Կյանքի հիսունյոթերորդ տարում Սուլլան ամուսնանում էր չորրորդ անգամ ։ Նրա առաջին կողակիցը գոս էր եղել, մյուսները, պարգևելով երեք արու զավակ, Աիդի հավերժական արքայությունն էին մտել ։ Մի քանի ամիս առաջ, երբ նա լեգեոններ էր հավաքագրում Հունաստանում, կրկին ամուսնանալու մասին չէր մտածում անգամ ։ Պատճառը ոչ այնքան անհոգ կյանքին սովորած լինելն էր, որքան անբուժելի հիվանդությունը, որ քրքրում էր նրա մարմինը ահա արդեն վեցերորդ տարին ։ Անզոր էին գտնվել աշխարհի բոլոր բժիշկները, չէին օգնել ոչ քրմերը, ոչ ինկուբացիաները, ոչ էլ ամեն տոնի Էսկուլապիոսի պատվին արվող զոհաբերությունները ։ Բայց Հռոմը գրավելուց մեկ շաբաթ անց տեղի ունեցավ մի դեպք, որը նրան ստիպեց փոխել ծրագրերը ։ Մի անգամ, երբ, Մեծ կրկեսի իր օթյակում նստած, դիտում էր կոնսուլների դեմ տարած հաղթանակի պատվին կազմակերպված գլադիատորական մարտերը, հանկարծ մեջքին ձեռքի թույլ հպում զգաց ։ Նա զարմացած շրջվեց ՝ պարզելու ՝ ով է այդ հանդուգն այրը, բայց իր առջև տեսավ հրապուրիչ ու բարետես մի կնոջ ։ Կինը, ամենևին չշփոթվելով, նրա քղամիդից բրդի մի թել պոկեց ու, նայելով Սուլլայի երկնագույն աչքերի մեջ, դաշնալուր ձայնով ասաց.
— Իմ վարմունքը թող չվիրավորի քեզ, ո ՛ վ դիկտատոր. այս թելը ես վերցրի, որպեսզի նրա շնորհիվ քո երջանկությունից մասն ունենամ իմ տան մեջ ։
Հրապուրված լինելով Սպարտակ անունով թրակիացի մի ստրուկի հմուտ մարտավարությամբ ՝ Սուլլան ուշադրություն չդարձրեց այս միջադեպին, բայց դառնալով տուն և ազատվելով օրվա տպավորություններից կրկին մտաբերեց կրկեսում տեղի ունեցած պատահարը... Եվ ողջ գիշեր երազում նրան այցի եկավ քղամիդից թել պոկող գեղամարմին կինը...
Թափորը մոտեցավ Մեսելայի առանձնատանը ։ Դռնապահ ստրուկն աստվածային հյուրի առջև բացեց դարպասն ու խոնարհվեց մինչև գետին ։ Շքախումբը ներս մտավ ։ Թիկնապահներից երեքը մնացին մուտքի մոտ, մյուսները պատգարակից իջած դիկտատորին ուղեկցեցին ատրիում ։
Հորտենզիոսն ընկղմվել էր փափուկ թիկնաթոռի մեջ և հունատառ ինչ-որ գրություն էր կարդում ։ Նկատելով ատրիում մտած դիկտատորին ՝ նա ելավ տեղից ու ողջունեց ։ Ապագա զարմիկի արհամարհական վերաբերմունքին սովորած Սուլլան անչափ ուրախացավ նրա վարքի մեջ նկատվող փոփոխության համար և սրտանց պատասխանեց ողջույնին ։ Այնուհետև Հորտենզիոսը սպասավորներին կարգադրեց գերապատիվ հյուրին ուղեկցել Վալերիայի զարդասենյակ, իսկ ինքը, չկամենալով մնալ դիկտատորի թիկնապահների հետ, դուրս եկավ գավիթ ։
Վալերիայի առանձնասենյակում օդն օծված էր անուշահոտ յուղերով, անկյուններում, ինչպես նաև գավիթ նայող լուսամուտի գոգին, ծղոտահյուս զամբյուղների մեջ դաշտային ծաղկեփնջեր էին դրված, բրոնզե վանդակներում անուշ ծլվլոցով գեղգեղում էին փարոսյան դեղնափետուր սոխակներ ։ Պատերն ու ասեղնագործ ծիրանե վարագույրները զարդարված էին մրտենու դալար շիվերով, որոնք, ըստ ավանդության, երջանկություն էին բերում սիրահարներին ։ Մարմարե սև ու սպիտակ սալիկներով շախմատաձև հատակը փայլեցված էր այնպես փութաջանորեն, որ նրա վրա, գրեթե չաղավաղված գծերով, արտացոլվում էին պոնտական մայրիփայտե մեծ պահարանը, գորգազարդ պատի տակ դրված կաշեպատ երկտեղ բազմոցը, միոտանի կլոր սեղանն ու նրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ, կրիայի խեցեմորթով երեսքաշված աթոռները ։