Զարդասենյակ մտնելով՝ Սուլլան անբացատրելի թեթևություն զգաց. միջավայրն
անկաշկանդ էր ու տրամադրող։ Արձակելով արնագույն թիկնոցը՝ նա մնաց սպիտակ
երիզներով նախշազարդված երկնագույն տունիկայով։ Ողջունելով նստեց
հարսնացուի մոտ՝ թիկնատեղում մետաքսե բարձեր ունեցող բազմոցին։
Այրաթող այս կնոջ մոտ դիկտատորն ամեն անգամ մի նոր, մինչ այդ աննկատելի
մնացած, հրապուրիչ հատկանիշ էր գտնում, որն ավելի էր գայթակղում իրեն։ Այսօր
ահա ուշադիր լսելով նրա քաղցր-մեղցր պատմությունները Պոմպեյք կատարած
ուղևորության մասին՝ Սուլլան զարմանքով պարզեց, որ նրա ձայնի մեջ թաքնված,
մոգական կիրք կա, որից զգաստանում են իր մարմնի բոլոր մասնիկները։ Նա
մտածեց, որ խորամանկ այս կինը երևի դիտավորյալ է վարվում այդ կերպ, նպատակ
ունենալով իր վայելչությունները միանգամից չբացահայտելով մշտական
հետաքրքրություն ապահովել իր անձի հանդեպ։ Ինչ էլ լիներ, Սուլլային նա դուր էր
գալիս, և, անթարթ հայացքով նայելով Վալերիայի կրակոտ աչքերին, խոսելիս
ճերմակին տվող գեղեցիկ ատամնաշարին, կիսաբաց ստինքների վրա հանգչող
մարգարտահյուս վզնոցին, բարեձև, սքանչելի ուսերին, քանդակակերտ պարանոցին
հազիվ էր զսպում իրեն՝ ծնկի չգալ նրա առջև ու չհամբուրել մարմնի
հրաշագեղությունը քողարկող պատմուճանի ոսկեզօծ ծոպերը։ Զսպում էր, բայց
համոզված էր, որ նրա հետ բավականաչափ մտերմանալու դեպքում, երբ
խորտակվեն կեղծ ամոթանքի կաշկանդիչ պատնեշները, ինքն անկարող կլինի
տիրապետել իրեն... և քմծիծաղով պատկերացրեց, թե ինչպես է համայն Իտալիայի
տիրակալը ծնկի գալիս այս կնոջ առջև։
Սուլլան խոնարհվեց դեպի հարսնացուն և այրվող շուրթերը հպեց նրա սիրատոչոր
բերանին։ Վալերիան չշարժվեց, չգրկեց, չշոյեց Սուլլային, բայց նրա շնչառության
շեշտակի արագացումից ու պարարտ ստինքների անկանոն վերուվարից
դիկտատորը կռահեց, թե որքան կիրք կա քնքուշ այդ էակի մեջ։ Եվ անկեղծորեն
զարմացավ, թե Վալերիայի նախկին ամուսինն ինչպես է կարողացել տանել
այսպիսի սքանչելի գանձի կորուստը։
Դուռը զգուշորեն թակեցին։ Սուլլան ցանկացավ գոռալ ու գրողի ծոցն ուղարկել իր
հանգիստը խանգարել փորձողներին, բայց, վերջին պահին հիշելով իր հյուր լինելը,
անհարմար զգաց բացահայտել իր իշխանասիրությունը։
Վալերիայի հրավերից հետո դուռը դանդաղ բացվեց, և սենեկապետուհու
ուղեկցությամբ ներս մտան մրգերով ու քաղցրավենիքներով սկուտեղ բռնած
ստրուկները։
Դեսից-