Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 14

հռոմեացիների մեջ։ Տիրակալին ողջունելու էին եկել պրոսկրիպցիաների մեջ ընկածներին սպանելով հարստացած բախտախնդիրներ, պլեբեյներ, Ֆիլոբեոտի ճակատամարտին մասնակցած վետերաններ, թանձրահոն ու խառնագիսակ գալլեր, վառվռուն տոգաներով մեծատոհմիկներ։ Այստեղ էին նաև ծառայությունից ազատ լիկտորներ, գոտկատեղում փայտյա սրեր խրած ռուդարիուսներ, կարճ խիտոններով ու անագապղնձե կոթուրնոսներով խոշորամարմին գլադիատորներ, տղամարդաորսը առժամանակ թողած հերարձակ կուրտիզանուհիներ, ստրուկներ։ Քաղաքի կեսին կոտորելով՝ Սուլլան երջանկացրել էր մյուս կեսին։ Սպանվածների ու տարագիրների անտեր մնացած առանձնատներն ու վիլլաները չնչին գնով վաճառելով, երբեմն էլ նվիրելով զինակիցներին՝ նա շահել էր պատրիկական վերնախավի համակրանքը։ Բռնագրավված հարստությունը պլեբեյներին բաժանելով՝ նրանց ևս գրավել էր իր կողմը՝ պոպուլյարներին զրկելով քաղաքական հենարանից։ Վետերաններին հողամաս էր հատկացնելու Կամպանիայում, իրեն աջակցած գալլերին խոստացել էր հռոմեական քաղաքացիություն շնորհել և ազատել ամեն տեսակ հարկերից։ Աղքատները նրան պարտական էին ձրի հացաբաժանումների և տոներին արվող նվիրատվությունների համար։ Պոռնկուհիները ևս գոհ էին. երկու ամսում նրանք բավականին կարողություն էին ետ գցել՝ հոգալով ասիական պրովինցիաներից եկած լեգեոներների պահանջմունքները։ Անսահման էր տասը և ավելի տարիներ առաջ Հռոմ բերված ստրուկների ցնծո ւթյունը. Սուլլան նրանց բոլորին ազատություն էր խոստացել։ Տիրակալի հայացքին արժանանալու, նրա աստվածային դեմքը մեկ անգամ ևս տեսնելու ձգտումով բազմապիսի հագուստներից երփներանգված խառնամբոխը գնաց պատգարակի ետևից։ Խրոխտ շարքեր կազմած վետերանները զլեցին ռազմաշունչ մի երգ, մյուսները ձայնակցում էին նրանց։ Պատշգամբներում խմբված ստոլազգեստ մատրոնաներն ուրախ ծաղկեփնջեր էին նետում ցած, որ թափվում էին թիկնապահների դրվագազարդ սաղավարտներին։ Երկարավարս օրիորդները, հայացքը երկինք հառած, Վեներա աստվածուհուն աղերսում էին Ֆելիքսի պես քաջակորով ու խելամիտ ամուսին պարգևել իրենց։ Աղքատ պառավներն անձայն աղոթում էին, և երբ պատգարակը հասնում էր նրանց, գլուխ էին տալիս ու երջանկություն մաղթում դիկտատորին։ Վետերաններից հետո քայլում էին կանացի զգեստ հագած և դեմքերը կարմիրով ներկած դերասանները, որոնք զավեշտ տեսարաններ էին ներկայացնում բաքոսուհիների կյանքից։ Իսկ գոտկատեղից վեր բոլորովին մերկ, խոպոպիկներով կեղծամ դրած մի պատանի, որ մարմնավորում էր Բաքոսին, հարբածի պես օրորվելով հերթով գրկում էր կանանց և արծաթե բարակավիզ սափորից գինի հեղում նրանց բերանի մեջ։ Տղեկների ոտաբոբիկ երամը վազում էր դերասանների ետևից, ձիգ տալիս գետնին քսվող նրանց շրջազգեստների փեշերից, փորձում քայլել հարբածի պես՝ առաջ բերելով ամբոխի ծիծաղը։ Այծենի հագած երգիչների խումբը դիֆերամբներ էր երգում։ Փողոցը թնդում էր որոտընդոստ ողջույններից ու անզուսպ բացականչություններից։ Տներից մեկի տանիքից հսկա մի քիվաքար ընկավ, որ քիչ մնաց իր տակ ճզմեր հարբած մի գլադիատորի։ Աքաղաղի աղբյուրի մոտ ամբոխը ոտնատակ տվեց հղի մի կնոջ. սա ճչում էր ու մոլեգնորեն կծոտում իր վրայով անցնելու փորձ անողների բաց սրունքները։