նրանց ։ Ֆակտիոն, ժողովուրդն այդպես կնքեց Կատոնի խմբավորումը, լուրջ ուշադրություն չէր դարձնում այս դժգոհություններին, հուսալով, թե բանը խոսակցություններից այն կողմ չի անցնի ։ Գուցե այդպես էլ լիներ, եթե մարտին Հունաստանից չվերադառնար Սուլլայի ամենաերևելի զորավարներից մեկը ՝ պրոկոնսուլ Էմիլիոս Լեպիդոսը ։ Իր շուրջը համախմբելով մի քանի ազդեցիկ պատրիկների ՝ Լեպիդոսը ստեղծեց գաղտնի կազմակերպություն, որի նպատակն էր միավորել Ֆակտիոից դժգոհ բոլոր խմբավորումները և ապստամբություն բարձրացնել ։