Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 261

Մեկ րոպեի չափ նրանք քայլեցին լուռ, ապա Կեսարը բազուկները հավաքելով կրծքին՝ հարցրեց. — Եվ դու այդ ամենը գրել ես առանց կենսափորձի՞։ — Կենսափորձ, ի՛մ դիկտատոր, արդարև, ես չունեմ,— արագ-արագ պատասխանեց ստրուկը՝ ասես նախապես սպասում էր այդ հարցին,— և չէի կարող ունենալ, քանի որ գիտակցական կյանքիս առաջին իսկ օրը սոսկումով զգացի, որ ես անազատ եմ։ Զրկված լինելով ամեն ինչ տեսնելու և զգալու հնարավորությունից՝ ես ջանացի կյանքն ընկալել երևակայությամբ և կույրի նման ստեղծեցի իմ աշխարհը։ Ես մերձավորներ չունեմ, բայց երևակայում եմ, թե ապրում եմ նրանց հետ, թե շրջապատված եմ ուշադրությամբ ու գգվանքով։ Ես չգիտեմ ի՞նչ է կուշտ ուտելը, բայց պառկում եմ քնելու բոլոր բարիքները ճաշակած։ Ես ուրախանում եմ ուրիշների հաջողությամբ, տառապում նրանց հետ, իսկ տառապանքը կենսափորձ է ծնում։ Կեսարի դեմքին մտորումի կնճիռներ գոյացան, և նա անխոս նայում էր ստրուկի աչքերի մեջ։ Իսկ սա հալչում էր դիկտատորի տիրական հայացքից ու երկյուղում՝ չլինի՞ ինչ-որ բան այն չասաց։ — Իսկ դու համոզվա՞ծ ես, որ ես խորհել ու գործել եմ այնպես, ինչպես ինքդ ես ներկայացրել,— երկարատև լռությունից հետո հարցրեց Կեսարը։ Նուրց Րան չշտապեց պատասխանել, մի քանի վայրկյան ժողովեց մտքերը, ապա ասաց. — Աստվածները ո՛չ ինձ, ո՛չ այլևս որևէ մեկին չեն շնորհի խորհելու և գործելու քո կարողությունը, և անհնար է գրել քո մասին՝ առանց նսեմացնելու քո անձը։ Սա ես ամենևին շողոքորթելու համար չեմ ասում։ Ես հասկանում եմ՝ հանճարի մասին պիտի գրի հանճարը, բայց ես... Նա կարկամեց մի պահ և գլուխը խոնարհեց։ — Ես քո բարեհաճությունը շահելու այլ ուղի չէի տեսնում։ Ու եթե իմ գիրքը դուր չի եկել քեզ, կնշանակի զուր եմ անքուն գիշերներ լուսացրել հասկանալու համար, թե հոգու և երկնային ինչ ուժեր ու ազդակներ ապահովեցին քո հաղթանակը, և այն երկու ասը, որ ստանում եմ գոյությունս պահպանելու համար, զուր եմ կերոնների ու մագաղաթի համար վատնել։ Նրա առջևի ատամները թափված էին, և կամենալով կոծկել իր խեղանդամությունը, նա խոսում էր՝ շուրթերը համարյա չհեռացնելով միմյանցից։ Նրա շիտակությունը դուր եկավ Կեսարին և հետաքրքրվեց, թե ինչ է նրա ուզածը։ — Իմ ուզածը չնչին բան է աշխարհի տիրակալի համար և նրանից գրեթե ժամանակ ու ջանքեր չի խլի,— պահը ճակատագրական էր, և նրա շունչը կտրվում էր հուզմունքից։— Ազատի՛ր ինձ ստրկությունից, և ես կերկրպագե՛մ քեզ, ինչպես չի երկրպագվել ոչ մի աստված։ — Միայն այդքա՞նը,— զարմանքով հարցրեց Կեսարը, որ ավելին էր սպասում։ — Այո՛, ի՛մ տիրակալ. շղթայված մարդու համար ազատությունից թանկ ոչինչ չկա, մանավանդ, եթե նա անելիքներ ունի կյանքում։