— Վախենում եմ, Կեսար,— Կալպուրնիան ամուր սեղմվեց ամուսնուն,— իմ
ննջարանը ողողված է արյունով։
Միմյանց գրկած՝ նրանք մտան Կեսարի ննջարանը։ Դիկտատորը կնոջը պառկեցրեց
մահճակալին, ծածկեց վերմակով ու նստեց ոտքերի մոտ։
Ո՞րն էր իմաստն այս մեկ երազի։ Սոսկ զուգադիպությո՞ւն էր, թե՞ գալիք աղետի մի
նոր կանխանշան։ Երեկ խնջույքի ժամանակ շատ խոսեցին մահվան ու մեռնելու
մասին։ Այս երազները գուցե դրա հետևանքնե՞րն են։
Ամուսնու ներկայությունից հանգստացած Կալպուրնիան քնել էր։ Կեսարն անցավ
նեղ միջանցքով ու հայտնվեց մարմարե հատակով ընդարձակ դահլիճում, որի
պատերից մեկի երկայնքով ձգվում էր պոնտական մայրիփայտե մի մեծ սեղան, վրան
մագաղաթյա գրքեր ու գծագրեր։ Փնտրելով դրանց միջից Տարպեյան ժայռի
մերձակայքի քարտեզը՝ փռեց սեղանի անկյուններից մեկում և խոնարհվեց վրան։
Հիմնական դժվարությունը, որի պատճառով ձգձգվում էր թատրոնի կառուցումը,
շինանյութի փոխադրման հարցն էր։ Քարհանքը բավականին հեռու էր քաղաքից։
Բայց դա դեռ ոչինչ. պատաքարերը կարելի էր տեղ հասցնել գլորաններով։ Սակայն
ինչպե՞ս դրանք բարձրացնել ժայռի գլուխ։ Գուցե ծառահատե՞լ, հող բերել-
հարթեցնե՞լ համեմատաբար սահուն լանջերից մեկն ու քաշելով հանել վեր։ Կամ
փորձել բարձրացնե՞լ պարաններով։ Ինչևէ, երկու դեպքում էլ կարիք կզգացվի
մարդկային անհամար ձեռքերի։
«Օ՜, սրբազան ֆեցիալներ, չկա մի խնդիր, որ հնարավոր լինի լուծել առանց ձեր
շուտափույթ միջամտության,— նա մի կողմ հրեց քարտեզը և գլուխն առավ ափերի
մեջ։— Պոմպտինյան ճահիճները չորացնելու համար ստրուկներ են պետք, Վերին
ծովից մինչև Տիբեր ջրանցք փորելու համար հսկայական միջոցներ են հարկավոր,
Ֆուցիևյան լիճը պիտի իջեցվի, Մարսի տաճարը կիսատ է, Եգիպտոսում երաշտ է՝
հացահատիկի նոր մատակարար է հարկավոր գտնել»։
Պատերազմն անխուսափելի է. բոլոր այս խնդիրները լուծելու այլ ուղի ինքը չի
տեսնում։ Չարշավի՞ արդյոք Տիզբոնի վրա (Անտոնիոսը երեկ մի գլուխ պնդում էր, թե
վաղուց ժամանակն է այդ թխամազ բարբարոսներին հասկացնելու՝ ինչ ասել է Հռոմ
և հռոմեական արծիվ)։ Նա կռվելու անզուսպ ցանկություն ունեցավ. վերջին մարտը
վարել էր չորս տարի առաջ, և այդ չորս տարիները նրան մի ողջ հավերժություն
թվացին։ Նա թաղվեց բարձր թիկնակով փափուկ աթոռի մեջ և աչքերը փակելով՝
պատկերացրեց, թե բանակ է առաջնորդում ասիական տափաստաններով։ Հետո
մտովի լաստով անցավ Եփրատը, իջավ հարավ և ահռելիորեն ընդարձակ
հարթավայրի վրա հանդիպեց պարթևական և հայկական միացյալ զորաբանակին։
Նրանք անթիվ էին ծովի ավազի պես, նրանց հագուստի մեջ սևն էր գերիշխում։
Լեգեոնները զենքերը շաչեցնելով՝ կռիվ էին ուզում, լեգատները բանբերներ էին
ուղարկում մեկը մյուսի ետևից։ Աղմուկ էր, շփոթ, իրարանցում, գալարափողերի
կանչերից մարդ էր խլանում...
Կեսարը ցնցվեց արագ թևաբախյունից և շուրջը նայելով՝ գզգզված փետուրներով մի
արքայածիտ տեսավ մագաղաթագալարների վրա, որ տաբիլինում էր մտել կիսաբաց
լուսամուտից ու կուչ եկած՝ հևում էր։ Չէր հասցրել դիկտատորը տեղից շարժվել, երբ
սոսկալի կռինչով սև ամպի նման սրահ խուժեցին երկու տասնյակ ագռավ և մի
ակնթարթում հոշոտեցին վիրավոր թռչունին։ Կեսարը տեսարանից շվարած՝ լուռ