Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 252

ու երկար միջանցքներով, մինչև հայտնվեցին հազարավոր մոմերից ճաճանչավորված վեհաշուք մի դահլիճում ։ Խնջույքի բազում սեղաններ էին գցված դահլիճի երկայնքով, որոնցից մեկի վրա երկու խափշիկ տարածվել էին մերկամարմին մի եգիպտուհու վրա և ագահորեն ծծում էին նրա ստինքները ։ Քիչ հեռու պիրկ ազդրերով ու ընդգծված հետույքով շիկահեր մի կին իրեն էր ձգում բեղմորուսի մեջ կորած ճաղատ մի տղամարդու, իսկ սա սափորից գինի էր հեղում բազում մերձեցումներից ուժասպառված մի այլ կնոջ ազդրերի միացման տեղը և արյունոտված աչքերով նայում, թե ինչպես է կարմիր հեղուկը, վտակների բաժանվելով, ողորկ մարմնի վրայով սահում ցած ։ Վավաշոտ հայացքով չորրորդ մի կին, որի սեփ-սև մարմնի վրա մարգարտի նման ճերմակին էին տալիս գեղաշար ատամներն ու պտուկները, ճաղատին քաշում էր իր կողմը, և կանայք միմյանց նայում էին կրքով առլեցուն հայացքով ։ Դահլիճի կենտրոնում զարմանահրաշ մի ծառ էր բարձրանում, չորս գրկաչափ բնով, ոչ շատ բարձր, բայց առատ ՝ մինչև գետին իջնող սաղարթով ։ Ծառի վրա տղամարդիկ էին ճյուղից ճյուղ ոստոստում, նրանց գլխին պոզեր էին հագցված, նույնպես մերկ էին, միայն ոտքերն էին պատված այծենիով ։ Ասորական հսկա մի առյուծ մեկնվել էր ծառաբնի մոտ և այս ամենից ասես ձանձրացած ՝ գլուխը տարուբերում էր ու թույլ մռնչում ։ Խորքում էբենոսյա սկահակներ էին դրված, որոնցից ծխի գունավոր քուլաներ էին ելնում ու միախառնվելով ՝ սրահը ողողում ծիածանագույն աղջամուղջով ։ Մորթեպատ տակառներ էին այս ու այն տեղ. դրանցից մեկին նստել էր հսկա մի տղամարդ, անչափ նման Եվպատորին, և գրկի մեջ տրորում էր եղնիկի պես բարալիկ մի աղջկա, իսկ ներքինիները անուշահոտ յուղ էին ցողում նրա ոտքերին ։ Նրանցից քիչ հեռու մորթված մի ինձ էր ընկած, որի մեջքին խաղում էին կարմրաթշիկ երկու մանչուկ ։ Խտացող աղջամուղջը շղարշում էր սրահի ետնամասը, և Կեսարն այնտեղ գետնատարած մարմինների ուրվագծեր նշմարեց ։
Նրա ռունգերը թրթռացին անծանոթ սուր հոտից, և նա տեսարանից ցնցված ՝ դարձավ թագուհուն.
— Աստծո տաճարում այսպիսի օրգիա ՞. պղծում չէ ՞ սա ։
— Պղծո ՞ ւմ,— Կլեոպատրան ժպտաց,— այդ բոլոր կանայք աստծո սպասուհիներ են և դա անում են բարձրյալի սիրուց ։
Ու Կեսարի դեմքին զարմանք նկատելով ՝ շարունակեց.
— Գիտեմ ՝ ձեր մոտ ողջողջ թաղում են կուսության ուխտը խախտած վեստալուհիներին, բայց թող հայտնի լինի քեզ, որ ամենքը չէ, որ դաժան են ձեր նման. Հայաստանում քրմուհիները փողով տրվում են ամեն անցորդի, և դա անում են իրենց մի աստվածուհու պատգամով, իսկ Ռան օրգիա է պահանջում ամեն գիշերահավասարի ։
Նրանց մոտ հայտնվեց Ապոլոդորոսը, ձեռքին գավաթներ ու մի սրվակ ։ Կլեոպատրան խմեց երկնագույն հեղուկից, մյուս գավաթը պարզեց իմպերատորին ։
Կեսարը մերթ գավաթին էր նայում, մերթ թագուհուն, հետո հարցրեց.— Ի ՞ նչ է սա ։
— Մանդրագոր,— պատասխանեց թագուհին, իրեն մի գավաթ էլ լցնելով հեղուկից,— մոռացնում է վիշտ ու տառապանք ։