Նրա հանգստությունն անհասկանալի էր Կլեոպատրային, քանի որ տեղյակ էր, որ
նա Եգիպտոս է եկել ընդամենը մի լեգեոնով։ Բայց գերադասեց հարցեր չտալ և
անշշուկ մոտենալով՝ փարվեց նրան թիկունքից։
Կեսարը շրջվեց ու արձանացած նայում էր թագուհու սիրատենչ աչքերին, որոնց մեջ
նա կրքի անհատակ օվկիաններ տեսավ։
— Փաղաքշիր ինձ,— թախանձեց Կլեոպատրան՝ գգվելով նրան։
— Կարող էիր ա՛յլ կերպ երախտահատույց լինել,— ասաց իմպերատորը չոր։
— Փաղաքշիր ինձ,— կրկնեց Կլեոպատրան. նրա ձայնը թրթռում էր ցանկագրգիռ
հույզերից, նա փակել էր աչքերը և լուսներես դեմքը պարզել իմպերատորին։
Կեսարին անբացատրելի դող համակեց, նրա ձեռքերը չէին ենթարկվում իրեն և
կարկամեց մի պահ, երկյուղելով թագուհու աստվածային վեհությունը պղծել իր
բիրտ մատերով, ու լուռ խոնարհվելով՝ համբուրեց նրա ձիգ պարանոցը։
Կլեոպատրան փակ աչքերով գտավ նրա շուրթերը և շշնջաց երկարատև ու շնչարգել
համբույրից հետո.
— Ես սպասել եմ այս պահին մի ողջ հավերժություն։
Կեսարը զարմացած նայեց նրան։
— Ես դեռ աղջնակ էի, երբ Հույսի համաստեղության մոտ նշմարեցի քո Աստղը. բոլոր
նշանները նախանշում էին մեր հանդիպումը, և ես սպասում էի սրտի թրթիռով։ Ինձ
քո մասին լուրեր պետք չէին. ուսուցիչներս ինձ աստղագիտություն են սովորեցրել, և
ես ամեն ինչ իմանում էի երկնային մարմինների ընթացքին հետևելով։ Այս ամենը
անհավատալի՞ է թվում քեզ,— հարցրեց Կլեոպատրան անդիմանալի թովչանքով։
— Ոչ, ինչու. աշխարհն անիմանալի է,— պատասխանեց Կեսարը՝ զգալով, որ
կորցնում է ժամանակի ու տարածության զգացողությունը։
Գլուխ երկրորդ
Առավոտ կանուխ տղամարդու բողոքող ձայն լսվեց նախասենյակից, ապա դուռը
բախեցին, սկզբում զգույշ, հետո ավելի համարձակ։ Եվ հրավերի չսպասելով՝
թագուհու ննջարան սողոսկեց քնաթաթախ մի սպասուհի, լուր բերելով, թե
քաղաքում կռիվ է սկսվել և որ Կեսարի զինվորները սպասում են իմպերատորին։
Կլեոպատրան այլայլված նստել էր անկողնում և անխոս նայում էր հապճեպորեն
հագնվող Կեսարին։
— Երդվում եմ բոլոր փարավոնների ուրվականներով՝ Պոթինոսի պատճառով է,—
շշնջաց նա։
Լուսաբացին հռոմեացիների ճամբարի մոտ եգիպտացիներ էին երևացել և
ձևացնելով, թե լուր են բերել Կեսարին՝ հրդեհել էին մի քանի վրան ու ճողոպրել։ Այս
միջադեպը ազդանշան էր հանդիսացել մյուսների համար, և շատ չանցած՝ ճամբարի
մատույցներում զինված բազմություն էր հայտնվել։
Երբ Կեսարը ելավ դիտահարթակ, ամբոխը քարեր ու այրվող լաթ էր շպրտում
ճամբարի վրա։ Հռոմեացիք, որ կռվի բռնվելու հրաման չունեին, պաշտպանվում էին՝
ատամները սեղմած։ Կեսարը հրամայեց բացել միջնաբերդի դարպասները և լեգեոնը