— Վաղը սենատի նիստից հետո կխոսեմ պրետորների հետ, և երեկոյան ազատ կլինես ։
— Օ ՜, Կեսար,— ստրուկը ծնկի եկավ և համբուրեց դիկտատորի կոշիկները,— ես որքան եմ երազել այն պահին սպասելով, երբ գլխիս պիլեում կդնեմ ու իրավունք կունենամ երկրպագել Ֆերունային. ես վաղը ևեթ ոտաբոբիկ Սորակտա լեռը կգնամ և առաջին բերք կնվիրաբերեմ նրան ։
— Վեր կաց,— կարգադրեց նրան Կեսարը խստաձայն, իսկ երբ երջանկությունից ցնծացող ստրուկը կանգնեց նրա առջև իր ողջ հասակով ՝ շարունակեց դանդաղ ու առանց չարության.— Ես ազատություն կշնորհեի քեզ, եթե անգամ ծանակեիր ինձ. բանաստեղծը պիտի ապրի ազատության մեջ, և հասարակությունը, որ չի աստվածացնում իր բանաստեղծներին ու չի ազատում նրանց ամենայն հոգսերից ՝ անբուժելի հիվանդ է ։
Նուրց Րան հմայվածի պես դիկտատորին էր նայում ։
— Կարող ես ապրել ինձ մոտ,— առաջարկեց Կեսարը,— ոչ մի հոգս չես ունենա ։ Քեոսացուն գիտե ՞ ս ։
— Այնքան, որքան կարող է իմանալ ստրուկը դիկտատորի սիրելի քերականին ։— Նա ղեկավարելու է հունական գրադարանը ։ Կօգնե ՛ ս նրան ։
Կեսարի առաջարկն ավելի քան հրապուրիչ էր, բայց ստրուկն ուժ գտավ իր մեջ մերժելու այն ։
— Ինձ համար մեծ երջանկություն կլիներ ապրել աստվածային Կեսարի հարկի ներքո, բայց ազատությունը պետք է ինձ ո ՛ չ այն ըմբոշխնելու համար ։ Իմ կյանքն արդեն թունավորված է, ինքնասիրությունս ՝ բռնաբարված, օրերս ՝ հաշված ։ Ես մի վերջին երազանք ունեմ ՝ լինել Իսպանիայում ։
Կեսարը տարակուսանքով ուսերը թոթվեց ։
— Ասում են ՝ այնտեղ մի կին է վերադարձել Մեռյալների թագավորությունից և շրջել մարդկանց մեջ յոթն օր,— բացատրեց ստրուկը ։
— Լսել եմ,― ճակատը կնճռոտելով ասաց Կեսարը,— թեև հավատ չեմ տածել ։— Հետո ավելացրեց.— Վարվի ՛ ր, ինչպես կամենաս ։
Նուրց Րան կամենում էր գլուխ տալ և հեռանալ, բայց հանկարծ Կեսարը հարցրեց.
— Քո պատումն ավարտվում է Ալեքսանդրի աճյունի հետ հանդիպումով. ի ՞ նչն է պատճառը ընդհատումի ։
Նուրց Րան չէր ցանկանա առնչվել այդ հարցին և գունատվեց մի պահ, բայց քանի որ պարտավոր էր պատասխանել, ասաց.
— Աստվածային Կեսարը պարտադրո ՞ ւմ է անկե ՞ ղծ լինել ։— Դա միակ բանն է, որ չեմ կարող պարտադրել ։ Ստրուկը խոր շունչ քաշեց, ապա օգնության կանչելով բոլոր աստվածներին, սկսեց.
— Ես փոքր մարդ եմ քեզ քննադատելու համար, ի ՛ մ դիկտատոր, և ընդհանրապես, ով երբևիցե կփորձի նախատել քեզ, թող նախ հաշիվ տա իրեն, թե ո ՞ վ է ինքը և ի ՞ նչ ճակատագրով է ապրում ։ Ես, չնչին արարածս, որ ծանրաբեռնված եմ մանր