Զինվորները փոխանցեցին նրա սուրը, բայց ուշ էր արդեն. Օպիոսը ջղաձգվեց, նրա շուրթերն անհասկանալի ինչ-որ բառ արտաբերեցին, ապա խաղաղություն իջավ նրա գունատ դեմքին ։
Կեսարն ինքն էլ չհասկացավ ինչպես ձեռքն առավ Օպիոսի սուրը և ինչպես, յուրայիններին հրմշտելով, գնաց դեպի ռազմի գիծը ։ Նրա սիրտը խորին ատելությամբ էր լցված, և շուրջը ոչինչ չէր տեսնում ։
« Վրե ՛ ժ, վրե ՛ ժ, վրե ՛ ժ »,— անընդհատ հնչում էր նրա ունկերում ՝ խլացնելով ռազմադաշտի ամեհի դղիրդը ։ Որքան առաջանում էր, այնքան նրա քայլերն ավելի վճռական ու հաստատ էին դառնում ։ Նրա դեմքը մթագնել էր կատաղությունից, աղեղ հոնքերի տակից մռայլված նայում էր անորոշ հեռուն, և նրա շուրջը վազվզող զինվորներն անդեմ ու լղոզված էին երևում ։ Անսահման էր վրեժի տենչը և ոչինչ այլևս չէր կանգնեցնի նրան ու նա մեն-մենակ կգնար աշխարհի ամենահզոր բանակի դեմ անգամ ։ Իմպերատորին լավ ճանաչելով ՝ զինվորները ջանում էին առաջ ընկնել նրանից և թույլ չտալ նրան մենակ խորանալ թշնամու դիրքերի մեջ ։ Նորանոր լեգեոներներ էին ուղեկցում իմպերատորին, և երբ հասան ռազմի գծին, նրանց թիվն անցնում էր հինգ հարյուրից ։ Սակայն տարօրինակ ու անհասկանալի շարժում նկատեցին նրանք թշնամու շարքերում. դասավորության խորքերից, ուր կռիվ բոլորովին չէր գնում, հետևազորը նահանջում էր ու ինչ-որ բան գոռում, որը լսելի չէր նրանց ։ Խառնաշփոթն աստիճանաբար փոխանցվեց առաջին շարքերին, և սրանք, որ կռվում էին հաջողությամբ և այնպես էին նեղել Ռուֆիոնին, որ արդեն խուճապ էր սկսվում նրա զինվորների մեջ ՝ հանկարծ դադարեցին կռվել ու շուռ գալով ՝ դիմեցին դեպի իրենց ճամբարը ՝ բղավելով.
— Մեզ շրջապատում են, մեզ շրջապատում են. Պոմպեոսը լքել է մեզ...
Հեծելազորի անհաջողությունը բոլորովին վհատեցրել էր Պոմպեոսին, իսկ երբ լուր բերին, որ Ափրանիոսը զոհվել է, իսկ Պոլիոնի ջոկատները շրջանցելով դասավորությունը ՝ հայտնվել են թիկունքում, նա անսպասելիորեն շուռ տվեց ձիու գլուխը և զորապետերին ոչինչ չասելով ՝ արշավեց ճամբարի ուղղությամբ ։ Մտնելով վրան, նա թիկնոցը շպրտեց հատակին, զայրույթով պոկեց իմպերատորական բոլոր տարբերանշանները և այլայլված փռվեց աթոռակին ։
— Ամեն ինչ կորավ գրողի ծոցը,— արտաբերեց նա դառնաձայն և պրկված բռունցքները սեղմեց աչքերին ։
Ուշքի եկավ թեթև շրշյունից և արյունոտված աչքերով նայեց դեպի ելքը ։
Բրուտոսը ներս էր մտել ու անխոս կանգնել դռան մոտ ։ Նրա թևին լերդացած արյան հետքեր կային, հագուստը պատռված էր ուսի վրա, աչքերը խամրած էին և նա հազիվ էր մնում ոտքի վրա ։ Նրանք րոպեաչափ լուռ նայեցին միմյանց, և իմպերատորը նրա աչքերում անափ կշտամբանք տեսավ ։ Անկարող ՝ որևէ կերպ արդարանալ, Պոմպեոսը գլուխը խոնարհեց և սառած հայացքով նայում էր գետին ։
— Նրանք մտնում են ճամբար ։ Այս լուրը Մագնիային ցնցեց այնպես ուժգին, ասես ճամբարն անառիկ ամրոց էր ։
— Մի ՞ թե արդեն ճամբարին հասան,— արձագանքեց նա հուսահատ ու տխրաձայն ։ Ապա ելավ և առաջին բանը, որ արեց, այն էր, որ սպասավորին կարգադրեց փախստակի շորեր բերել իրեն ։