Ի հակադրություն սրահների ՝ միջանցքը բոլորովին զուրկ էր պերճանքից, անգամ պատերը նկարազարդված չէին ։
Վերջապես նեղլիկ մի մուտք պատահեց նրան, ու ներս մտնելով, նա իր առջև ուռուցիկ նախշերով և երկնագույն հախճապակիով զարդարված մի ոսկե պատ տեսավ ։ Դա մինչ առաստաղ հասնող հսկայական արկղ էր, նման վերնածածկույթով վարագույրի ։ Արկղն այնքան մեծ էր, որ դրա և սենյակի ժայռոտ պատի միջև սոսկ մի նեղ միջանցք էր մնացել, որտեղով նա կարող էր անցնել մեծ դժվարությամբ ։ Այդտեղ ընկած էին գինու սափորներ, կանթեղներ, սկահակներ և գավաթներ, ու Կեսարը կռահեց, որ սա սովորական սրահ չէ, այլ գերեզմանոց ։ Սառը քրտինք պատեց նրան, երբ պատկերացրեց, որ ոսկյա պատից այն կողմ իրենից ընդամենը մի քանի քայլի վրա ննջեցյալ կա ։ Բայց ո ՞ վ է նա...
Ջահն առաջ պարզած ու պատերին քսվելով նա պտտվեց արկղի շուրջը, մինչև կողերից մեկի վրա երկփեղկ դուռ գտավ ։ Ետ քաշելով փականը, նա զգուշությամբ ներս նայեց ։ Պարզվեց, որ ներսում մի արկղ էլ կար, առաջինից գրեթե երկու անգամ փոքր ու նույնպես ոսկուց ։ Անմիջապես մուտքի մոտ, թերթավոր ոսկով պատված ու սրբազան օձերով զարդարված զոհասեղանին մի տուփ էր դրված, իսկ հոգատար կերպով ձեռքերը տարածած չորս պահապան դիցուհիներ շրջապատել էին այն ։ Կեսարը տուփի մեջ մարդկային սիրտ, ուղեղ և փորոտիք գտավ, որոնք պահպանվել էին այնպես լավ, ասես դրանք երեկ էին հանվել մեռյալի մարմնից ։
Նրա շունչը կտրվում էր հետաքրքրասիրությունից, խորհրդավորությունից նրան դող էր համակում ։ Դանդաղ և զգույշ մտնելով փոքր արկղի մեջ Կեսարը հայտնվեց դեղին կվարցիտից տաշված մի սարկոֆագի առաջ, որ դրված էր ալեբաստրե հաստ սալի վրա ու ծածկված էր վարդագույն գրանիտե կափարիչով ։ Կեսարը հուզված շուրջը նայեց և ոսկյա պատերի վրա իր այլայլված արտացոլումը տեսավ ։ Նա մեկ կամեցավ ետ դառնալ, բայց գայթակղությունը զորեղ էր երկյուղից, ու ջահը մոտեցնելով ՝ գրություն փնտրեց սարկոֆագի վրա ։ Նա մի քանի անգամ պտտվեց սարկոֆագի շուրջը, մանրազնին տնտղեց այն, բայց ոչինչ չգտավ ։ Միայն կափարիչը բացելով կարելի էր պարզել գաղտնիքը ։ Դա արդեն վեր էր նրա ուժերից, և նա արձանացել ու ակնապիշ նայում էր սարկոֆագին. երկյուղն աներևույթ ոգիներից, որոնք ամենուր են և տեսնում են ամեն շարժում, կաշկանդում էր նրան ։ Այդպես անշարժ նա մնաց քառորդ ժամ, ապա կտրուկ շարժումներով ջահը հարմարեցնելով մի անկյունում և ջանալով ոչնչի մասին չմտածել ու ոչինչ չհիշել ՝ մեծագույն ճիգով ծանր կափարիչը հրեց մի կողմ ։ Սարկոֆագի մեջ մումիաձև ռանդված փայտյա դագաղ կար, պատված ոսկեթերթով ։ Նրա կոկորդը սեղմվում էր, ձեռքերն այլևս չէին ենթարկվում նրան, բայց գաղտնիքն իմանալու գայթակղությունը ուժ էր տալիս նրան, և նա բոլորովին քրտինքի մեջ կորած ՝ ձեռքը զգուշությամբ, ասես այն մտցնում էր օձերով լի զամբյուղի մեջ, երկարացրեց սարկոֆագի մեջ ։ Անպատմելի սարսուռ անցավ նրա մարմնով, երբ մատերը հպվեցին դագաղին ։ Նա չէր համարձակվում սարկոֆագի մեջ նայել ։ Նրա մատերը դեմ առան ինչ-որ ելուստի, և կափարիչը բարձրացնելով ՝ դրեց դագաղի կողքին ։ Երկյուղախառն հետաքրքրասիրությամբ նա նայեց դագաղի մեջ և ասեղնագործ վարշամակի տակ մարդկային մարմնի ուրվագծեր նշմարեց ։ Չհամարձակվելով ձեռքով կպչել ՝ նա մոլորված շուրջը նայեց, ապա, շունչը պահած, սրի ծայրով զգուշությամբ ետ տարավ ծածկոցը ։ Սկզբում երևացին ննջեցյալի