— Ես չեմ հասկանում ՝ ինչ է կատարվում ինձ հետ,— վերջապես խոսեց Կեսարը ՝ հայացքը թափառեցնելով հեռուներում,— քո հայտնությունից հետո ես չեմ ճանաչում ինքս ինձ, և մտքերը, որ ծնվում են իմ սրտում, զարմացնում են ինձ իրենց տարօրինակությամբ, քանի որ ես առաջ այլ կերպ էի մտածում կյանքի մասին ։ Ես սիրուհիներ շատ եմ ունեցել և ինձ թվացել է, թե կատարյալության աստիճան գիտեմ ՝ ինչ է սերը, մինչդեռ ես հիմա շփոթահար եմ ՝ առաջին անգամ նիզակ բռնած պատանու նման ։ Ես հմայված եմ, անհասկանալի ինչ-որ ուժեր են տիրում ինձ,— խոստովանեց Կեսարը, ապա, թագուհու աչքերի մեջ նայելով ՝ հարցրեց.— Դու կախարդուհի ՞ ես ։
— Կախարդուհի ՞,— քմծիծաղ տվեց Կլեոպատրան,— ես կին եմ, որ գիտե տղամարդ սիրել ։
Կեսարը թողեց նրան և մտախոհ քայլեց սրահում ։
— Ես մարտնչել եմ երեք միլիոն մարդու դեմ, ոչնչացրել եմ մեկ միլիոնին, նույնքանին էլ գերել, գրոհով վերցրել եմ ութ հարյուր քաղաք, հպատակեցրել երեք հարյուր ժողովուրդ— հանուն ո ՞ ր վեհ նպատակի ։ Ինքնս էլ չգիտեմ ։ Ինչի ՞ համար եմ ես պայքարում. մի ՞ թե Մարկոս Կատոնին ապացուցելու համար այն, որ աստվածներն ինձ արարել են իշխելու իր նմաններին ։ Զառանցա ՜ նք, խրթին խոսքե ՜ ր ։ Այնինչ դա ես դարձրել եմ կյանքի նպատակ և կյանքս էլ պատրաստ եմ զոհել հանուն այդ նպատակի ։ Այսպիսի հարցեր ես չէի տալիս ինձ նախքան իմ այստեղ գալը և նետվում էի վտանգին ընդառաջ այնպիսի հեգնանքով, ինչպես մանչուկն է առաջին անգամ ձեռքը պարզում կրակին ։ Ես հանգստություն էի գտնում պատերազմի մեջ միայն, ընտանեկան անդորրը խորթ է ինձ համար, և հիմա, որքան էլ ջանամ, անկարող եմ փոխել ինձ. անդիմադրելի մի ուժ մղում է ինձ նոր փորձությունների, և ես ենթարկվում եմ նրան հարաճուն խելահեղությամբ ։ Ես կռվում եմ անվերջ, կռվում ՝ մերթ գալլերի, բելգերի, մերթ համաքաղաքացիներիս, մերթ աշխարհին անհայտ ինչոր ցեղերի դեմ. դա ինձ համար դարձել է եթերի, կրակի ու ջրի պես անհրաժեշտ բան, և ես չեմ պատկերացնում ինձ այլ կերպ ։ Ես հիսունն անց եմ և վաղուց ժամն է ՝ այլոց նման իմաստասիրությանը կամ վայելքին տրվելու, այնինչ այսօր ես չափչփում եմ Եգիպտոսի ավազուտները, վաղը կսուրամ Ուտիկե, հետո հարկ կլինի հնազանդեցնել Փառնակին ։ Կրասոսի մահվան վրեժն է ծանրացած սրտիս և պիտի ավերեմ հիմնատակ քաղաքն այն պիղծ, ուր ծանակել են նրա սեգ գլուխը ՝ մարմնից անջատված ։ Այնպես որ, ներիր, բայց ես չեմ կարող մնալ Ալեքսանդրիայում, որքան էլ որ բաժանումը ծանր է ինձ համար ։ Աստվածները հավանաբար ինձ սիրո համար չեն արարել ։
— Ես գիտեի, որ դու սիրակից չես լինի ինձ,— արտաբերեց Կլեոպատրան տխրությամբ ՝ արդեն համակերպված իր թշվառ վիճակի հետ ։
— Ես կյանքում տեսել եմ ամեն ինչ, և պատիժներ մեծամեծ, և հաղթանակներ բազում, բայց այդ ամենը ոչինչ են անաղարտ սիրո մեկ ակնթարթի դիմաց, ու, հավատա ինձ, եթե ես քո տարիքին լինեի, գրողի ծոցը կքշեի ամեն ինչ ու կփախչեի քեզ հետ ծայրն աշխարհի ։ Բայց նայիր աչքերիս մեջ, Կլեոպատրա, մի ՞ թե ես նման եմ սկսնակ սիրահարի, մի ՞ թե չես կարդում կյանքի դաժան կնիքն իմ դեմքին ։ Ինքդ հիշատակեցիր տարիքս. ես թառամում եմ արդեն, իսկ դու լի ես կյանքի խնդությամբ ։ Դու դեռ կգտնես քո ասպետին ։