քաղաքացիական պատերազմի մեջ։ Այնպես որ կատարյալ տհաս ու կարճամիտ
կլինի նա, ով այս օրերին կբռնանա իմ կյանքի վրա։
Ֆորումում դիկտատորի ծիրանեգույն պատգարակի հայտնվելը պատճառ դարձավ
աննկարագրելի իրարանցման։ Տիրակալին ողջունելու էին եկել Փարսալի
ճակատամարտին մասնակցած վետերաններ, վառվռուն տոգաներով
մեծատոհմիկներ, թանձրահոն և խառնագիսակ գալլեր, պլեբեյներ։ Այստեղ էին նաև
ծառայությունից ազատ լիկտորներ, գոտկատեղում փայտյա սրեր խրած
ռուդարիուսներ, կարճ խիտոններով ու անագապղնձե կոթուրնոսներով
խոշորամարմին գլադիատորներ, ստրուկներ։
Տիրակալի հայացքին արժանանալու, նրա աստվածային դեմքը մեկ անգամ ևս
տեսնելու ձգտումով ամբոխը գնաց պատգարակի ետևից։ Խրոխտ շարքեր կազմած
վետերանները զլեցին ռազմաշունչ մի երգ, մյուսները ձայնակցում էին նրանց։
Պատշգամբներում խմբված մատրոնաներն ուրախ կանչերով ծաղկեփնջեր էին
թափում ցած, երկարավարս օրիորդները հայացքը երկինք հառած՝ Վեներա
աստվածուհուն աղերսում էին դիկտատորի պես քաջակորով ու խելամիտ ամուսին
պարգևել իրենց։ Աղքատ պառավներն անձայն աղոթում էին, և երբ պատգարակը
հասնում էր նրանց, գլուխ էին տալիս ու երջանկություն մաղթում դիկտատորին։
Փողոցները թնդում էին որոտընդոստ ողջույններից ու անզուսպ
բացականչություններից։ Տներից մեկի տանիքից հսկա մի քիվաքար ընկավ, որ քիչ
մնաց իր տակ ճզմեր հարբած մի գլադիատորի։
Ֆաբրիցիուսի կամրջի մոտ ստրուկի շորերով ջահել մի տղամարդ համառորեն
փորձում էր մոտենալ պատգարակին։ Կեսարը նրան ճանաչել էր հեռվից. Նուրց Րան
էր։
Շարունակ հրմշտվելով ամբոխի կողմից՝ ստրուկը մի կերպ հասավ պատգարակին և
Կեսարին պարզեց մի գրություն։
— Շտապ կարդա, դիկտատո՛ր, հենց հիմա...
Այստեղ նա նկատեց Կեսարի կողքին թիկն տված Բրուտոսին, որ խոժոռ հայացքով
նայում էր իրեն, ու խոսքը կիսատ մնաց բերանում։
Մարդկային վարար հեղեղը նրան հեռացրեց պատգարակից։ Գործի դնելով
արմունկները՝ Րան փորձեց կրկին մոտենալ դիկտատորին, բայց վետերանները
նրան կոպտորեն ետ հրեցին։ Նա ընկավ գետին։ Նրան տրորում էին անխնա, և չէր
կարողանում ոտքի ելնել։ Խելահեղ կատաղություն տիրեց նրան, պատահածին
կծոտելով ու խփելով՝ նա մի կերպ ելավ ու համառորեն փորձեց ճեղքել
բազմությունը։ Շարքերն անչափ խիտ էին, քվիրիտներից ոմանք հարվածում էին
նրան, որ իր ստրուկ տեղով համարձակվել էր դիպչել իրենց։
Կեսարն առաջացել էր բավականին, և պատգարակն այլևս չէր երևում մարդկանց
գլխավերևում։ Րան քաշեց մոտով անցնող կենտուրիոնի թևից, բայց սա հրմշտոցի
մեջ գզգզված մազերով և պատռված հագուստով ստրուկին մուրացկանի տեղ
ընդունելով՝ գլուխ չդրեց հետը։ Այդժամ նա ձգվեց թաթերի վրա ու գոռաց ամբողջ
ուժով.
— Կարդա՛ գրությունը, Կեսա՛ր, դավադրությու՜ն է...
Նրա ձայնը խլացավ ականջ ծակող ժխորի մեջ։