Մխիթարանքի խոսքեր չգտնելով ՝ Կեսարը լուռ նայում էր նրան ։ Մտքերով տարված ՝ Կլեոպատրան մի քանի րոպե մնաց անշարժ նստած, ապա ելավ ու փարվեց իմպերատորին ։
— Սպանի ՛ ր թագավորին, Կեսա ՛ ր ։
Կեսարը քար կտրեց մի պահ և զարմանքից կլորացած աչքերով նայելով թագուհուն ՝ արտաբերեց.
— Բայց չէ ՞ որ նա քո եղբայրն է ու նաև ամուսինը ՝ համաձայն ձեր օրենքների ։
— Սպանի ՛ ր թագավորին, Կեսա ՛ ր,— թախանձեց Կլեոպատրան ։— Ինքդ տեսար, թե ինչպես էր ամբոխը տալիս նրա անունը ։ Թող խիղճդ բոլորովին չտանջի քեզ. նա քո գերին է, նրա մարդիկ ընդվզել են քո դեմ և դու իրավունք ունես վարվել նրա հետ ինչպես կամենաս ։ Նրա մահվան լուրն առնելով ՝ ամբոխը կհուսալքվի և կհեռանա Ալեքսանդրիայից ։ Հավատա ՛ ինձ, ես նրանց լավ եմ ճանաչում ։
Կեսարը ոչինչ չպատասխանեց ։ Այդ լռությունից Կլեոպատրան կռահեց, որ կատարվել է զարհուրելի մի բան, և այլայլված հարցրեց.
— Դու ինչ-որ բան ես թաքցնո ՞ ւմ ինձանից ։— Ես ազատ եմ արձակել նրան ։
— Ինչպե ՞ ս,— Կլեոպատրան ցնցվեց խայթվածի պես և նրա դեմքը գունատվեց ։— Դու չե ՞ ս կատակում ։
— Ես այլ ելք չունեի, նրան արձակեցի, որպեսզի թեթևացնեմ զինվորներիս վիճակը, որոնք, ինքդ ես տեսնում, հյուծվում են թերսնումից ։ Նա չէր ուզում բաժանվել ինձանից և արցունքներն աչքերին աղաչում էր չվտարել իրեն պալատից ։
Կլեոպատրան մատերը ջարդոտելով քայլում էր ննջարանում, նրա սիրունատես դեմքը ջղաձգվում էր ցավալիորեն, շուրթերը դողում էին, իսկ աչքերում արցունքներ էին շողում ։
— Օ ՜, Իսիս,— կանչեց նա ՝ ափերը երկինք պարզելով,— ինչո ՞ ւ ես դու մարդկանց արարում այսքան դյուրահավատ ։
Նրա ձայնը խզվեց հուզմունքից, և գլուխը դառնորեն տարուբերելով ՝ մեկ րոպեի չափ չէր կարողանում որևէ բառ արտասանել ։
— Եվ դու հավատացե ՞ լ ես նրա արցունքներին,— դարձավ նա իմպերատորին, երբ անցավ հոգեկան գերլարումի ալիքը ։— Օ ՜, սո ՛ ւրբ Աթոն, դա անկարելի բան է ։ Նա հիմա ծիծաղում է քո միամտության վրա, դյուրահավատ իմ ասպետ ։ Դու, որ չգիտես, թե որքան ստոր են Եգիպտոսի մարդիկ և որքան նենգ է նրանց հոգին, ինչո ՞ ւ չխորհրդակցեցիր ինձ հետ ։ Ախր սա Հռոմը չէ, ոչ էլ Աթենքը, սա բոլորովին ուրիշ աշխարհ է, ուր սուտն ու կեղծիքը հարգի են, ինչպես այլուր ազնվությունն ու պատվախնդրությունը ։ Շտապի ՛ ր, զինի ՛ ր քո մարդկանց. նա հիմա անհամար զորքով շարժվում է Կանոպի վրա ՝ դարանակալելու Հունաստանից եկող լեգեոններիդ ։ Չե ՞ ս հավատում դու ինձ. դուրս եկ հապա և նայիր քաղաքին. այլևս խարույկներ չես տեսնի միջնաբերդը բոլորած ։
Կեսարը փութով մոտեցավ լուսամուտին ու մռայլվեց միանգամից ։ Ապա արագ քայլերով դուրս եկավ ննջարանից ։