ստորգետնյա այս բանտում ՝ մինչև ուժերն իսպառ լքեն իրեն ։ Նրա աչքերում միմյանց հաջորդեցին զայրութի բոլոր երանգները, մի պահ նա կամեցավ ձայնել թագուհուն, բայց միտքը փոխեց. եթե ինքն իսկապես խաբված է, ապա բոլորովին անիմաստ են օգնության կանչերն ու սպառնալիքները ։ Բայց մահվան սպառնալիքն ամենևին չսարսափեցրեց նրան. նա իրեն վարժեցրել էր ամեն վայրկյան պատրաստ լինել արժանավայել դիմավորելու Մանեսին ։ Նրան հետաքրքրեց, թե որտեղ է ինքը և շրջվելով ՝ դեղնավուն հրդեհի պես մի բան տեսավ իր առջև ։ Նրա հայացքի դեմ բոցավառվող ինչ-որ առարկաներ երևացին ՝ լղոզված ուրվագծերով, բայց երբ նրա աչքերը ընտելացան այդ քաոսին, նա զանազանեց առանձին իրեր ՝ տարօրինակ կենդանիներ, անդրիներ, անիվներ, արկղեր ։ Ուր նայում էր ՝ ոսկի էր, որ ջահի լույսի տակ փայփլում էր անաղարտ մաքրությամբ ։ Մոռացած քիչ առաջ իրեն տիրած վհատությունը ՝ նա պապանձվել էր զարմանքից ։ Սրահում, ուր նա հայտնվել էր, պատերի մոտ երեք ոսկեզօծ մահիճներ էին դրված, որոնց շրջանակներին առասպելական արարածներ էին փորագրված ։ Քիչ հեռու ընկած էին ամբողջովին ոսկեպատ և զարդանկարված չորս մարտակառքերի ցիրուցան մասեր. ոսկեպատ էին նույնիսկ անիվներն ու սռնիները ։
Այս ոչ մեծ սրահից որմնախորշված մի ելք, որի երկու կողմերում ոսկե սանդալներով, վուշե հագուստով և երկար գավազաններ բռնած մարդկային երկու ֆիգուրներ էին կանգնած ՝ տանում էր կից սենյակը, որը նույնպես կիսով չափ լցված էր ամենատարբեր իրերով ։
Կեսարին աստիճանաբար այն համոզումն էր տիրում, որ ինքն ամենևին բանտված չէ, ինչպես կարծում էր սկզբում, և որ Կլեոպատրան բոլորովին նպատակ չունի մեկուսացնել իրեն աշխարհից, այլ իսկապես կամենում է ցուցադրել անսպասելի, անիմանալի մի բան ։ Եվ նա ջահը գլխից վեր պահած ՝ անսահման հետաքրքրությամբ և խորհրդավորությամբ զննում էր ստորգետնյա պալատի սենյակները ։
Նրա ոտքերի տակ ոսկուց, արծաթից, փղոսկրից, ալեբաստրից, սև և մայրու փայտից վարպետորեն շինված տուփեր էին թափված, որոնց վրա որսի և ռազմի տեսարաններ պատկերող հարթ ու մակադիր դրվագումներ էին ու նկարներ ։ Կեսարը կռացավ և բացեց դրանցից մի քանիսը. տուփերն ամփոփում էին ոսկեկար և ուլունքազարդ զգեստներ, ոսկե սանդալներ, ձյունաթույր սպիտակեղեն, ապարոշ, նախշազարդ աղեղներ, նիզակներ ու կապարճներ, ընձառյուծի մորթուց քրմական հագուստ ՝ եզրակարված ոսկե և արծաթե վարդազարդերով ։
Հաջորդ սրահում նա ոսկե և ագալմատոլիթե անհամար գավաթներ տեսավ, տապակած բադեր պարունակող սկահակներ, ինչպես նաև ձուլածո արձանիկներով փոխադրելի զոհասեղաններ, հախճապակյա զարդեր, լաջվարդով մակազարդված զանգվածեղ գայիսոն, որը նրան խիստ ծանոթ թվաց ։ Պատերի երկայնքով ճարտարորեն դրոշմանկարված կաշվե նստելատեղերով ճոխ, վերից վար ոսկով, փղոսկրով և գույնզգույն ապակիով զարդարված աթոռներ ու ծալովի աթոռակներ էին շարված, որոնցից ամեն մեկը մի ողջ կարողություն էր ։
Հետո նա քառորդ ժամի չափ առաջանում էր սալահատակ միջանցքով, որը սլաքի պես ուղիղ էր և ջրի պես ողորկ ։ Նա արդեն համոզված էր, որ իրեն անակնկալ ինչ-որ բան է սպասվում ։ Բայց ի ՞ նչ կարող էր լինել դա ։ Այդ հարցը հանգիստ չէր տալիս նրան, նա հուզվում էր, նրա սիրտը խփում էր այնպես արագ և ուժգին, որ բաբախյունն արձագանքվում էր միջանցքում ։