— Եթե դու կարծում ես,— ասաց նա սրտնեղած,― թե ես չարաշահում եմ իմ դիրքը և
պատրաստ եմ ամեն մեկի ցանկությունը հասցնել քեզ, ապա համարիր, որ ոչինչ չեմ
խնդրել։
— Նա չի կատարել իմ հրամանը, Վալերիա՛,— Սուլլան այդ ասաց այնպիսի տոնով,
ասես արդարանում էր։— Եթե քսան տարեկանում հանդգնում է դեմ գնալ
դիկտատորին, ի՞նչ կարելի է սպասել նրանից հետագայում։ Ես դեռ երեկ
առավոտյան կարող էի կենտուրիոն ուղարկել [ 16] նրա ետևից, բայց բարեգութ եղա և
նրան հնարավորություն տվի փրկել իր կյանքը։ Իսկ նա...
— Չխոսենք այլևս այդ մասին,— Վալերիան ելավ բազմոցից ու մոտեցավ
լուսամուտին։
Քվինտոսն անհանգիստ ճեմում էր գավթի ստվերածածկ հարթակում։
— Խնդրի՛ր ինձ ուրիշ որևէ մեկի համար, և խոստանում եմ բավարարել
խնդրանքդ,— առաջարկեց Սուլլան։
Վալերիան չպատասխանեց նրան։
— Լավ, մի՛ տխրիր,— թույլ օրորվելով, Սուլլան մոտեցավ հարսնացուին, գրկեց
նրան ու հեռացրեց լուսամուտից։
Կրկին նստեցին բազմոցին։ Սուլլան գինի լցրեց ու մի քանի կում անելուց հետո
ասաց.
— Ամեն անգամ, տաճար գնալով, ես ուշի-ուշով հետևում եմ նրան և, հավատա, նրա
մեջ միշտ չթաքնված ատելություն եմ տեսնում թե իմ, թե ուղեկիցներիս հանդեպ։ Նա
նայում է ինձ Մարիուսի աչքերով...
Այստեղ Սուլլան ընդհատեց միտքը և անսպասելիորեն հարցրեց.
— Իսկ դու նկատե՞լ ես նրա աչքերի տենդագին փայլը։
Վալերիան, որ դեմքին միամիտ հետաքրքրասիրության արտահայտություն
հաղորդած, սևեռուն նայում էր դիկտատորին, ուսերը թոթվեց։
— Ո՛չ, դու ինձ ճիշտ հասկացիր,— շարունակեց Սուլլան։ Նա գինովացել էր, և
բառերը երբեմն-երբեմն սլսլոցով սայթաքում էին լեզվի ծայրից։
— Ես նրանից չեմ վախենում և ոչ մեկից չեմ վախենում ընդհանրապես. ես գիշերով
ընդամենը մեկ ուղեկցի հետ, թափանցել եմ նումիդիացիների ճամբար, գերեվարել
նրանց առաջնորդ Յուգուրթային և հասցրել մերոնց մոտ։ Յուպիտերի քուրմը ոչինչ
անել չի կարող, քանի դեռ ես ողջ եմ։ Բայց հեռու չէ այն օրը, երբ Ատրոպոսը կկտրի
կյանքիս թելը, ու մի ներքին համոզում կա սրտումս, թե Կեսարը նեղելու է
օպտիմատներին, իսկ նրանց գործի հաջողությանը ես նվիրել եմ հոգուս և մարմնիս
բոլոր ուժերը։— Սուլլան հառաչեց ու րոպեական դադար տվեց։― Երեկ ես մեկ
անգամ էլ փորձեցի նրան և համոզվեցի, որ նա նաև խորամանկ է։ Բայց ինչ էլ լինի՝
ես ներում եմ նրան, քանի որ այդպես ես կամենում դու, երկրայի՛ն իմ Վեներա։ Այ
հիմա իմ ազատագրյալին կուղարկեմ կուրիա՝ փոխելու վճիռս, բայց դու լավ հիշիր
խոսքերս. նրա մեջ հարյուր Մարիուս է նստած, և նա մեծ խաղ կխաղա
հանրապետության գլխին։ Իմ կանխազգացումը երբեք չի խաբել ինձ։