Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 243

Կեսարը նշան արեց Ափրոկլեսին, որպեսզի ընդունի նվերը, բայց զինվորը թույլ չտվեց մոտենալ գորգին՝ ասելով, որ իր տիրուհին թախանձագին խնդրել է նվիրատվության պահին իմպերատորից բացի օտար ոչ ոք ներկա չգտնվի։ Շփոթված զորավարները նայեցին Կեսարի կողմը, իսկ նա, խորհելով մի պահ, խնդրեց մենակ թողնել իրեն։ Զորավարները դուրս եկան սրահից՝ չմոռանալով զինաթափել եգիպտացուն։ Երբ մնացին երկուսով, զինվորը քանդեց կապանքներն ու ծկնի գալով՝ զգուշորեն բացեց գալարները։ Ջահել մի կին ելավ գորգի միջից, մոտ քսաներկու տարեկան, և սրահի առատ լույսից աչքերը կկոցելով՝ շուրջը նայեց։ Գինեգույն հագուստով էր նա, որ պարանոցի մոտ և փեշերին ասեղնագործված էր ոսկեթելով։ Բազմակն կրծքազարդ էր կրում նա, որ վերուվարում էր պիրկ ստինքների ցանկագրգիռ խաղից։ Նա նուրբ էր աստվածուհու նման, նազելի գլուխն այնպես փառահեղորեն էր նստում ուսերին, որ Լիսիպոսը կխենթանար նրա տեսքից։ Նրա կեցվածքը հանդուգն էր ու անհնազանդ, և նա Կեսարին նայում էր սևեռուն հայացքով՝ կամար հոնքերի տակ փայլեցնելով ծովագույն աչքերը, որոնցում կանացի անիմանալի թովչանքի հետ միասին նենգ խորամանկություն էր խայտում։ — Մենակ թող մեզ, Ապոլոդորո՛ս,— կարգադրեց նա զինվորին։ Դժկամությամբ գլուխ տալով, Ապոլոդորոսը ելավ սրահից։ Կեսարը մոտեցավ նրան և ասես համոզվելու համար, որ իր առջև մարդ արարած է, ոչ թե տեսիլք, մատների ծայրով զգուշորեն դիպավ քանդակածո ուսերին ալիքվող շագանակագույն վարսերին։ Ապա այրական ջերմացնող հայացքով նայելով իր առջև կանգնած կնոջը՝ պտտվեց նրա շուրջը, հետո նրա ծով աչքերի մեջ նայելով՝ խոսեց, ավելի շուտ ինքն իր հետ. — Ահա թե ինչպիսին է Արևի ընտրյալը՝ շողազարդ Կլեոպատրան։ Ես այլևս չեմ զարմանում, թե ինչու են նրա երկրպագուները մերժվելով՝ խողխողում իրենց։ — Հուսով եմ՝ Կեսարն ուժ կգտնի իր մեջ և չի խողխողի իրեն,— պատասխանեց Կլեոպատրան աչքերը փայլեցնելով։ Հետո քաղցր ժպիտը նրա դեմքից վայրկենապես չքացավ, և նա գլուխը բարձր պահած՝ մոտեցավ սեղանին փռված քարտեզին։ Մի քանի վայրկյան լուռ զննեց այն, ապա ասաց ցածրաձայն. — Դու այստեղ զորապետերիդ հետ ծրագրեր ես կազմում, մինչդեռ ոչինչ գաղտնի չի մնում նրանց համար, և քո հրամանները նրանք իմանում են ավելի վաղ, քան դրանք կհասնեն քո զինվորներին։ — Ու՞մ նկատի ունես,— հարցրեց Կեսարը՝ մոտենալով թագուհուն։ — Այդպես էլ գիտեի,— Կլեոպատրան ծարիրված կոպերի տակից նայեց իմպերատորին։— Նրանք քեզ, իհարկե, ընդունել են շքեղորեն, քաղցր խոսքեր են շռայլել ու գուցե նաև պառկել են ոտքերիդ տակ։ Այն, որ թագուհին խոսում էր ցածրաձայն, գրեթե շշնջալով, խորին ազդեցություն թողեց Կեսարի վրա, և նա աներևույթ մի վտանգ ակնկալելով՝ ձեռքը մեքենայորեն տարավ դեպի սուրը։