Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 237

Օպիոսի շուրջը յուրայինների շարքերը նոսրանում էին, տարերքի մեջ նա չէր նկատել, որ կողերից այլևս չեն աջակցում իրեն, ու երբ փորձեց նահանջել, սոսկումով տեսավ, որ շրջապատված է բոլոր կողմերից ։
Ժամանակ առ ժամանակ հնչող թմբուկի բամբ ձայնի հետ կոհորտաների մեջ նեղ միջանցքներ էին բացվում, որոնցով վիրավորներն ու հոգնածները քաշվում էին ետ. թարմ ուժեր էին փոխարինում նրանց ։ Սա կատարվում էր թե մեկ, թե մյուս բանակում, այն տարբերությամբ միայն, որ եթե Պոմպեոսի ողջ բանակն էր շրջապտույտի մեջ, ապա Կեսարի կոհորտաների երրորդ շարքը չէր մասնակցում կռվին և անհամբեր սպասում էր իմպերատորի նշանին ։
Կռվելը հետզհետե դժվարանում էր, դիակների բուրգերը կաշկանդում էին շարժումները, զինվորները սայթաքում էին լերդացած արյամբ ծածկված գետնի վրա, իսկ վիրավորները կառչում էին նրանց սրունքներից ։ Այս ամենն ի չիք էր դարձնում քաջությունը, հոգու արիությունն ու մարտավարության հմտությունը, և շատ բան կախված էր արդեն կռվողների թվական հարաբերությունից ։ Եվ եղավ մի պահ, որ Կեսարի զինվորներն սկսեցին ետ սեղմվել ռազմագծի ողջ երկարությամբ, որոշ հատվածներում թշնամին խորացավ նրանց դիրքերի մեջ ։ Խուճապ սկսվեց ։
Փողեր հնչեցին, ապա Կեսարը գայիսոնով ինչ-որ շարժումներ արեց օդում ։ Շարքերի մեջ ճեղքվածքներ առաջացան, որոնցով կոհորտաների երրորդ դասավորությունը հորդաց առաջ ։ Թարմ ուժերի հոսքը ոչ միայն կանգնեցրեց Պոմպեոսի հետևակի առաջխաղացումը, այլև նրանք իրենք մի շարք հատվածներում խորացան թշնամու դիրքերի մեջ ։ Շարքերը խառնվեցին, սոսկալի մի խառնաշփոթ ստեղծվեց. նրանք բոլորն էլ նույնատիպ հագուստով էին ու միանման զենքերով և այլևս անհնար էր զանազանել թշնամուն յուրայինից ։ Ոմանք մոլորվել ու թշնամի որոնելով ՝ շվարած պտտվում էին տեղում, հետո խոցում էին առաջին պատահածին, այդպես էլ ժամանակ չունենալով պարզել ՝ ճիշտ էին իրենք, թե սխալ ։
Կեսարը հասկանում էր, որ խառնաշփոթը երկար չի տևի և որ շուտով կրկին իրեն զգացնել կտա հակառակորդի թվական գերակշռությունը ։ Նրա միակ հույսը Պոլիոնի կոհորտան էր, որից ինքը տեղեկություն չուներ բավականին ժամանակ ։ Նա ձգվեց նժույգի վրա, բայց փոշին խանգարեց հեռուն տեսնել ։ Նա սուրաց դեպի Տասներորդ լեգեոնի առաջին շարքերը և ոգևորում էր առանց այդ էլ մոլեռանդորեն կռվող զինվորներին ։ Նա հավատացնում էր իրեն, որ Պոլիոնին ոչինչ չի պատահել և ցանկանում էր աջ թևում նեղել թշնամուն, որպեսզի Պոմպեոսը ստիպված լիներ լրացուցիչ ուժեր փոխադրել այդ կողմը, ինչն էլ կթեթևացներ Պոլիոնի վիճակը ։ Նա երկրորդ սուրհանդակն ուղարկեց Աղինիոսի ետևից, քանի որ առաջինն այդպես էլ չէր վերադարձել ։
Անտոնիոսը մարտը վարում էր մեծագույն հմտությամբ և կռվի ողջ ընթացքում, իսկ այն բոլորում էր արդեն երրորդ ժամը, այդ թևում երբեք խուճապ չէր առաջացել ։
Հանկարծ Կեսարին լուր բերին, որ Պոմպեոսը հեռանում է դեպի ճամբար ։ Եվ իսկապես, հակառակորդի դասավորությունների թիկունքում, այնտեղ, ուր հարթավայրն աստիճանաբար զառիվերում էր, նա ալ թիկնոցով մի հեծյալ նկատեց, որ հեռանում էր մարտադաշտից առանց աճապարանքի ։ Բայց նա չհասցրեց հասկանալ Պոմպեոսի այդ քայլը, քանի որ շնչասպառ եկան մի քանի զինվոր և զեկուցեցին, որ Օպիոսը մեռնում է ։ Ամեն ինչ մոռացած ՝ նա նետվեց դեպի կենտրոն ։