Նա հայացքը դարձրեց ստրուկներին. սրանք կանգնած էին զգաստ ու անշարժ ՝ մոմե արձանների նման ։
Վերջապես հարթակը դեմ առաջ գետնին ։ Նրանց առջև ժայռերի խորքը տանող մի նեղ միջանցք էր ։ Այն վերածվեց ստորգետնյա ընդարձակ սրահի, որի երկայնքով փայտե դագաղներ էին դրված ։ Սրահ չմտած ՝ թագուհին և ստրուկները ծնկի եկան, իսկ Կեսարին նշաններով հասկացրին հետևել իրենց ։ Այդպես լուռ և գլուխները գետնին հպած ՝ նրանք մնացին մի քանի րոպե, մինչև սրահի խորքերում չրխկոցի նմանվող ինչ-որ ձայն լսվեց ։
Դագաղների միջև ալեբաստրե սկահակներ, մեղեսիկե ու փիրուզյա ապարանջաններ, երփներանգ փետրափնջեր, շշմեցնող քանակության թանկարժեք քարեր, արտասովոր, բայց հրաշակերտ ոսկե և արծաթե արձանիկներ, մետաքսի նման բարակ գործվածքից շքեղ հանդերձներ և այլ իրեր էին թափթփված, որ մեռյալների մոտ թողել էին անդրշիրիմյան թափառումների համար ։
Թե ՛ սրահի մռայլ խորհրդավորությունը, թե ՛ ջահերի լույսից շողշողացող գանձերը ճնշող տպավորություն էին գործում Կեսարի վրա, և նա հմայվածի պես շուրջն էր նայում ։ Նա մի փոքր ետ էր ընկել և հանկարծ սոսկումով նկատեց սրահի խավար անկյունից դեպի իրեն եկող ինչ-որ ուրվականի ։ Ուրվականը համառորեն մոտենում էր ։ Կեսարը նրա գլխին ոսկեկուռ օձ նշմարեց ։ Նա մինչ գոտկատեղը մերկ էր, նուրբ կտորից շրջազգեստ էր հագին, որ փափուկ ծալքերով իջնում էր մինչև ոտքերը ։ Նրա ազդրերն ի վար կախված էին հրակարմիր գոտու ծայրերը ։
Կեսարն ակամա ձեռքը տարավ դեպի սուրը ։ Մետաղի ձայնից Կլեոպատրան և ստրուկները շրջվեցին ։
— Մի ՛ երկյուղիր,— հանգստացրեց նրան թագուհին,— Էհնաթոնն է. քրմերը նրա սարկոֆագի վրայից քերել-ջնջել են նրա անունը, և հիմա նրա հոգին հանգիստ չունի ՝ անվերջ թափառում է և սնվում աղբի մնացորդներով ։
Էհնաթոնն ընդհուպ մոտեցավ իմպերատորին ։ Նրանից սառնություն էր տարածվում ։ Մի քանի վայրկյան նա լուռ նայեց Կեսարի աչքերի մեջ, ապա, անհասկանալի ինչ-որ բառեր մրմնջալով ՝ հեռացավ ։ Կեսարը շվարած նայում էր երբեմնի հզոր փարավոնի ետևից, որն իր երկրային կյանքում տիրել էր աշխարհին, իսկ այժմ ահա միայնակ թափառում էր խավար խորշերում ։ Այս ամենից ցնցված ՝ նա առանց որևէ մտքի անխոս հետևում էր ջահակիրներին և այն զգացողությունն ուներ, ասես իր սրտի տեղում սառույց լիներ ՝ անընդունակ մտածելու և տրվելու հույզերին ։
Դուրս գալով սրահից ՝ նրանք ժայռափոր սանդուղքով իջան մի քանի կանգուն և դեմ առան գորշ սվաղով պատած մի կնքված դռան ։ Թագուհին զգուշությամբ պոկեց կնիքը, ստրուկներից մեկն ուսով հրեց դուռը, և այն զարմանալի թեթևությամբ ետ քաշվեց ։ Նրանք առաջացան նեղ միջանցքով և պատահեցին մեկ այլ դռան ՝ նույնպես կնքված ու սվաղած ։ Երբ այս դուռն էլ բացվեց, ջահակիրները խոնարհաբար կողմ քաշվեցին ։ Կլեոպատրան ջահերից մեկը հանձնեց իմպերատորին, և նրա դեմքի արտահայտությունից Կեսարը հասկացավ, որ այսուհետ պիտի առաջանա առանց ուղեկիցների ։ Հազիվ էր նա ներս մտել, երբ դուռը փակվեց ետևից ։ Նա տագնապով շրջվեց և ափերով շոշափեց ողորկ պատը ՝ դռան եզրերը գտնելու հույսով ։ Այդ պահին նա մտածում էր, որ սա մի նոր որոգայթ է, իսկ ինքը հիմարաբար հետևեց կախարդ թագուհուն. ոչ ոք այլևս չի գտնի իրեն ու ինքն էլ Էհնաթոնի նման կխարխափի