Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 241

— Հանձնի ՛ ր ճամբարը,— ասաց Մագնիան Բրուտոսին, իսկ ինքը թիկնապահների հետ սուրաց դեպի ճամբարի հակադիր ելքը ։
Հևասպառ եկան Ահենոբարբը, Սկիպիոնը, մյուս լեգատներն ու տրիբունները և հեռուն նայող Բրուտոսի տեսքից կռահեցին ամեն ինչ ։
— Երկչոտ արարա ՛ ծ,— թունոտ նետեց Սկիպիոնը,— գոնե ստրուկի քաջություն չունեցար ։
Այդ միջոցին դարպասները տապալվեցին ճռնչալով, և Կեսարի զինվորները խուժեցին ճամբար ։ Նրանք անխնա կոտորում էին բոլորին, նրանց չէին զգաստացնում ո ՛ չ գթության աղերսները, ո ՛ չ պարտվածների հիշեցումն այն բանի, որ իրենք ևս քաղաքացին են նույն պետության. անսահման էր վերջին ամիսների տառապանքներից ծնունդ առած ատելությունը ։
Սպանդը դադարեց միայն այն ժամանակ, երբ ճամբարում երևաց Կեսարը ՝ Անտոնիոսի և մյուս զորապետերի ուղեկցությամբ ։ Պարտված զինվորները փռվում էին նրա ճանապարհին և գթություն աղերսում, ու նա ճանաչում էր շատերին ։ Նրան լուր բերին, որ Պոմպեոսը փախել է, իսկ նրա զորավարները հաղթանակած իմպերատորին սպասում են պրետուարում ։ Կեսարը նժույգը վարեց դեպի պրետուար և սպաների մեջ տեսնելով Բրուտոսին ՝ ողջ և անվնաս, թեթևացած շունչ քաշեց ։ Նրանց հայացքները հանդիպեցին, և երկար ժամանակ անթարթ նայում էին միմյանց ։
— Մարկո ՛ ս,— դարձավ իմպերատորը լեգատին,— բոլոր նրանց, ովքեր կկամենան կռվել իմ դրոշի տակ ՝ ընդունիր բանակ, մյուսները թող հեռանան ։
Անտոնիոսը չկամեցավ իր անհամաձայնությունը հայտնել գերյալ պատրիկների ներկայությամբ, բայց երբ հեռացան պրետուարից ՝ ասաց տագնապած.
— Ես չէի ների նրանց, Կեսա ՛ ր ։ Դու մոռանում ես, որ նրանք հռոմեացի են և նրանց համար չկա ավելի վիրավորական բան, քան այն, երբ իրենց խղճում են ու կյանք բաշխում ։ Դա վրեժխնդրություն է ծնելու նրանց հոգում, նրանք տառապելու են և չեն մոռանա իրենց այս ստորացումը, որ երկնչեցին ինքնասպան լինել ՝ ինչպես վայել է խիզախ զորականին ։ Նրանք քո դեմ կելնեն առաջին իսկ հնարավորության դեպքում ։
— Գուցե դու ճիշտ ես, Մարկո ՛ ս,— խոստովանեց Կեսարը,— բայց անհնար է դաժանություն պահանջել մի մարդուց, որը բարեսիրտ է ի բնե ։
— Քո հանգստությունն ապշեցնող է, քո մեղմությունը կկործանի քեզ,— Անտոնիոսը փոթորկվում էր ։— Նրանք այդպես բարեգութ չէին լինի, եթե մե ՛ նք գլխահակ կանգնեինք նրանց առաջ ։ Դու կասկածո ՞ ւմ ես ։ Հանուն Օպիոսի հիշատակի դու պիտի պատժես նրանց ։
Կեսարը մռայլվեց ու երկար ժամանակ լուռ էր ։
— Ես արդար չեմ լինի աստվածների ու խղճիս առաջ,— վերջապես խոսեց նա,— եթե տարբերություն դնեմ նրանց մեջ, իսկ մեռցնել ՝ բոլորին չէ, որ կկամենայի ։
Մարկոսը հասկացավ ակնարկը ։— Կամքը քոնն է,— ասաց նա,— բայց թույլ տուր ինձ հսկել նրանց ամեն քայլը ։