Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 256

— Ես գտել եմ արդեն,— արձագանքեց թագուհին՝ շուրթերը սեղմելով։ — Ծերացա՜ծ ասպետ, դողդոջու՜ն ձեռքերով,— դառը հեգնանքով արտաբերեց Կեսարը։ Լռություն տիրեց։ Նրանք երկար ժամանակ անխոս նայում էին միմյանց։ — Ե՞րբ ես մեկնում,― հարցրեց Կլեոպատրան՝ մոտենալով նրան։ — Վաղը։ — Հետաձգիր այն մեկ օրով. ես ուզում եմ քեզ ցույց տալ մի բան, որը եգիպտական թագավորներից զատ ոչ ոք իրավունք չունի տեսնել և որի մասին չպիտի իմանա օտար ոչ ոք։ Եթե համաձայն ես, կկարգադրեմ կառք մատուցել և կմեկնենք հենց այժմ։ — Բայց ո՞ւր,— հետաքրքրվեց Կեսարը։ — Արքաների հովիտը. դա հեռու չէ այստեղից։ Գլուխ հինգերորդ Հեռանալով Ալեքսանդրիայից տասնհինգ մղոն, թագուհու ոսկեհուռ կառքը, որին ուղեկցում էին հռոմեացի հիսուն հեծյալներ, շեղվեց մայրուղուց և հողածածկ ճանապարհով առաջանալով ևս քառորդ ժամ՝ պատահեց մեծաթիվ մի շքախմբի. տիրուհու գալստյան լուրն առնելով՝ քրմերը դիմավորելու էին եկել նրան։ Շատ չանցած՝ նրանք հայտնվեցին գեղատեսիլ մի լճակի ափին, որն ասես հրաշքով հայտնված լիներ ավազուտի անկենդան թագավորության մեջ։ Լճափից սալարկված մի լայն ուղի, որի երկու կողմերում մտասույզ, հեռուն նայող երկու հարյուրի չափ հսկայական սֆինքսներ էին կանգնած, տանում էին դեպի քիթ քթի տված զույգ տաճարները, որոնց ծածկահարթակի ստվերում և պատերի տակ կիզիչ արևից պատսպարվել ու անխռով ննջում էին երեք տասնյակ սրբազան ցուլեր։ Տաճարներից արևելք ժայռեղեն բարձունք էր, դեպի ուր լեռնային ոլորապտույտ ու նեղլիկ կածաններով աստվածային հյուրերին տարան պատգարակով։ Շքախումբը և հռոմեացի հեծյալները մնացին տաճարների մոտ։ Իջնելով բարձունքի վրա՝ թագուհին և իմպերատորը մոտեցան ժայռի մեջ ուղղաձիգ փորված մի հորանի, որի մեջ զույգ պարաններ էին կախված։ Ջահակիր ստրուկներ մոտեցան։ Թագուհու նշանով նրանք պտտեցին թմբուկը, և երկրի խորքերից դուրս եկավ փայտաշեն մի հարթակ։ Իմպերատորը և թագուհին երկու ստրուկների հետ ելան հարթակի վրա, իսկ մնացյալ ծառաները նրանց իջեցրին հորանի մեջ։ Ջահերի ցոլքերից շառագունած պատերն անշտապ սահում էին վեր, իսկ հորանի լուսե բերանը նվազում էր աստիճանաբար։ Գաղջ օդը ծանրացնում էր շնչառությունը, բայց թե՛ թագուհին, թե՛ ստրուկները դա տանում էին անվրդով։ Կեսարին հասկանալի չէր՝ ուր են տանում իրեն, և լարված հայացքով ուղեկիցներին էր նայում։ Ի վերջո նա վճռեց ոչնչի մասին չմտածել և հայացքը հառեց հորանի պատերին։ Մարդու գլխով թռչունների և թագը գլխին, մորուքավոր մարդու պատկերներ նշմարեց նա, որոնք հաջորդում էին միմյանց հորանի ողջ խորությամբ։ Նա նկատեց, թե որպիսի խորհրդավորությամբ է Կլեոպատրան հետևում պատկերների հաջորդայնությանը, և նրան թվաց, թե թագուհին աղոթում է մտքում։