Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 253

Կեսարը գավաթը մոտեցրեց շոււրթերին։ Հեղուկը նրան անուշահամ թվաց և խմեց այն ամբողջությամբ։ Գլուխ չորրորդ Երբ Կեսարը վերադարձավ Հելիոպոլիսից լեգատները խորապես անհանգստացած՝ հետաքրքրվեցին, թե ինչ էր պատահել նրան, որ բացակայեց ամբողջ տասն օր։ Կեսարին սկզբում թվաց, թե ծաղրում են իրեն հույզերին տրվելու համար, ինչն ամենևին չի գեղեցկացնում հռոմեացուն, բայց նրանք լուրջ էին, ինչպես երբեք։ Եվ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ առեղծվածը. լեգատները երդվում էին բոլոր սրբություններով, որ Հելիոպոլիսում մնացել է տաս օր, մինչդեռ ինքը թագուհու հետ մի գիշեր էր անցկացրել։ Նա սկսեց կասկածել, թե Կլեոպատրան թմրեցրել է իրեն, և ինքն ի վիճակի չի եղել մտապահել օրերի հաշիվը։ Նա հիշեց ծառից ծառ ցատկոտող մերկ տղամարդկանց, և արյունը կանգ առավ քունքերում։ Նա հեծյալ մանիպուլ ուղարկեց Հելիոպոլիս, խստորեն կարգադրելով թագուհուն անհապաղ բերել իր մոտ։ Ու քանի դեռ մանիպուլը ճանապարհին էր, նա ամեն գործ թողած՝ մտածում էր, թե ինչպես պատժի նենգ կնոջը, որ հանդգնել էր բռնանալ իր կյանքի վրա։ Բայց երբ Կլեոպատրան զույգ տրիբունների ուղեկցությամբ հայտնվեց նրա առջև՝ նազելի ու նրբահասակ, նրա սիրտը թրթռաց սիրուց և հազիվ զսպեց իրեն չփարվել նրան։ Բայց նա վրդովված էր իրեն խաբելու համար և դեմքին խստություն հաղորդելով՝ մոտեցավ թագուհուն։ Կլեոպատրան չսպասեց նրա մեղադրական խոսքերին և ասաց քաջարի զինվորի նման. — Պատժի՛ր ինձ առանց երկմտանքի, Կեսար, պատժի՛ր անգթորեն, որ նենգաբար գողացա քեզ աշխարհից։ Ես մեղավոր եմ։ Նա մի պահ դադար տվեց, ապա շարունակեց՝ սիրագորով հայացքո