Մասն վեցերորդ
Գլուխ առաջին
Ալեքսանդրիայի թագավորական պալատը, որ կառուցել էր Ամենհոտեպ Չորրորդ
փարավոնը ի պատիվ Աթոն աստծո, իր գլխավոր մուտքով նայում էր դեպի ծով և
զանազան սրբերի ու դիցաբանական հերոսների արձաններով եզերված
աստիճանաշարով միանում էր նավահանգստին, որ տարածվում էր ապարանքի աջ
և ձախ կողմերում։ Պալատի հարևանությամբ, ցածր պարսպով բաժանված նրանից,
առափնյա շուկան էր, ուր տարվա բոլոր եղանակներին առևտուր էին անում
անդրծովյա վաճառականները։
Այն աշխույժ էր սովորականի պես, և կարծես բոլորովին եգիպտացիների հոգը չէր,
որ Կեսարի հետ եկած լեգեոնը տեղավորվել էր անմիջապես շուկայի
հարևանությամբ ու ռազմական տրիրեմներ և քվադրիրեմներ էին օրորվում
առևտրանավերի կողքին։ Հռոմեացի զինվորներ էին ամենուր, որոնց կարմիր
թիկնոցներն ու փետրազարդ սաղավարտներն աչքի էին զարնում շուկան հեղեղած
բազմության մեջ։ Լեգեոնը, որ Եգիպտոս էր ժամանել Պոմպեոսին արգելելու
զորահավաք անցկացնել՝ ափ իջնելուն պես տեղեկացել էր, որ Կեսարի
բարեհաճությունը շահելու նպատակով ալեքսանդրիացիք սպանել են պարտված
զորավարին։ Լեգատներից ոմանք պատերազմը համարում էին ավարտված և
փորձում էին Կեսարին համոզել վերադառնալ Հռոմ։ Ուրիշները գտնում էին, որ
հարկավոր է անհապաղ նավարկել դեպի Ուտիկե, ուր Կատոնը բանակ էր ժողովում
Հոբաս Հռոմեատյաց թագավորի աջակցությամբ։ Կեսարը մեկ օր անգամ չէր մնա
Եգիպտոսում, որի մարդիկ ամենքին էին հայտնի իրենց զազրելի բարքերով, բայց
աֆրիկյան այդ երկրում քաղաքական իրավիճակը պահանջում էր առժամանակ
հետաձգել մեկնումը։ Պտղոմեոսի մահից հետո վեճ էր ծագել նրա ժառանգների միջև,
որը սպառնում էր պատերազմի վերածվել։ Գահին տիրել էր Պտղոմեոսի
տասնյոթամյա որդին, սակայն նրա քույր Կլեոպատրան դժգոհ այդ ամենից իրեն
հայտարարել էր Նեղոսի Վերին Հոսանքների թագուհի և բանակ էր ժողովում եղբոր
դեմ։ Պատերազմի դեպքում Հռոմին հացի սակավություն էր սպառնում, և Կեսարը
գտնում էր, որ լեգեոնի Եգիպտոսում մնալն անհրաժեշտություն է։
Կեսգիշերին մոտ էր արդեն, երբ թագավորական պալատի գահադահլիճ, ուր
ռազմական խորհուրդ էր գումարված, մտավ Ափրոկլեսը և զեկուցեց, որ մի զինվոր է
եկել Վերին Եգիպտոսից և պնդում է, թե կարևոր բան ունի հաղորդելու։
Զորավարները տարակուսանքով նայեցին միմյանց։
— Նրա ձեռքին գորգ կա, և նա ասում է, թե ընծա է բերել Կլեոպատրա թագուհուց։
— Ներս հրավիրիր,— կարգադրեց Կեսարը, և ամենքի հայացքներն ուղղվեցին դեպի
դռները։
Ներս մտավ պարթևահասակ մի զինվոր, բոսորագույն քղամիդով, որ ոսկե շղթայով
ամրացված էր ուսին։ Նա գորգը դրեց ոտքերի մոտ, զորավարներին ողջունեց
հունարեն և ջանալով հավաքվածների մեջ զանազանել իմպերատորին՝ ասաց.
— Նեղոսի դուստրը, Վերին Հոսանքների և Լիբիայի թագուհին, արեգնափայլ
Կլեոպատրան ուղարկել է մեծապատիվ Կեսարին սույն ընծան։