Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 251

Վերջապես նրան լուր բերին, որ Կլեոպատրան մեկնել է Հելիոպոլիս՝ երկրպագելու Ռա աստծուն և այնտեղ մնալու է մինչև հանդիպումը Պտղոմեոսի ուրվականի հետ, որը, քրմերի ասելով, գալու է տեղեկանալու պետության գործերին։ Կեսարն անմիջապես բանագնացներ ուղարկեց Հելիոպոլիս։ Քրմերը ետ դարձրին նրանց՝ թույլ չտալով տաճար մտնել։ Այդժամ նա ինքը թիկնազորի հետ մեկնեց Հելիոպոլիս և կանգ առնելով սրբազան դարպասների տակ՝ սպառնաց հողին հավասարեցնել տաճարը, եթե անմիջապես թույլ չտան տեսակցել թագուհուն։ Երբ Կեսարը ներս մտավ Կլեոպատրան կուռքի պես անվրդով բազմել էր ադամանդազարդ գահին. նա արնագույն զգեստ էր հագել, որ սեղմվում էր կոնքերից վեր։ Նրա թիկունքին կանգնած երկու թխամորթ ստրուկ հով էին անում փետրե հովհարով, կիսամերկ նաժիշտներ էին նստած նրա ոտքերի մոտ, իսկ ածիլված գլխով քուրմը աղոթում էր՝ հայացքն առաստաղին հառած։ Կեսարն առաջացավ զինվորականի անհողդողդ քայլերով և մռայլված նայելով թագուհուն ու նրա շքախմբին՝ ասաց տիրական ձայնով. — Կարգադրի՛ր, թող բոլորը չքվե՛ն այստեղից։ Կլեոպատրան, որ նրան նայում էր ծարիրված թարթիչների տակից, արտաբերեց սառն ու անտարբեր. — Եթե դու եկել ես որպես հյուր, բարի եղիր լինել որպես հյուր, իսկ եթե... Կեսարը թույլ չտվեց նրան շարունակել և գոչեց՝ ձեռքը կրծքին զարկելով. — Ես գրավել եմ ութ հարյուր ամրոց, իսկ այստեղ իմ առջև հանդգնում են կանգնել ինչ-որ ստրուկներ։ — Նրանք կատարում են սրբազան պատվիրանները, և բոլորը մեկ են նրանց համար։ Կեսարն իրեն հազիվ զսպեց անաստվածահաճո խոսքեր չասել և զինվորականի կտրուկ դարձումներով ետ ու առաջ էր քայլում գահի առջև։ — Դու հրաժարվում ես ընդունել իմ մարդկանց և ետ ես դարձնում՝ որպես ամենահետին ստրուկների. նրանց հետ այդպես չի վարվել ոչ մի թագավոր։ Կլեոպատրան ձեռքի նուրբ շարժումով հեռացրեց ծառաներին ու ելավ գահից։ — Մի՞թե քեզ համար ես միևույնն եմ, ինչպես բոլոր այդ թագավորները,— նրա ձայնի մեջ հուզմունք կար, իսկ աչքերում Կեսարը տառապանք տեսավ։— Ես ուզում էի, որ դու փնտրես ինձ ու գաս ինձ մոտ, և սպասում եմ՝ ահա մի ողջ հավերժություն։ Իսկ դու զորքն ես վարժեցնում ավազուտներում, կարծես քեզ համար ես գոյություն չունեմ այլևս։ Ես ցանկանում էի տեսնել քեզ զայրացած, քանի որ այդպես քեզ ավելի եմ սիրում։— Կլեոպատրան նազելի գլուխը հենեց իմպերատորի կրծքին։— Օ՜, ոչ. ոչինչ չասող այդ բառերը թողնենք մահկանացուներին, իսկ մենք, որ աստվածների պես տնօրինում ենք մարդկանց բախտը, կարիք չունենք խոսքերի։ Նա թողեց Կեսարին և ծնկի գալով՝ ձեռքերը պարզեց առ երկինք։ — Օ՜, Իսի՜ս, ինչու վառեցիր իմ հոգում այս կրակը, որ այրում է ինձ անգթորեն։ Նա անշարժացավ արձանի պես, բայց նրա հոնքերի մտածկոտ կորությունը մատնում էր, որ նա տատանվում է խիստ կարևոր մի վճիռ կայացնելուց առաջ։ Սա տևեց մի քանի վայրկյան, ապա, իմպերատորի ձեռքը բռնելով՝ նրան առաջնորդեց սրահներով