փորել ծովի ամենամոտ հատվածներում ։ Առաջին շաբաթվա վերջում պարենի պակասություն զգացվեց միջնաբերդում ։ Նավահանգիստը հեղեղված էր զինված բազմությամբ, և հռոմեական ռազմանավերը ոչնչով չէին կարող օգնել յուրայիններին, թեև նրանց վիճակն էլ բարվոք չէր. առափնյա ողջ բնակչությունը ոտքի էր հանված և նրանց թույլ չէին տալիս մոտենալ ցամաքին ՝ պարեն հայթայթելու ։
Ամբոխը պահանջում էր ազատ արձակել թագավորին, որը նույնպես միջնաբերդում էր, բայց հռոմեացիք անդրդվելի էին ՝ լավ հասկանալով, որ արքայի գերյալ վիճակը զսպում է բազմությանը ։
Պաշարման տասնվեցերորդ օրը ՝ համոզվելով, որ թշնամին մտադիր չէ արձակել թագավորին, եգիպտացիք միջնաբերդին մոտեցրին տասհարկանի անվավոր աշտարակները, որ հինգ հարյուր հյուսն կառուցել էին տասնմեկ օրում ։ Աշտարակներն առաջանում էին ահռելի դղիրդով, ամբոխը ոռնում էր ՝ զենքերը երկինք պարզած, զինվորներ էին մագլցում միջհարկային սանդուղքներով ։ Երբ աշտարակներն ընդհուպ մոտեցան պարսպին, կամրջակներ նետվեցին պատի վրա ։ Վերին հարկի զինվորները կռվում էին միջնաբերդի պաշտպանների դեմ, մյուս հարկերից նետահարում էին թշնամուն ։ Հռոմեացիք կռվում էին առանց խուճապի, ցած էին գցում կամրջակները ՝ գահավիժեցնելով դրանց վրայի զինվորներին ։ Նրանց հաջողվեց հրդեհել աշտարակներից երկուսը, որքան էլ դրանք ծածկված էին անկիզելի պատյանով ։ Մյուս աշտարակներից եգիպտացիք շարունակում էին գրոհել միջնաբերդը, երկար ճոպաններից կախվելով ՝ նրանք ճախրում էին օդում և հրակնատներից ներս անցնելով ՝ կռվում պարսպի վրա ։ Ոգևորված ամբոխը հորդաց դեպի գլխավոր մուտքը, բայց եռացրած կպրահեղուկ թափվեց նրանց վրա ։ Վայնասուն բարձրացավ, այրված եգիպտացիք թավալվում էին գետնին, ովքեր կարող էին ՝ վազում և նետվում էին ծովը ։ Այստեղ-այնտեղ անկիզելի ծածկով բաբաններ երևացին, կարիճներ մոտեցան պարսպին ։ Կռիվը սաստկանում էր ։ Հանկարծ այդ միջոցին դիտահարթակի վրա հայտնվեց Կլեոպատրան, թագուհու ոսկեթեփուկ զգեստը հագին, գլուխը զարդարված օձակերպ թագով ։ Փողեր հնչեցին, և նա կանգնելով դիտահարթակի պռնկին ՝ ձեռքերը տարածեց ամբոխի վրա ։ Նրան նկատեցին ։ Մարզերից եկածները ծունկ չոքեցին նրա աստվածային վեհության առաջ և զենքերը նետելով ՝ հող ցանեցին մազերին ու աղոթեցին ։ Բայց ալեքսանդրիացիք, որ ատում էին նրան և նրան համարում իրենց բոլոր թշվառությունների պատճառը,— այդպես էր ուսուցանել Պոթինոսը,— նզովում էին նրան և, կարծես դա քիչ էր, նետեր արձակեցին նրա վրա, որ վիրավորական էր ամեն ինչից առավել ։ Կլեոպատրան շանթող հայացքով նայեց ամբոխին, նրա շուրթերը դողում էին ատելությունից և նա վրեժխնդրության երդում տվեց Իսիսին ։ Ամբոխը սկսել էր ծանակել նրան, և նա հեռացավ դիտահարթակից արագ քայլերով ։
Երբ Կեսարը հայտնվեց Կլեոպատրայի ննջարանում, թագուհին մռայլված նստած էր բազմոցին ։ Նա հայացքը փախցրեց իմպերատորից, ապա, դեմքը ծածկելով ափերով ՝ անձայն հեկեկաց ։ Ամբոխի վարքը խորապես վշտացրել էր նրան, նա խայտառակվել էր հռոմեական լեգեոնի ներկայությամբ և չգիտեր ինչպես նայեր իմպերատորի աչքերի մեջ ։ Կեսարից ավելի շատ նա ինքն էր սպասում օգնական լեգեոնների ժամանելուն, որպեսզի պատժեր անհնազանդ խուժանին ։ Նա դադարեց ցնցվել և, աչքերը փակ, պատժելու ձևեր էր հորինում ՝ մեկը մյուսից դաժան ու տանջալի ։