Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 247

փոխադրեց այնտեղ ։ Խուժանը սուլում էր, հայհոյում զայրացած, իսկ գրոհով դարպասները գրավելու մի քանի անհաջող փորձերից հետո ցրվեց պարսպի երկարությամբ ՝ ջանալով ականահատել այն ։
— Բի ՛ րտ խաժամուժ,— նետեց Կեսարն ատամների արանքից. ցածում խլրտացող ամբոխը նրան մրջնախումբ էր թվում ։— Որպիսի ՜ հաճույքով նրանց բոլորին ծովը կլցնեի ։
Այրվող նետեր էին ճախրում օդում, դրանցից մի քանիսը հասան դիտահարթակ, բայց Կեսարը խույս տվեց հմտորեն ։ Ապա նա ձայնեց Ռուֆիոնին և կարգադրեց երեք մանիպուլ շարել դարպասի մոտ ։ Զինվորներն ասես դրան էին սպասում. մեկ րոպեից սպառազեն մանիպուլները խրոխտ կանգնած էին գլխավոր մուտքի մոտ ։
Նախ հրակնատներից նետերի հեղեղ թափվեց ամբոխի վրա, որպեսզի այն ետ քաշվեր և զինվորների դուրս գալու պահին չխուժեր ներս, ապա դարպասները ճռնչալով բացվեցին, և թմբուկների համաչափ զարկերի ներքո մանիպուլները ելան միջնաբերդից ու սեղմվելով ՝ կրիա կազմեցին ։ Նրանց վրա նիզակներ ու քարեր էին նետում, փորձում էին այրել նրանց, հախուռն կերպով գրոհում էին մերթ մեկ, մերթ մյուս կողմից, ճեղքվածքներ էին որոնում, առավել համարձակները ձիգ էին տալիս վահաններից, բայց կրիային կանգնեցնելն անհնարին էր ։ Սեպի պես խրվելով ամբոխի մեջ ՝ այն բացվեց միանգամից, և հռոմեացիք խրոխտ կանչերով հարձակվեցին եգիպտացիների վրա ։ Սոսկալի ջարդ սկսվեց, և եգիպտացիք միմյանց ոտնատակ տալով ՝ խուճապահար փախան ։ Մանիպուլները նոր էին վերադարձել միջնաբերդ, երբ իմպերատորին զեկուցեցին, որ նավահանգստում եգիպտական կանոնավոր զորք է հայտնվել և գրոհում է ալեքսանդրիական նավատորմի վրա ։ Կեսարը շտապով գնաց դիտահարթակի հակադիր կողմը և տեսնելով, թե որպիսի ոգևորվածությամբ են բարբարոսները հարձակվում դիրքերի վրա, անմիջապես հասկացավ նրանց մտադրությունը. տիրելով նավերին, նրանք կգրոհեին հռոմեական տորմիղի վրա, որ հեռու էր ափից ու գրեթե անպաշտպան ։ Նա հրամայեց այրել եգիպտական բոլոր նավերը, իսկ երբ ամեն ինչ կորավ թանձր ծխի մեջ, փոքրիկ մակույկով սուրհանդակ ուղարկեց տորմիղի հրամանատար Բրուտոսին, որպեսզի նա արագընթաց մի նավ ուղարկեր Հունաստան ՝ օգնական լեգեոնների ետևից ։
Կլեոպատրայի ենթադրությունը, որ կոտորածը չի սաստի ամբոխին, ճիշտ դուրս եկավ ։ Մեկ ժամ էլ չէր անցել, երբ փողոցներում մարդկային ստվար զանգվածներ երևացին ։ Նրանք այլևս հախուռն կերպով չէին հարձակվում միջնաբերդի վրա, այլ փողոցները փակում էին քարերով, գերաններով, մերձակա տներից դուրս թափված իրերով ։ Դիտահարթակից հռոմեացիք նայում էին, թե ինչպես է ամբոխը խցանում բոլոր ուղիները, և անզոր էին որևէ կերպ խանգարել նրանց ։ Երեկոյան կողմ քաղաքի կենտրոն տանող բոլոր ուղիները բարիկադավորված էին, զինված պահակներ էին կարգված խաչմերուկներում ու անկյուններում ։
Հաջորդ օրերին եգիպտացիների թիվը տասնապատկվեց. ալեքսանդրիացիք բանագնացներ էին ուղարկել մարզերը, և անթիվ անհամար ջոկատներ էին գալիս բոլոր կողմերից ՝ իրենց հետ բերելով զենք և բազմապիսի մեքենաներ ։ Նրանք փողոցներում զինվորական արհեստանոցներ էին բացել ու զենք էին կռում, զինել էին բոլոր ստրուկներին, բանտերից ազատել կալանավորներին. հարուստները հոգում էին նրանց կարիքները ։ Նրանք դիակներ էին նետում միջնաբերդ գնացող ջրանցքի մեջ, և հռոմեացիք մնացել էին առանց խմելու ջրի ։ Կեսարը հրամայեց խոր փոսեր