ձեռքից և ուղեկցել վեր, ուր իրենց օդեղեն ապարանքներում հավերժական կյանքի երանությունն են ըմբոշխնում քրոնոսածին և անմահ աստվածները ։
Կեսարը գուցեև կարևորություն չտար երազին, եթե երկու շաբաթ առաջ զոհ մատուցելուց հետո գուշակ Սպուրիննան խորհուրդ տված չլիներ զգուշանալ մարտյան իդոսից ոչ ուշ սպասվող վտանգից ։
Իսկ այսօր մարտի իդոսն է ։
Քնել այլևս անհնար էր, ու տանջող մտքերը թոթափելու նպատակով նա, հենց այդպես, գիշերազգեստով դուրս եկավ ատլանտներով զարդարված երկարավուն պատշգամբ ։ Աղոտվարդագույն հորիզոնի վրա պարզորոշ ուրվագծվել էին Միներվայի, Փավնոսի և Յուպիտերի կորագմբեթ տաճարները ։ Իսկ ավելի մոտ ՝ կիսախավարում թաղված նոճիազարդ պարտեզից այն կողմ, ադամալույսի հիվանդագին-գունատ ծվենները ջանում էին խավարից խլել դիկտատորի անունը կրող ֆորումի ընդարձակ հրապարակը ։
Ութսունվեց կանգուն լայնություն, երկու հարյուր արմունկ երկարություն ունեցող հասարակական կենտրոնը, որ կառուցեց ութ տարում, ձգվում էր երկայնական առանցքով և երկու կողմից բոլորված էր կրկնակի սյունաշարով ։ Սալահատակ հրապարակի եզրում փառահեղորեն բազմել էր Վեներա աստվածուհու տաճարը ՝ ճակատային կողմից ութ սյուներով կազմավորված խորը սյունասրահով ու թաղակապ զոհարանով ։ Հրապարակի ձախ կողմում նշմարվում էին առևտրականների խորանարդաձև կրպակները ։
Կառույցին նայելով ՝ Կեսարը հիշեց, որ երկրորդ ամիսն է իրեն բերել են Տարպեյան ժայռի վրա կառուցվելիք թատրոնի գծագրերը, իսկ ինքը ժամանակի սղության պատճառով դեռ չի նայել դրանք ։ Նա քայլերն ուղղեց դեպի տաբիլինումի վրա բացվող դուռը ՝ հուսալով, որ գծագրերով զբաղվելով ՝ չի մտածի տհաճ երազի մասին ։
Պատշգամբի կենտրոնում ՝ ատլանտներից մեկի ոտքերի մոտ կանգնած գիշերապահն ինչ-որ անհանգիստ էր ։ Ներս մտնելուց առաջ Կեսարը մոտեցավ նրան ։ Զինվորը հայացքով ցույց տվեց սյուներից մեկը ։
— Կալպուրնիա ՞, ինչո ՞ ւ քնած չես,— զարմանքով հարցրեց Կեսարը ՝ մոտենալով մետաքսե բարակ այգազգեստի մեջ փաթաթված կնոջը ։
Կալպուրնիան փարվեց ամուսնուն, գլուխը նազելիորեն հենեց նրա ուսին ։ Կեսարը գրկեց կնոջը, զգուշորեն ետ տարավ նրա լուսնագույն ճակատը ծածկող վարսափունջը ։
— Ինչո ՞ ւ քնած չես,— հարցը կրկնեց Կեսարը ։— Դու արտասվո ՞ ւմ ես ։ Կալպուրնիան հեկեկաց բարձրաձայն, և արցունքները ողողեցին նրա դեմքը ։
— Վատ երազ տեսա, Կեսար, սարսափելի վատ երազ,— արտաբերեց նա ցնցվելով,— մեր տանիքը փլվում էր, իսկ դիմակներ հագած ինչ-որ մարդիկ դաշունահարում էին քեզ իմ գրկի մեջ ։ Նրանց շարժումներն այնքան ծանոթ էին ինձ, այնքան հարազատ ։ Ա ՜ խ, սուրբ Յուպիտեր, որքան վախեցա ես, որքան վախեցա ։— Կալպուրնիան միմյանց սեղմած ափերը մոտեցրեց դեմքին ։
— Դե, ոչինչ էլ չկա,— Կեսարը հանգստացրեց կնոջը,— ինչպես տեսնում ես ՝ ես քո գրկի մեջ եմ, և ոչ ոք մեզ չի սպառնում ։ Ներս գնանք, սառն է այստեղ ։