Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 17

— Եվ չէի խնդրի, հավատա, եթե հարցն անչափ չհուզեր ինձ։— Վալերիան նազելի գլուխը դրեց դիկտատորի կրծքին։— Ուզում եմ խնդրել՝ ներում շնորհես մի երիտասարդ պատրիկի, որին մահապարտ ես ճանաչել այստեղ գալուց առաջ։ Նա քո հանդեպ ոչ մի մեղք չի գործել և զոհ է դարձել չար բամբասանքների։ — Ո՞վ է այդ երիտասարդը,— Սուլլան փորձեց վերհիշել պրոսկրիպցիաների մեջ մտցված նոր անունները։ — Խոսքը Յուպիտերի քրմի մասին է,— պատասխանեց Վալերիան։ Սուլլան ձեռքը հեռացրեց Վալերիայի վարսերից, ասես օձ խայթեց նրան։ Ելավ տեղից, անհանգիստ քայլեց սենյակում։ Հետո մոտեցավ հարսնացուին և, նրա աչքերի մեջ նայելով, հարցրեց. — Անկեղծ եղիր ինձ հետ, Վալերիա, ո՞վ է քեզ դրդել խնդրելու ինձ նրա համար։ Դիկտատորի կապույտ աչքերից չքացել էր երանության շլացուցիչ փայլը, տեղը զիջելով չքողարկված զարմանքին, որն աստիճանաբար բարկության պիտի վերածվեր։ — Երախտագիտությունը, Լուկիո՛ս, միայն և միայն երախտագիտությունը,— հանգիստ պատասխանեց Վալերիան՝ հայացքը չկտրելով դիկտատորի աչքերից։ Նրա հայրը Հռոդոսում փրկել է Քվինտոսի կյանքը։ — Ես չեմ կասկածում քո անկեղծությանը,— Սուլլան շարունակեց քայլել սենյակում,— սակայն ինձ զարմացնում է այն, որ ամբողջ Քաղաքը, բան ու գործ թողած, մտածում է նրան փրկելու մասին միայն։ Մումերկոսը հավատացնում է, թե նա երեկ խոստացել է կատարել իմ պահանջները, այնինչ երեկոյան հեռացել է Քաղաքից և այլևս տաճար չի ներկայացել։ — Գուցե նա երկյուղե՞լ է, որ Մարիուսի վրեժը կառնեն իրենից,— միամիտ ձևացավ Վալերիան։ — Մումերկոսի ասելով՝ նա երեկ խիստ անհանգիստ է եղել, նրան թվացել է՝ իբր կասկածելի ինչ-որ մարդիկ թրև են եկել իր տան մոտերքում։ Բայց միայն այդ չէ. նրան ներելու խնդրանքով այսօր ինձ մոտ էր եկել նաև Վեստայի ավագ քրմուհին։ — Զարմանալի ոչինչ չեմ տեսնում,— շարունակեց ձևանալ Վալերիան,— վեստալուհիների իրավունքն է պաշտպան կանգնել մահապարտներին։ — Բայց ինչո՞ւ նրան և ոչ մեկ ուրիշին,— Սուլլան ուսերը թոթվեց և ձեռքերը տարակուսանքով տարածեց կողքի։— Մի՞թե նրանից երևելի ուրիշ ոչ մեկը չկար ամբողջ Հռումում, ում արժեր փրկել։ — Դու մոռանում ես, որ նա Յուպիտերի քուրմն է, Լուկիո՛ս, իսկ վեստալուհիների համար ոչ ոք այնքան հարազատ ու սրտամոտ չէ, որքան աստվածների հոր սպասավորը։ — Չգիտեմ, չգիտեմ,— նույն տարակուսանքով ասաց Սուլլան։— Ակամա սկսում եմ մտածել, թե ինչ-որ մեկը համառորեն ուզում է փրկել նրան՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։ Զգալով, որ նա դյուրությամբ չի ների քրմին, Վալերիան խիստ վիրավորված ձևացրեց իրեն։