Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 254

Սա ես չեմ ասում ինքնարդարացման համար. պատժիր ինձ, կուզես՝ աքսորիր կղզին Բորոտների, կուզես՝ սպանիր. առանց քեզ ինձ համար բանտ է ամեն տեղ։ Քո զինվորներից իմացա, որ մեկնում ես։ Արցունքներ վազեցին նրա այտերի վրայով, իսկ շուրթերը դողացին։ Կեսարը գրկեց նրան ու նրա արցունքները սրբելով՝ ասաց հուզված. — Ես կհրավիրեմ քեզ ինձ մոտ, դու կլինես իմ սիրուհին և տիրակալն իմ սրտի. ես քեզ համար պալատ կկառուցեմ այնտեղ, շքեղ՝ Պտղոմեոսի ապարանքից։ — Կլեոպատրան Հռոմո՞ւմ,— թագուհին դառը ժպտաց,— ինչպե՞ս կընդունի ինձ ծերակույտը, որ սովոր չէ կին տիրակալների։— Եվ ինչ-որ բան մտաբերելով՝ անհանգիստ նայեց Կեսարի աչքերի մեջ։— Հապա Կալպուռնիա՞ն. չեմ վշտացնի՞ արդյոք ես նրան։ — Իսկ եթե դու մնա՞ս այստեղ, Կեսար,— շարունակեց թագուհին աղերսաձայն։— Դու տիրում ես աշխարհին և լուսնի տակ չկա այլևս որևէ մեկը, ում հաղթելը փառք բերի քեզ։ Այսուհետ ստիպված ես լինելու կռվել ամեն տեսակ թագավորիկների ու ներքին թշնամիների դեմ, որոնց հետ չափվելը պատիվ չի լինի քեզ համար, բայց ամեն անգամ կվտանգես փառքդ, քանի որ մի պարտությունն ի չիք է դարձնում հազար հաղթանակ։ Ո՛չ Կրասոսը, ո՛չ Պոմպեոսը պակաս հզոր չէին. նրանք հարյուրավոր մարտեր էին շահել, բայց մի պարտությունը նրանց գլուխն արժեցավ... Եվ Կլեոպատրան քիչ մնաց ասեր՝ «Ես չեմ կամենում դու էլ նման բախտի արժանանաս»։ Չասաց, բայց Կեսարի հոգում այդ միտքն արձագանքվեց Կլեոպատրայի ձայնով։ — Դու հավատարիմ զորավարներ ունես, որոնք քեզանից կռվել են սովորել ու իշխել. թող նրա՛նք կառավարեն քո տիրույթները, իսկ ինքդ մնա ինձ մոտ։ Մի՞թե կարիք կա քեզ հիշեցնելու, թե որքան է տարիքդ. հետզհետե նվազելու է բազկիդ զորությունը, միտքդ խավարելու է. այդպես է աստվածների կամքը և նրանք բացառություն չեն անում ոչ մեկի համար։ Հեռացիր մարդկանցից այժմ, քանի դեռ անունդ նրանց շուրթերին է, և նրանք կհիշեն քեզ հավերժ։ Քեզ բախտ է վիճակվել լինել առաջինը մարդկանց մեջ, և մի տարվիր իշխելասիրությամբ. հիմա ամենքը նախանձում են քեզ և առաջին իսկ հնարավորության դեպքում հաճույքով քեզ կգլորեն մոռացության վիհն անհատակ։ Թո՛ղ, Կեսար, թո՛ղ ամեն ինչ ու մնա ինձ մոտ։ Օսիրիսը մեզ արարել է միմյանց համար, մեր միությունը ցանկալի կլինի բոլոր աստվածներին։ Եվ ո՞ւր ես դու շտապում, ո՞ւմ ես թողնելու տիրույթներդ, որ սահման չունեն։ Քո կանայք քեզ ժառանգ չպարգևեցին՝ ե՛ս կանեմ այդ։ Ես կսիրեմ քեզ Հռեա Սիլվիայ