Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 238

Օպիոսին դուրս էին բերել կռվողների միջից, նա պառկած էր կողքի՝ միջանցիկ խոցված նիզակից։ Նրա ուսը ևս վիրավորված էր, մի տեգ էր խրված նրա ազդրին, ձեռքի՝ կնեմիդներով չծածկված մկանները փրթված էին ու կախ էին ընկել սարսափազդու։ Կեսարը մինչև վերջին պահը չէր հավատում իրեն հասած լուրերին, բայց երբ տեսավ Օպիոսի արնաշաղախ մարմինը, հառաչանքով ծնկի եկավ ու դողացող ձեռքերով գրկեց նրա գլուխը։ Օպիոսը աչքերը բացեց, անորոշ հայացքով մի պահ նայեց երկինք, ապա դժվարությամբ ճանաչելով իմպերատորին՝ փորձեց ժպտալ, բայց նրա դեմքի մկանները կծկվեցին ցավագին։ — Դիմացիր,— շշնջաց Կեսարը՝ զգալով, որ ձայնը դավաճանում է իրեն,— ամեն ինչ լավ կլինի։— Նրա դեմքի վրայով արտասուքի կաթիլներ գլորվեցին, և նա դիմեց շուրջը խմբված զինվորներին. — Շտա՛պ, պատգարակ բերե՛ք լեգատի համար, կանչեք բոլոր բժշկողներին, մոգերին, հեքիմներին։ — Կարիք չկա,— չորացած շուրթերը մի կերպ շարժելով՝ արտաբերեց Օպիոսը։ Կոհորտաների երրորդ շարքի հետ մարտի մեջ մտած երկու զինվոր միմյանց հերթ չտալով պատմեցին, որ երբ իրենք խորացան թշնամու դիրքերի մեջ, զարմանքով նկատեցին, որ հակառակորդի շարքերի մեջ ռազմագծից հարյուր քայլ այն կողմ զինվորների տարօրինակ խլրտում կա։ Նրանք կռվելով առաջացել էին և տեսել երկու կենտուրիոնի հետ թիկունքթիկունքի տված թշնամու անհաշիվ զինվորների դեմ կռվող Օպիոսին։ Մինչ նրանք հասել էին օգնության, կենտուրիոնները զոհվել էին, իսկ բոլոր կողմերից շրջապատված լեգատին խոցել էին թիկունքից։ Զինվորներն ապշած պատմում էին, թե ինչպես էր Օպիոսը կռվում տաս-տասնհինգ թշնամիների դեմ, ինչպես էր նա, չնայած ծանր մարմնին, ոստոստում արտույտի թեթևությամբ, ինչպես էր օձի ճկունությամբ ու աքիսի արագաշարժությամբ խույս տալիս հարվածներից ու ամեն անգամ պրծնում թեթև վերքերով, ինչպես էր ուժասպառ ձևանալով՝ հրապուրում թշնամիներին և մի ակնթարթում փողոտում հինգ-վեց հոգու։ Զգալով, որ մահն անխուսափելի է, նա նետել էր վահանը և մի ձեռքում սուրը, մյուսում՝ դաշույնը՝ խելահեղ մռնչոցով առյուծի նման հարձակվել իրեն շրջապատողների վրա և տասնյակ դիակներ փռել իր շուրջը։ Վազքով եկան բժշկողները։ Նրանք այրված լաթի կտորներով դաղեցին լեգատի վերքերը։ — Հեռու տար նրանց, Կեսար,— աղերսեց Օպիոսը՝ ցավից կծկվելով։ Նա դժվարությամբ էր շնչում, արյունը կրծքից ու մյուս վերքերից հոսում էր առվակներով, աչքերը մթագնել ու հետզհետե դառնում էին անկենդան։ Նա փակեց աչքերը, մի քանի վայրկյան մնաց անշարժ, ապա արտաբերեց հազիվ լսելի ձայնով. — Դու լսո՞ւմ ես ինձ, Կեսար։ — Ես այստեղ եմ, Օպիո՛ս։— Իմպերատորը բաց չէր թողնում նրա գլուխը և օրորում էր նրան մանկան պես։ — Սո՛ւրս, տո՛ւր սուրս...