Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 245

— Ես արգելում եմ քեզ առանց իմ գիտության հեռանալ պալատից կամ լուր ուղարկել որևէ մեկին, ու եթե այսուհետ խաբես ինձ, կկախեմ քեզ Ալեքսանդրիայի ամենաբարձր աշտարակից՝ ի տես ամենքի։ Եվ թող հայտնի լինի քեզ, որ ինձ համար ավելի դժվար է խոստանալ, քան խոստումը կատարել։ Պոթինոսի պարարտ դեմքին արյան ջղագծեր երևակվեցին, նա փնչացրեց բանող անասունի պես հուժկու, մրթմրթաց քթի տակ, բայց իմպերատորի ազդու տեսքը նրան ստիպեց անորոշ ժամանակով հետաձգել իր կարծիքի հայտնումը։ — Գնա՛,— կարգադրեց նրան Կեսարը։ Պոթինոսը կտրուկ շուռ եկավ ու առանց գլուխ տալու հեռացավ քամու պես արագ։ — Զուր թողեցիր նրան,— ասաց Կլեոպատրան, երբ ներքինին անհետացավ դռների ետևում։ — Նա իմացավ՝ ում հետ գործ ունի,— պատասխանեց Կեսարն ինքնաբավությամբ։ — Այո, բայց դու չգիտես՝ ում հետ գործ ունես։ Եգիպտոսի թագավորը հիմա իմ եղբայրը չէ, այլ Պոթինոսը։ Եղբայրս առանց նրա ոչ մի քայլ չի անում, ինչպես մանչուկն առանց դայակի, և Պոթինոսը, որին հայրս, թող հավերժ պայծառ լինի նրա հիշատակը, ընծա էր ստացել մի հայ վաճառականից, դարձել է այժմ Առաջին խորհրդական։ Այդ նա է վտարել ինձ Ալեքսանդրիայից, քանի որ խանգարում էի նրան։ Այս ապարանքում ամենքը նրանից երկյուղում են ավելի, քան Օսիրիսից, և նրա խոսքին հետևում են՝ որպես սրբազան պատգամի։ Դու վիրավորեցիր նրա ինքնասիրությունը, մինչդեռ հայրս անգամ զգուշանում էր անել այդ։ Նա սովոր չէ վիրավորանքը կուլ տալու։ — Երևում է նա իսկապես սարսափեցրել է քեզ,— նկատեց Կեսարն առանց հեգնանքի։ — Նա նենգ մարդ է, Կեսա՛ր, դաժան և ստոր. այդ նա՛ է սպանել Պոմպեոսին։ — Անձա՞մբ,— հարցրեց Կեսարը կնճռոտվելով։ — Ոչ, բայց դա արվել է նրա կարգադրությամբ. նրա մարդիկ դիմավորելու են գնացել Պոմպեոսին, իսկ երբ իմպերատորն իջել է նավից՝ մորթել են հարազատների աչքի առաջ։ Նրանք դա արել են քո բարեհաճությունը շահելու համար, բայց երբ իմացան, որ Պոմպեոսի մահն ամենևին չուրախացրեց քեզ, գերադասեցին լռել այդ մասին։ Կեսարը սարսուռ ապրեց՝ պատկերացնելով, թե ինչպես են բարբարոսները կնոջ ու զավակների ներկայությամբ կտրում Մագնիայի գլուխը։ Բռունցքով զրահին խփելով՝ նա այլայլված սրահի մի անկյունից մյուսը քայլեց, ապա կտրուկ դեպի դռները գնալով՝ լիկտորներին կարգադրեց անհապաղ սպանել Պոթինոսին։ Կլեոպատրային համակ ուրախություն տիրեց, բայց նա նույն պահին մռայլվեց և ասաց. — Վաղը ողջ Ալեքսանդրիան կելնի քո դեմ։ Իսկ Կեսարը, որ լուսամուտից նայում էր ծովին, արտաբերեց ծայրագույն հանգստությամբ. — Մի՛ սարսափեցրու ինձ խուժանով. ես հզոր բանակներ եմ ջախջախել։