— Պատերն այստեղ ոչ միայն ականջ ունեն, այլև աչքեր,— Կլեոպատրայի դեմքը լարված էր,— ա ՛ յ, հիմա դանդաղ շրջվիր և, իբր պատահաբար, ուշք դարձրու փարավոնի դիմակին, որ կախված է պատից ։ Պատի ետևում մարդ կա. ես զգում եմ նրա շնչառությունը ։
Կեսարը կասկածելի ոչինչ չնկատեց, բայց թագուհու խոսքերը փշաքաղեցրին նրան ։ Սակայն դա կարճ տևեց, և նա ասաց.
— Կողքի սենյակում իմ զորապետերն են, և օտար ոչ ոք չի կարող լինել պատի ետևում ։
Այդ միջոցին նա դիմակի ակնախոռոչներում լույսի շողք նշմարեց, որ նման էր հեռացող ջահի ցոլքի ։
— Այնտեղ իսկապես մարդ կա,— շշնջաց նա և քայլ արեց դեպի դուռը ։
— Զուր ջանքեր,— Կլեոպատրան պահեց նրան և հայացքով հասկացրեց հեռանալ պատից ։— Հարևան սենյակում դու կասկածելի ոչինչ չես գտնի. պատերն այստեղ սնամեջ են, դրանք երբեմն բացվում են անսպասելի, և մութ կերպարանքներ են լցվում սրահ ։ Դու ծիծաղո ՞ ւմ ես. նրանք կխեղդեին ինձ, եթե Ապոլոնոդորոսը չհասներ ։ Շատերն են այստեղ կյանքից հեռացել առեղծվածային մահով կամ նույնիսկ չքացել ։ Այդ բոլորը պալատական ներքինու ՝ Պոթինոսի ձեռքի գործն է, և ես եկել եմ հայտնելու քեզ, որ զգուշանաս նրանից ։ Հիմա նրան տեղեկացրին իմ այստեղ գտնվելու մասին, և նա կջանա այս գիշեր սպանել ինձ ։
— Ո ՞ վ է այդ Պոթինոսը,— հարցրեց Կեսարը մռայլված ։— Նա ՞, որ պճնված էր պուպրիկի պես ։
Կլեոպատրան գլխով արեց ։
— Սպասիր, սպասիր,— ինչ-որ բան մտաբերելով ՝ ասաց Կեսարը,— նա պնդում էր, թե դու մեկնել ես Անտիոք ։
— Նա չէր ուզում հրավիրես ինձ Ալեքսանդրիա ։— Ուրեմն նա խաբե ՞ լ է ինձ,— Կեսարը փոթորկվեց ։
— Դա նրա համար սովորական բան է,— ասաց Կլեոպատրան ՝ խոսքն ուղեկցելով ձեռքի նուրբ շարժումով ։
— Ափրոկլե ՛ ս ։ Ազատարձակը ներս մտավ ։— Կանչի ՛ ր ինձ մոտ Պոթինոսին ։
Տեսնելով թագուհուն ՝ ներքինին մռայլվեց, բայց ուժ գտավ իր մեջ ողջունելու նրան այնպես սիրալիր, ասես անքուն գիշերներ էր լուսացրել կարոտից ։
Կլեոպատրան չպատասխանեց և նրան նայում էր անթաքույց արհամարhանքով ։ Կեսարը բազուկները խաչեց կրծքին և խեթ նայելով ներքինուն ՝ շպրտեց.
— Հռոմի սենատն ինձ գործուղել է խաղաղություն հաստատելու այստեղ, և ես գործելու լիակատար ազատություն եմ ստացել. դա քեզ որևէ բան ասո ՞ ւմ է ։
Պոթինոսը նրան նայում էր արձանի գունատությամբ ։