Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 250

Գլուխ երրորդ
Տագնապի փողեր հնչեցին, պալատը դողաց ոտնազարկերից, ջահեր բռնած կենտուրիոններ հայտնվեցին բակում ։

Գլուխ երրորդ

Կեսարը Կանոպ հասավ ճիշտ այն պահին, երբ հռոմեական նավերը ոչ մի վտանգ չակնկալելով ՝ մոտենում էին ափին ։ Նկատելով նրան ՝ եգիպտացիները գրոհեցին նրա լեգեոնի վրա ՝ մոռացած դարանակալման մասին ։ Նահանջելով ՝ Կեսարը նրանց հեռացրեց նավահանգստից, իսկ երբ հունական լեգեոնները բարեհաջող ափ իջան, արագ երթով շրջանցեց թշնամուն և հայտնվելով նավահանգստում ՝ միացյալ ուժերով ելավ եգիպտական բանակի դեմ ։ Մարտը կարճ տևեց, քանի որ առաջին իսկ րոպեներին Պոլիոնի ջոկատը սպանեց թագավորին, իսկ առանց հրամանատար մնացած զորքը փախավ խուճապահար ։
Վերադառնալով Ալեքսանդրիա ՝ Կեսարը թագուհուն պալատում չգտավ ։ Ոչ ոք տեղյակ չէր, թե որտեղ է նա գտնվում ։
Կեսարը միշտ արհամարհանքով էր վերաբերվել բոլոր այն պոետներին, ովքեր սեր էին երգել արցունքն աչքերին, և խղճացել էր նրանց, ովքեր գլուխ էին կորցրել կնոջ համար, բայց այժմ թագուհու խորհրդավոր անհետացումից հետո նա ինքն էր հայտնվել այդպիսի մի վիճակում և Կլեոպատրայից բացի ուրիշ ոչ մեկի մասին մտածել չէր ուզում ։ Քանի դեռ թագուհին իր կողքին էր, նրան վերաբերվել էր որպես կամակոր ու հեշտասեր մի կնոջ, արտասովոր ոչինչ չգտնելով նրա մեջ, բայց այժմ ամբողջ հոգով տենչում էր նրան, ինքն էլ չհասկանալով, թե ինչն է գրավում իրեն այդպես ուժգին ։ Այսպիսի կարոտ և այսպիսի տառապանք նա չէր ապրել երբեք ։
Հոգու այդ թուլությունը նա վերագրում էր տարիքին,— հիսունհինգը կբոլորեր շուտով,— բայց հետո սկսեց կասկածել, թե զովացուցիչ ջրերի մեջ, որ թագուհու պահանջով հրամցնում էին իրեն սպասուհիները քնելուց առաջ, անհամ ու անհոտ ինչ-որ դեղ է խառնված եղել ։ Չէ ՞ որ, իսկապես, պալատում Կլեոպատրայի հայտնվելուց հետո առավոտներն իրեն անբացատրելի խոնջություն էր համակում, որ տևում էր ամբողջ օրը և, որքան էլ տարօրինակ էր, իրեն դուր էր գալիս կիսաերազային այդ վիճակը, երբ միայն գալիք սիրառատ գիշերի մասին էր մտածում ։ Նա եկավ այն մտքին, որ այս խորհրդավոր անհետացումը ևս նախապես ծրագրված էր, ու ենթադրում էր, թե թագուհին ներգրավում է իրեն նենգ խաղի մեջ ։ Բայց դյութվածի նման անզոր էր դիմակայել և տրտում շրջում էր սրահներում, ժամերով կանգնում դիտահարթակում, որտեղից Կլեոպատրան երևացել էր ամբոխին, գորովանքով շոյում էր այն գորգի զարդանախշերը, որի մեջ փաթաթված բերել էին նրան և որը դեռ պահում էր նրա մարմնի բուրմունքը ։ Նա զգաստանում էր ամեն շշուկից, կանացի ձայն լսելով ՝ ինքնամոռաց նետվում միջանցք ։ Իսկ երազում նրան երևում էր, որ Կլեոպատրայի հետ հսկա ու շքեղ առագաստանավով զբոսնում է Նեղոսի ջրերում. ծաղկեպսակներ էին լողում գետի վրա, մերկաստինք պարուհիներ էին թռվռում նրանց շուրջ, ամենուր հրավառությամբ էին դիմավորում նրանց և ցուլ զոհաբերում նրանց երջանկության համար ՝ սրբազան գետը ներկելով արյունով ։
Այդպես անցավ մեկ շաբաթ, իսկ Կլեոպատրայից ոչ մի լուր չկար ։ Համբերությունը կորցրած իմպերատորը բանագնացներ ուղարկեց երկրի բոլոր անկյունները և օրը որևէ զբաղմունքով լցնելու համար բանակը դուրս բերեց Ալեքսանդրիայից և տարավ ավազուտները ՝ մարզելու ։